HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղպատի եկեղեցամերձ հրապարակում բացվել է Սայաթ-Նովայի հուշաքարը

Հրապարակն այսուհետև կկրի աշուղի անունը Հունիսի 11-ին` Վարդավառի տոնին, Հաղպատավանքում էր հավաքվել 1000-ից  ավելի ուխտավոր: Այս տարվա Վարդավառը Հաղպատում նոր իմաստավորում էր  ստանալու: «Լոռու ձոր հայրենակցական միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ որոշվել էր Վարդավառի տոնը դարձնել Վարդատոն, որն այսուհետև ավանդաբար պետք է դառնա Սայաթ-Նովայի տոնը: Այս նկատառումից էլ որոշվեց Հաղպատի եկեղեցամերձ հրապարակը կոչել Սայաթ-Նովայի անունով, և հրապարակում, ի պատիվ բանաստեղծի, տեղադրել հուշաքար: Ժամը 11-ին Լոռու մարզի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղպատավանք ժամանած Արտակ Սրբազանը ուխտավորներին պատարագ մատուցեցին` ի պատիվ Հիսուս Քրիստոսի պայծառատեսության: «Այս օրը հայ ժողովուրդը ամենուր, որտեղ գտնվում է, ուխտի է գնում եկեղեցիներ և վանքեր: Բոլոր այդ սրբատեղիները հայությունը համարել է մեր ժողովրդի Քափով լեռը, այսինքն` Հիսուս Քրիստոսը բարձրացավ Քափով լեռը` աղոթք անելու Աստծու առջև: Ահա դուք` ուխտավորներդ, նույնպես բարձրացել եք Քափով լեռը, այն է` Հաղպատանց վանքի այս բլուրը և վանքի օրհնությունն եք ստանում` օրը սկսելով սուրբ և անմահ պատարագով: Աստված Ձեր բոլորի ուխտը ընդունելի անի»,- ուխտավորներին մաղթեց Գուգարաց թեմի առաջնորդը: Անդրադառնալով Սայաթ-Նովային` Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը նշեց, որ Սայաթ-Նովան նույնպես իր կյանքի մի հատվածում բարձրացել է Քափով լեռ և եկել այստեղ` Հաղպատավանք, ու իր կյանքի 20 տարիները անցկացրել ճգնությամբ և աղոթքով: Պատարագից հետո Հաղպատավանքի կամարների ներքո հնչեցին Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Քամանչա», «Աշխարհս մէ փանջարա է» և այլ երգեր` Վանաձորի, Գյումրիի հանրահայտ երգիչների կենդանի կատարումներով և  քամանչահար Հակոբ Հալաբյանի կատարումով: Ժամը 13-ին Հաղպատի եկեղեցամերձ հրապարակում սկսվեց Սայաթ-Նովայի հուշաքարի բացման և հրապարակի անվանակոչման արարողությունը: Ուխտավորներին ողջունեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունների պատգամախոս Արտակ Սրբազանը, ՀՀ Մշակույթի նախարարության կադրերի վարչության պետ Կարո Վարդանյանը, Սայաթ-Նովայի հանրահայտ նկարի հեղինակ, նկարիչ Հրաչյա Ռուխիկյանի դուստր Անահիտ Ռուխիկյանը, ով Հաղպատավանքին նվիրեց իր հեղինակած վերջին ալբոմը: Սայաթ-Նովայի պոեզիային նվիրված խոսքեր ասացին Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Նահապետյանը, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, «Լոռու ձոր հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ Սերգո Երիցյանը և Հաղպատի գյուղապետ Սերգո Քառյանը: Արարողության պատվավոր մասնակիցներ քամանչայի հնչյունների տակ բացեցին Սայաթ-Նովայի հուշակոթողը: Միջոցառման վերջում Սայաթ-Նովայի երգերի կատարմամբ հանդես եկավ  Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter