Արցախում կվերանայվեն բջջային և համացանցային կապի սակագները
Երեկ ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում հրավիրվեց վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված Արցախում կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ու դրան ուղղված պետական քաղաքականությանը:
Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Ռալֆ Յիրիկյանին տասը տարվա ընթացքում ընկերության կողմից հանրապետությունում կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ոլորտի զարգացմանն` ըստ փուլերի` կառավարության ղեկավարը նշեց, որ և խորհրդային, և առավել ևս պատերազմական ու հետպատերազմյան տարիներին բնագավառում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց աստիճանական վերացմանը նպաստել է 2002 թ.-ին «Ղարաբաղ Տելեկոմի» մուտքն Արցախ:
Կառավարության և ընկերության միջև ստորագրված պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր ոլորտի զարգացման նպատակով խոշոր ներդրումներ կատարել Արցախում, ինչը չճանաչված երկրի համար ողջունելի էր: Մինչ օրս «Ղարաբաղ Տելեկոմը» 38 մլն դոլար է ներդրել կապի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը, իսկ ֆիքսված հեռախոսակապի արդիականացման ծրագրերը դեռ շարունակվում են: Ընկերությունն առողջապահական ու բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացրել, ինչը Ռալֆ Յիրիկյանը բնական է համարում այն նկատառմամբ, որ հասարակությանը մատուցած ծառայությունների դիմաց արված գանձումների մի մասը պետք է ուղղել այդ հանրության բարօրությանը:
Ժամանակակից չափանիշներին հասնելու համար, սակայն, անելիքներ դեռ շատ կան: Այդ են վկայում նաև վերջերս հանրության արտահայտած դժգոհությունները ընկերության մատուցած ծառայությունների, մասնավորապես ինտերնետային կապի ցածր որակի, բջջային հեռախոսակապի սակագների և այլնի առումով: Արա Հարությունյանը նշեց, որ Ռալֆ Յիրիկյանի հետ վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային և համացանցային կապի դիմաց սակագների վերանայման վերաբերյալ:
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ամփոփելով կապի ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ընկերության մտադրությունները, նշեց, որ նախատեսվում է բարելավել քաղաքային կապը, լարայինից անցնել ոչ լարային կապի, արդիականացնել ընկերության սարքավորումները, ստեղծել նոր կայաններ: Ռալֆ Յիրիկյանը կարևորում է հատկապես մանրաթելային հաղորդակցության իրագործումը, ինչը հնարավորություն է տալու որակյալ կապ ապահովել ՀՀ-ի հետ, ունենալ էժան և արագ համացանց:
Սակագնային նոր քաղաքականության արդյունքում Արցախը կդառնա մրցունակ և մրցակից Հայաստանի դաշտում: Նրա խոսքերով` սակագնի կտրուկ իջեցումները բացասաբար են ազդելու սպասարկման որակի վրա: Սակայն առաջիկա չորս ամսվա ընթացքում, Ռալֆ Յիրիկյանի հավաստմամբ, շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն:
Դրան զուգահեռ կշարունակվեն ընկերության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն ու բարեգործական ակցիաները: Ի պատասխան համացանցում վերջերս հայտնված տեղեկատվությանը, «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենը հայտարարեց, որ ինքը կողմնակից է կառուցողական, այլ ոչ թե վիրավորական քննադատությանը:
Լրագրողների հարցերին պատասխանելով` Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ԼՂՀ կառավարության հետ ընկերության կնքած պայմանագրի հետ ինքը կապ չունի, պայմանագրի ստորագրման մյուս կողմն ապահովել են բաժնետերը: Իր հերթին կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ընկերության բաժնետիրոջ և գործադիր տնօրենի հետ վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններով պայմանագրի կատարման նոր փուլ է սկսվում, ինչից միայն դրական ակնկալիքներ կան:
Ռալֆ Յիրիկյանը խոստացավ հաճախակի հանդիպել Արցախի լրագրողների հետ և պարզաբանել նրանց հուզող հարցերը:
Այս մասին հայտնում է Արցախի կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել