Հիվանդին օգնություն ցուցաբերում են փողի ծայրը տեսնելուց հետո
Լոռու մարզում վճարովի բուժծառայությունն իրականացվում է մարզպետի հաստատագրած վճարներով: Ըստ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Սամվել Լամբարյանի` դրանք հաշվարկելիս առաջնորդվում են պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվներով և միջինացված գներով` +/- 20-30%:
Բուժծառայությունների վերջնական գները սահմանվում են` ըստ բուժհաստատություններում գործող ներքին կանոնադրության: Կառավարությունը մարզին սոցտողով 4%-ի չափով պետպատվերի տեղեր է հատկացրել` պետպատվերի շրջանակներում չընդգրկված, անապահով մարդկանց օգնելու համար:
«Ոչ մի հիվանդ անօգնական չի մնում մեր համալիրում,- ասում է Վանաձորի Լ. Արեշյանի անվ. թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենի տեղակալ Ա. Եդոյանը, ապա անկեղծանում:- Հիմա անվճար բուժսպասարկում գոյություն չունի: Որևիցե մեկը պետք է վճարի այդ բուժսպասարկման համար. կամ հիվանդը իր գրպանից պիտի վճարի դրամարկղ, կամ պետությունը ներկայացված դեպքի համար պետք է վճարի: Անվճար հիմա ոչ մի բան գոյություն չունի: Վճարումը կատարվում է` ըստ մարզպետի հաստատած գնացուցակի, իսկ անհետաձգելիների ցանկը նախարարի հաստատած անհետաձգելի դեպքերի ցանկն է: Եթե հիվանդը այդ ցանկի մեջ չի մտնում, պարտավոր է վճարել դրամարկղ»:
Բժիշկներն էլ, հայտնի է, մինչև վճարման անդորրագիրը չտեսնեն, հիվանդին չեն զննում: Իսկ նախադեպը կա և կապված է նույն համալիրի բժիշկ Գևորգ Քարամյանի անվան հետ:
Լոռու մարզի Գուգարքի շրջանի Ազնվաձոր գյուղի բնակիչ Սպարտակ Մխիթարյանը բակում փայտ կոտրելիս կացինով կտրել էր մատը (դեպքը եղել է 2009-ին): Տուժածը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Համալիրի բժիշկ Գևորգ Քարամյանը զննել էր տուժածի վնասվածքը և ասել, որ պետք է վիրահատություն կատարի` ամպուտացիա, որի արժեքը 100 հազար դրամ է (այժմ այդ վիրաբուժական գործողությունը նույն հիվանդանոցում արդեն արժե 115 հազար դրամ):
Բժիշկն առաջարկել է, որ տուժածը սկզբնական որոշակի գումար մուծի` արյունը կանգնեցնելու համար, հետո վճարի գումարի մնացած մասը, որը պետական բանկ պետք է գնա: Երբ Գևորգ Քարամյանը տեղեկացել էր, որ Սպարտակը գումար չունի, հրաժարվել էր նրան բուժօգնություն ցուցաբերելուց: Բժիշկը պատասխանատվության չենթարկվեց, քանի որ տվյալ բուժծառայությունը վճարովի էր, և վճարումը միանգամայն օրինական կարգով էր արվելու:
Սպարտակը գնացել էր զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մատն անվճար ամպուտացիայի էին ենթարկել: «Ես ԴՈՒՑ-ում (զինմաս) ընդամենը բանվոր եմ, զիվորական հոսպիտալում պարտավոր չեն ընդունել: Բայց ընդունեցին, ձեռք մեկնեցին լրիվ անվճար: Մատս խաղից կտրվել էր: Հոսպիտալի բժիշկն ասեց` եթե կպցնեմ, չի աշխատելու: Ես իմ հոժար կամքով ասեցի` հեռացրեք: Եթե չօգնեին, իմ հոժար կամքով իմ մատը կհեռացնեի: Չէի կարա ըստեղից, ընդեղից գումար պարտք անեի: Ոչ մեկը չէր տա ինձ էդքան գումար»,- պատմում է Սպարտակը:
Վարչության պետը և բժիշկները հավատացնում են, որ հատկապես մեծ գումարների դեպքում երբեմն մարդասիրական մղումներով հիվանդին հնարավորություն է տրվում գումարը վճարել մինչև դուրսգրվելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել