HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ինձ հետաքրքրում է միայն, որ իմ կերած միրգը համով լինի»

Պաշտոնյաները խոստանում են, որ «Հայկական միրգը» եվրոպական չափանիշների միրգ կարտահանի Եվրոպա Այսօր «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» թեմայով քննարկմանը մասնակից մոտ 60 պաշտոնյաները հարց ու պատասխանի միջոցով պետք է հանրությանը լսելի դարձնեն, թե ինչ է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիը»: Ըստ ծրագրի պատասխանատուների` իրենց նպատակն է նպաստել գյուղական աղքատության նվազեցմանը` ժամանակակից այգեգործության ներդրման ճանապարհով աղքատների ունեցվածքի և եկամուտների ավելացման միջոցով: Ծրագրի կարևորագույն խնդիրներից է նաև արտադրանքի որակի, քանակի և մրցունակության ապահովումը հատկապես ԱՊՀ և եվրոպական շուկաներում: Հայաստանի հողն ու ջուրը աղտոտված է, ինչին նպաստում է նաև Մեծամորի ԱԷԿ-ը: Ուստի, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մեր արտադրանքը կարո՞ղ է մրցունակ լինել եվրոպական շուկայում, որի պահանջներն ավելի խիստ են: «Այդ ուղղությամբ կառավարությունն արդեն որոշակի քայլեր կատարել է: Արդեն ունենք «Օրգանիկ գյուղատնտեսության մասին» օրենք և մի շարք ենթաօրենսդրական ակտեր: Օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրվում է հատուկ հավաստագրեր, որ կարողանան արտահանել: Ատոմակայանի շրջակայքում, որոշ չափորոշիչներով, իրոք չի կարելի այգիներ հիմնել` հատկապես հատապտուղներ, թթենի: Այդ տարածքից դուրս կարող ենք լիակատար բերք ստանալ: Դա վտանգավոր չէ»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ս. Գալստյանը: Թեև օրգանիկ գյուղատնտեսությունից պակաս բերք է ակնկալվում, քան ավանդական գյուղատնտեսությունից, սակայն եկամուտները 3 անգամ ավելի են: «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրով» նախատեսվում է հիմնադրել «Հայկական միրգ» ԲԲԸ: Ընկերությունը պայմանագրեր կկնքի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի մանր արտադրությամբ զբաղվող գյուղացիների հետ: Գյուղացիների հողերը պետք է լինեն 1-3 հա-ի չափով: Նրանց հետ կնքված պայմանագրերով հողերը 12 տարի ժամկետով տրամադրվելու են «Հայկական միրգ» ԲԲԸ-ին: Վերջինս այդ տարածքներում հիմնելու է նոր այգիներ: Առաջին 5 տարվա համար գյուղացիները որևէ հատուցում չեն ստանալու, իսկ երբ այգիները բերք տան, սկզբում եկամուտի 20, ապա 25, իսկ հաջորդ տարի 30 տոկոսը տրամադրվելու է հողի սեփականատեր գյուղացիներին, իսկ 12-րդ տարում այգիները վերջնականապես պատկանելու են գյուղացիներին: Ծրագրի գյուղատնտես, գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գառնիկ Պետրոսյանը «Հետքին» ասաց, որ «Հայկական միրգ» ԲԲԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պետությանն է պատկանելու, սակայն հողերի սեփականատեր գյուղացիներն էլ կարող են մասնակցել այգիների հիմնմանը` որպես բանվոր պայմանագրով աշխատելով նորատունկ այգիներում: Ծրագրով նախատեսվում է ներկայիս «բարձրահասակ» ծառերը փոխարինել ցածրերով, որպեսզի հնարավոր լինի և բուժել դրանք, և բերքն ավելի հեշտ հավաքել: Բացի դրանից` «ցածրահասակ» ծառերը հնարավորություն են տալիս ներկայումս աշխարհում լայն կիրառում ունեցող հատուկ ցանցերի միջոցով ծածկել այգիները, ինչը 100 տոկոսով պաշտպանում է կարկուտից: Առաջարկվում է նաև այգիները ոռոգել կաթիլային եղանակով, ինչն ավելի մատչելի է և արդյունավետ: Ոռոգումն իրականացվելու է ավտոմատ եղանակով, և ծառերը ջրվելու են կաթիլ-կաթիլ: «Գյուղացին միայնակ, 1-2 տոննա բերք արտադրելով, չի կարող շուկա դուրս գալ: Մենք խնդիր ենք դնում, որ մեծաքանակ արտադրանք ապահովենք: Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկից 12 տարի հետո 3 մարզերում հիմնված այգիներից ակնկալվող բերքից ստացվող միայն եկամուտը հասնելու է 5.5 միլիոն դոլարի»,- ավելացնում է Գ. Պետրոսյանը: «Հայկական միրգ» ԲԲԸ-ի նախնական ֆինանսավորումը կառավարությունը տրամադրելու է իր սեփական միջոցներից կամ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից (IFAD) վերցված փոխառություններից: Ընկերությունն ունենալու է 4 հիմնական բաժին` 1. տնկարանային բաժին, 2. այգիների զարգացման բաժին, որը պատասխանատու է լինելու 700 հա նորատունկ այգիների հիմնադրման ու կառավարման, ինչպես նաև բերքի հետագա տնօրինման համար, 3. արտադրանքի տնօրինման բաժին, որն ունենալու է տնտեսվարման կառույց, նախնական սառեցման համակարգ և այլն, 4. մարկետինգի բաժին, որը պատասխանատու է լինելու տեղական և միջազգային շուկայում վաճառքի համար: Նշենք, որ ծրագրում որպես աշխատուժ` նախապատվությունը տալու են կին ֆերմերներին: «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը «Հետքին» ասաց, որ արդեն աշնանը այցելելու են գյուղեր և գյուղացիներին ներկայացնելու են ծրագիրը: «Ծրագիրը պետք է կամավոր լինի, ոչ մի ստիպողական բան չի լինելու: Գյուղացու համար սա լավ բիզնես է, քանի որ հիմա ունի հող, որը չի մշակում, իսկ մի քանի տարի հետո պատրաստի այգի կունենա: Մենք ասում ենք` քեզ համար այգի հիմնենք, սարքենք, պատրաստի տանք քեզ: Մենք չենք ասում` հողը տուր մեզ, գյուղացուց ոչինչ չենք ուզում»,- նշում է Ս. Վիրաբյանը: Նա մեզ հավաստիացրեց, որ այս ծրագրից իրենք «շահ» չունեն, պարզապես ցանկանում են Հայաստանում ստեղծել արդյունաբերական գյուղատնտեսություն: Սակայն նա համամիտ չէ, որ ստեղծվելիք ընկերությունը 100 տոկոսով պետական լինի: «Իմ կարծիքով, ավելի լավ է, որ ծրագրին մասնակցեն նաև արտադրողները, գործարարները: Կարծում եմ` այդպես ավելի արդյունավետ կլինի»,- ասում է Ս. Վիրաբյանը: Այսօրվա քննարկումների մասնակիցների ցանկում ընդգրկված էին նաև Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետները, սակայն նրանք նպատակահարմար չէին համարել անձամբ մասնակցել իրենց մարզին վերաբերող քննարկումներին և ուղարկել էին վարչության պետերին: Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Սերգեյ Բագրատյանն աշխատանքային քննարկմանն ուղղարկել էր քաղաքաշինության վարչության պետին: Երբ փորձեցինք նրանից տեղեկություններ ստանալ, պատասխանեց, որ ոչ մի հարցով մեզ չի կարող օգտակար լինել, քանի որ ինքը «թեմայից հեռու է»: «Ինձ հետաքրքրում է միայն, որ իմ կերած միրգը համով լինի»,- ասաց վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter