HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Խաչարձանի պերճանքն ու թշվառությունը

Ցուցանակը գողացել են

Տավուշի մարզից Ճամբարակ տանող ավտոճանապարհին ցուցանակ կա, որի վրա գրված է «արձան»: Հետաքրքիր է, որ ճանապարհի մյուս կողմում տեղադրված ցուցանակի գրությունն էլ կիսատ է եւ նորից` «արձան»: Երեւում է` «Խաչի» զորությունն այստեղ չի օգնել, եւ գյուղի անվան առաջին երեք տառը ջնջվել է, կամ էլ դիտավորյալ ջնջել են:

Համայնքի ղեկավար, 40-ամյա Գագիկ Շահնազարյանն ասում է, որ մի կազմակերպություն (որի անունը նա չմտաբերեց) գյուղի մուտքին ու ելքին բնակավայրի անվանումով ցուցանակներ է տեղադրել: Արդյունքում բնակավայրի սկզբին եւ ավարտին ունեցել են 2-ական ցուցանակ, սակայն անհայտ անձինք 2 հատը կտրել-տարել են, մնացել են ջնջված տառերով ցուցանակները: Դիլիջանից 28, մարզկենտրոն Իջեւանից 25 կմ հեռավորությամբ գտնվող Խաչարձանը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, կոչվել է Փոլադ, որը նշանակում է «պողպատ»: Խաչարձանում ադրբեջաներեն շատերը գիտեն, որովհետեւ գյուղի 405 բնակիչները Շամախիից, Շամխորից, Բաքվից, Կիրովաբադից, Դաշքեսանից 1988-90 թթ. այստեղ վերաբնակվածներն են: Գյուղի բարձունքում պահպանվում են ադրբեջանական գերեզմանաքարերը, դրանցից վերեւ Խաչարձանի գերեզմանատունն է: Գյուղի Ճերմակավան հանդամասում պահպանվում են հին վանքի մնացորդները:

Հանրապետական արծվի թեւերի ներքո

Այստեղ հակադրություններն աչքի են զարնում: Անտառապատ լեռներով շրջապատված ձորում հոսող լեռնային գեղեցիկ գետակ, շքեղ բնություն, մաշված կղմինդրով ադրբեջանցիների կառուցած հին, անշուք տներ, տանիքներին ամրացված արբանյակային ալեհավաքներ: Գյուղում միայն Հանրային հեռուստատեսությունն է հեռարձակվում, ուստի բնակիչները ստիպված են ալեհավաքներ տեղադրել: Համայնքապետարանի միահարկ, սպիտակեցված շենքի ճակատին փայտյա մաշված ցուցանակ կա` «Խաչարձանի գյուղապետարան» մակագրությամբ, թեեւ պաշտոնապես «գյուղապետարան» տերմին չկա:

Շենքի մյուս թեւում Հանրապետական կուսակցության գրասենյակն է: «Գիտե՞ք, որ օրենքով արգելվում է համայնքապետարանի շենքում կուսակցության գրասենյակ տեղակայել»,- հարցնում եմ համայնքի ղեկավարին: 2003 թ.-ից ՀՀԿ անդամ Գ. Շահնազարյանն անկեղծորեն ասում է, որ իր անձնական տարածքն է, առանց վարձավճարի Դաշնակցությանն է տրամադրել, համայնքապետարանից ոչ հեռու գտնվող վագոն-տնակն էլ ընտրությունների ժամանակ «Օրինաց երկրին» են տալիս: Գյուղում կոլխոզի գրասենյակ հիշեցնող մի խանութ տեսա, որի պատուհանին 3 տարվա հնության ՀՀԿ նախընտրական պաստառն է` «Նոր աշխատատեղեր, զարգացող գյուղ, բարձր կենսաթոշակ» եւ այլ կարգախոսներով:

«Զարգացող գյուղի» ճանապարհները կիսաքանդ են, 115 առանձնատներից 20-ի դռները` փակ: Դրանց տերերը Ռուսաստանում են, նրանք չեն ցանկանում տները վաճառել: Գ. Շահնազարյանն ասում է, որ վերջին անգամ մի երեւանցի է այստեղ տուն գնել 2 տարի առաջ` 10 հազար դոլարով:

Բյուջեն` հանց դատախազի թոշակ

Տավուշի մարզում մոտ 20 փոքր համայնք կա, որոնց բյուջեն մի ստաժավոր դատախազի կենսաթոշակի չափ է: Խաչարձանի այս տարվա բյուջեն 5 մլն 815 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 4 մլն 262 հազար դրամ: Գ. Շահնազարյանն ասում է, որ 2003-ին, երբ ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը, աշխատավարձի եւ սոցվճարի ավելի քան 4 մլն դրամ պարտք կար, սակայն մինչեւ 2009 թ. դեկտեմբերն այն մարել են: Համայնքի բյուջեի «առյուծի բաժինը»` 3 մլն 24 հազար դրամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձն է, 768 հազար դրամն էլ` պարտադիր սոցվճարը: Աշխատավարձերը բարձր չեն. համայնքի ղեկավարը ստանում է 70 հազար (պահումները հանած` մոտ 60 հազար) դրամ, նրա տեղակալը` 50 հազար, առաջին կարգի մասնագետ-հաշվապահը` 40 հազար, ակումբավարի եւ գրադարանավարի գործն անող, օպերատորի հաստիքով աշխատակիցը` 22 հազար հինգ հարյուր դրամ (0.75 դրույք), հավաքարարը` 15 հազար դրամ (0.5 դրույք): Ցածր աշխատավարձի պատճառով թափուր է համայնքապետարանի քարտուղարի հաստիքը, չնայած ազատ աշխատատեղի մասին 2 թերթով հայտարարություն է տրվել: Համայնքապետն ասում է, որ անցյալ տարի համայնքի սեփական եամուտները հավաքագրել են 130 տոկոսով, եւ դա` նաեւ ապառքների գանձման շնորհիվ: Սակայն սեփական եկամուտները շատ քիչ են. հողի հարկ` 947 հազար դրամ, վարձակալության վճարներ` 250 հազար դրամ, գույքահարկ` 59 հազար դրամ: Գյուղի 153 հա վարելահողից շուրջ 100 հա-ն սեփականաշնորհված է, հողերի կեսն է մշակվում, մեծամասամբ ցանվում է բազմամյա խոտաբույս` կորնգան: Չմշակվող հողերը որպես խոտհարք են օգտագործում: «Հողերը ոռոգելի չեն, ցորենն ու գարին էլ չեն արդարացնում, հիմնականում լոբի եւ կարտոֆիլ են մշակում»,- վկայում է համայնքի ղեկավարը: Հողերի զգալի մասը գյուղից 14-15 կմ հեռու է` Ճերմակավանում եւ Գեղատափում, ճանապարհներն էլ վատ են: Գեղատափը (նախկինում` Մուրթել) բնակավայր է համարվում, այնտեղ Շահումյանից բռնագաղթած 40 մարդ է ապրում: Թեեւ համայնքապետի խոսքերով` 86 ծուխ ունեցող գյուղի տնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն է, սակայն խաչարձանցիների ունեցած անասնագլխաքանակը համեստ է` 218 խոշոր եղջերավոր, որից 104-ը` կով, 48-ը` խոզ, 41-ը` ոչխար, 18-ը` ձի, 628-ը` ընտանի թռչուն, նաեւ` 262 մեղվաընտանիք:

«Բաքվից եկածներն անասուն չեն պահում, ծեր, կենսաթոշակառու մարդիկ են»,- բացատրում է համայնքապետը: Գյուղի 41 հա տնամերձի գերակշիռ մասը ինքնահոս ոռոգվում է գետակի եւ սարերից եկող առվի ջրով: Խաչարձանում խմելու ջրի խնդիր կա: Բնակիչները թաղերում տեղադրված ծորակներից են օգտվում: Գյուղացիների կեսը, ով հնարավորություն ունի, սարերից իջնող ջրագծից իր բակ ջրատար է անցկացրել:

Համայնքապետը ներկայացնում է վերջին տարիներին կատարված աշխատանքները: Դրանք քիչ են, ուստի նա տարիներ առաջ կատարված գործերն էլ` 2003-ին պետբյուջեի միջոցներով երկու թաղամասերը կապող ճանապարհը եւ 2004-ին GTZ-ի ֆինանսավորմամբ բժշկական ամբուլատորիայի շենքի նորոգումն էլ է թվարկում: Այս տարվա ապրիլի սկզբին ուժեղ քամուց ամբուլատորիայի թիթեղապատ տանիքի մի մասը քանդվել է: Գ. Շահնազարյանի խոսքերով` մինչ դեկտեմբեր այն չնորոգելու դեպքում շենքը կփչանա: 4 տարի առաջ միջնակարգ դպրոցի խաղահրապարակն է ցանկապատվել, 2008-ին դպրոցի հենապատն ու խաղադաշտը դպրոցին կապող կամուրջ է կառուցվել, այս տարի էլ Պարենի համաշխարհային ծրագրի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով 78 աշակերտ ունեցող կրթօջախի դասասենյակները կնորոգվեն:

Միակ մասնավոր ներդրումը «Գոշ ՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից փոքր հիդրոէլեկտրակայանի գործարկումն է: Չնայած կայանն արդեն մեկ տարի գործում է, սակայն համայնքապետարանին միայն հողի հարկ է վճարում, գույքահարկ` դեռեւս ոչ: Համայնքի ղեկավարի պատճառաբանությամբ` ընկերության փաստաթղթերը կիսատ են: Խաչարձանից հեռանում եմ խոհերով, թե այս չքնաղ վայրում պետական աջակցությամբ հնարավոր էր զարգացնել տուրիզմը, փոքր եւ միջին բիզնեսը, անասնապահությունը, որպեսզի չավելանա փակ դռների թիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter