Հունիսի 6-12-ին 5 մարդ է ջրահեղձ եղել
Հուլիսի 12-ին` ժամը 14:55-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հարակից «Սդղի» կոչվող լճում երեխա է խեղդվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը, կանչի վայր հասնելով, պահանջել է ջրասուզակի օգնություն: Ժամը 16:30-ին տեղի ուժերով ջրից դուրս է բերվել Գորիսի բնակիչ, 1994 թ. ծնված Արման Ավետիսյանի դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:
Հուլիսի 11-ին` ժամը 11:54-ին, ահազանգ է ստացվել, որ Գավառի Արծվաքար թաղամասի անասնագոմերի մոտ` Սևանա լճում, մարդ է խեղդվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 13:34-ին ջրափրկարար-ջրասուզակները լճից դուրս են բերել Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ, 1990 թ. ծնված Մեխակ Շահրիկյանի դին:
Հուլիսի 11-ին` ժամը 19:28-ին, Շիրակի մարզում ստացված ահազանգի համաձայն, Վահրամաբերդ գյուղի եկեղեցու մոտ` Ախուրյան գետը տղամարդ է ընկել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը: Տեղում պարզվել է, որ Ախուրյան գետում լողալիս ջրահեղձվել է Գյումրիի բնակիչ, 1985 թ. ծնված Արմեն Ղարագյոզյանը:
Մինչև ժամը 21:30-ը իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Հաջորդ առավոտյան դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հուլիսի 12-ին` ժամը 09:18-ին, ջրասուզակներն Ախուրյան գետից դուրս են բերել Ա. Ղարագյոզյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:
Հուլիսի 10-ին Վանաձորի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:40-ի սահմաններում Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող արհեստական լճակում ջրահեղձ է եղել նույն քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Արամ Մեհրաբյանը: Դին լճակից դուրս է բերվել տեղի ուժերով:
Հուլիսի 10-ին Կոտայքի մարզից հաղորդել են, որ մարզային փրկարար ջոկատը վերսկսել է Չարենցավանի ջրամբարի ու Արագյուղի պոմպակայանին հարակից տարածքում հուլիսի 6-ին ջրանցքն ընկած, 1985 թ. ծնված Կ. Խոջոյանի որոնողական աշխատանքները:
Աշխատանքների ընթացքում ստացված տեղեկությունների համաձայն` ենթադրություն է արվել, որ Կ. Խոջոյանի դին կարող է գտնվել Արգելի ջրամբարում, և որոնողական աշխատանքները շարունակելու համար անհրաժեշտ է դատարկել Արգելի ջրամբարը:
Հուլիսի 11-ին` ժամը 12:30-ի սահմաններում, մարզի Նոր Գեղի գյուղի այգիների հատվածով անցնող խողովակի մեջ հայտնաբերվել են մարդու մարմնի հատվածներ, որոնք տեղափոխվել են Աբովյանի հիվանդանոցի դիահերձարան: Այնտեղ հարազատները հաստատել են նրանց պատկանելիությունը Կ. Խոջոյանին:
Որոնողական աշխատանքները ավարտվել են, ջրի հոսքն Արգելի ջրամբար` վերականգնվել:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել