ՀՄՀ-Հայաստանը ակնկալում է ստանալ 206.767 դոլարի լրացուցիչ ֆինանսավորում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցի շրջանակներում խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» hիմնադրամ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնում (Փաթեթ II)»-ի 1-ին և 3-րդ Լոտերի պայմանագրերի նախագծերը։
Նիստում հաստատվել են Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք Արտահերթ հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ զեկուցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
Համաձայն Արտահերթ հատկացման հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը կորպորացիայից ակնկալում է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 206.767 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, ընթացիկ եռամսյակի համար հատկացումների 16-րդ հայտով հաստատված և պահանջվող լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 25.253.712 ԱՄՆ դոլար։
Լրացուցիչ ֆինանսավորումն անհրաժեշտ է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի գործունեության շարունակական ֆինանսավորումն ապահովելու համար։ Վարկային բաղադրիչի ընդհանուր գումարը 8.5 մլն ԱՄՆ դոլար է, որի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2010 թ. սեպտեմբերի վերջը։
Օրակարգի մեկ այլ հարցով Խորհրդի անդամները հաստատել են Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում վերականգնվող Ռանչպար 1 պոմպակայանում շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողերի օտարման գործողությունների պլանը։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել