
«Ոսկե ծիրանը» օրհնվեց
Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը: Մեկնարկային ասուլիսով հանդես եկավ փառատոնի տնօրեն, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով շեշտեց, որ «Ոսկե ծիրանը» տարեցտարի առավել հասուն փառատոն է դառնում` հանդես գալով ավելի ու ավելի լուրջ ռեժիսորներով, ֆիլմերով ու պատվավոր հյուրերով:
Փառատոնի բացման օրը նշանավորվեց մի քանի կարեւոր իրադարձություններով: Նախ` ավանդույթի համաձայն` փառատոնի խորհրդանիշ հայկական ոսկե ծիրանը օրհնվեց սուրբ Զորավոր եկեղեցում: Օրհնությանը մասնակցում էին ժյուրիի անդամները, հյուրերն ու ռեժիսորները:
Երեկոյան Կինո Մոսկվայի դիմաց հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ կարմիր գորգի վրա դիմավորեց 72-ամյա կինոլեգենդ, անցած դարի իտալական կինոյի ամենավառ աստղերից Կլաուդիա Կարդինալեին. Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում` Կարդինալեն հայ գաղթականի դերում է հանդես եկել: Անրի Վեռնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը, եւ ֆրանսահայ կինոպրոդյուսեր Ալան Թերզյանը հանդիսավոր բացեցին Անրի Վեռնոյի աստղը: Սերգեյ Փարաջանովի աստղը բացեց ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ բացեցին Համո Բեկնազարյանի եւ Ռուբեն Մամուլյանի աստղերը: Այս բացման արարողությունը ուղեկցվում էր Մարտին Վարդազարյանի ղեկավարած Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ջազային նվագախմբի կատարումներով: Նվագախումբը բացեց «Ջազ-կինո» մրցույթը: Ջազի սիրահարները հայկական ջազ-բենդերի հաճելի մեղեդիները կարող են վայելել փառատոնի ողջ ընթացքում` ժամը 21:00-ից: Փառատոնի բացման ֆիլմը Անրի Վեռնոյի «Մայրիկ»-ն էր: Բացման արարողությունը վարում էր ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավեդիքյանը:
Մեկնաբանել