Ավտոպատահարներ. մեկ հոգի զոհվել է, 3-ը` տեղափոխվել հիվանդանոց
Հուլիսի 11-ին` ժամը 01:05-ին, Շիրակի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Շիրակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում «Տոյոտա-Պրադո» մակնիշի 04 ՏՏ 414 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1975 թ. ծնված Կ. Գալոյանը, տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից 30 մ հեռավորության վրա` սելավատարում:
Ուղևորներ` 1977 թ. ծնված Ա. Բաղդասարյանը և նրա հասակակից Ա. Ղափլանյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրի «Գյուլբենկյան» հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հուլիսի 10-ին` ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի ՊՆ33-35Տ պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ վարորդ, 1965 թ. ծնված Լևոն Գասպարյանը դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Բերդ քաղաքի ՊՆ հոսպիտալ, որտեղ ստացել է բուժօգնություն և դուրս գրվել:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել