HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտքերի մեջ խեղդված Վրաստանի օրերը հաշվա՞ծ են

Կառավարությունը վստահ է, որ կկարողանա հաղթահարել պարտքի ավելացման եւ տնտեսական աճի ցածր ցուցանիշների ժամանակահատվածը, սակայն տնտեսագետները կասկածում են այս գաղափարի կենսունակության վրա: Տնտեսագետների խոսքերով` Վրաստանի դրությունը գնալով ավելի սպառնալի է դառնում աճող արտաքին պարտքի պատճառով, որը կարող է վտանգավոր չափերի հասնել, եթե կառավարությունը չզսպի պարտք անելու իր ախորժակը: Ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն`մայիսի վերջին կառավարության պարտքը 3.4 միլիարդ դոլար էր կազմում: Սա մոտավորապես 19 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը եւ 28 տոկոսով բարձր է 2009թ. սկզբի ցուցանիշից: Իսկ 2009 թվականի վերջին արտաքին պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի`երկրի տնտեսական մակարդակի կարեւոր ցուցանիշի նկատմամբ գերազանցեց 31 տոկոսը, ի տարբերություն նախորդ տարվա 21 տոկոսի: Մինչ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել`մեծաքանակ պետական նախագծերի ծախսերը հոգալու համար, վերլուծաբանները նշում են, որ տնտեսությունը չափազանց դանդաղ է զարգանում հարկային այնպիսի եկամուտ ապահովելու համար, որը թույլ կտար պետությանն ավելի հեշտությամբ կատարել պարտքերի մարման հետ կապված իր պարտականությունները: «Վերջին երեք տարիների ընթացքում արտաքին պարտքը զգալիորեն աճել է եւ այս միտումը շարունակվում է: Եվրոպական չափանիշներով` Վրաստանի պես երկրի տնտեսության դեպքում պարտքի եւ ՀՆԱ առավելագույն հարաբերակցությունը կարող է 50-60 տոկոս լինել: Վրաստանը դեռեւս այս կետին չի հասել, սակայն այն շարունակաբար շարժվում է դեպի այն», - նշում է Թբիլիսիում Տնտեսական հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար Դավիթ Նարմանիան: Պարտքի վճարումները մեծապես կախված են ազգային բյուջեից, եւ ծրագրվում է, որ դրանք երկրաչափական պրոգրեսիայով այս տարվա 95 միլիոն դոլարից 2012-ին կհասնեն 275 միլիոնի: Նարմանիայի խոսքերով`հատկապես դժվար կլինի վճարել պարտքերը 2013թ., երբ գումարը կհասնի 772 միլիոնի: «Հավանաբար, պետությունը չի կարողանա միայն սեփական միջոցների հաշվին մարել այս պարտքը եւ ստիպված կլինի կրկին պարտք վերցնել», - կարծիք է հայտնել Նարմանիան: Կառավարական պաշտոնյաները թերագնահատում են պետության վարկունակության վերաբերյալ հնչած մտահոգությունները: Ֆինանսների փոխնախարար Դմիտրի Գվինդաձեն նշում է, որ եթե համաձայն կանխագուշակումների`արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ այս տարի կհասնի 37 տոկոսի, «այն կսկսի նվազել 2011-ին, իսկ 2013 եւ 2014-ին կկազմի ընդամենը 28-29 տոկոս: Սա վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ բազում այլ երկրներում, ներառյալ Եվրոպական միության անդամներին, այն գերազանցում է 100 տոկոսը»: Գվինդաձեի խոսքերով`այն, որ կառավարությունը շարունակում է պարտքեր կուտակել, կապված է Ռուսաստանի դեմ 2008թ. պատերազմի հետ, որից հետո միջազգային վարկատուները միջոցներ տրամադրեցին երկրի վերականգնմանն աջակցելու նպատակով: Ճանաչված վրացի տնտեսագետ Դեմուր Գիորխելիձեն, սակայն, այն կարծիքին է, որ թերագնահատելով խնդրի մասշտաբները, կառավարությունը չի հիշատակում, որ դրա հիմքում ընկած է տնտեսության թուլությունը: «Եթե երկրի արտաքին պարտքն աճում է, ապա տնտեսական պոտենցիալը նույնպես պետք է աճի, սակայն դա տեղի չի ունենում: Այո, կան երկրներ, որտեղ արտաքին պարտքի եւ ՀՆԱ հարաբերակցությունը բարձր է 100 տոկոսից, սակայն նրանք շարունակում են վարկունակ մնալ: Այս ամենը կախված է երկրի տնտեսության հզորությունից: Վրաստանի տնտեսությունն հզոր չէ»: Գիորխելիձեի խոսքերով`այս տարվա համար նախատեսված 5-6 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները չափազանց լավատեսական են, եւ լավագույն դեպքում ՀՆԱ տարեկան աճը կկազմի առավելագույնը 2-3 տոկոս: «Բացասական արտաքին գործոնների ֆոնի վրա, նախեւառաջ նկատի ունենալով համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ դրա հետեւանքները, Վրաստանի կառավարությունը պետք է շատ զգույշ գործի, քանի որ այն կախված է ճգնաժամից խիստ տուժած դաշնակից պետությունների աջակցությունից», - նշում է նա: «Հասարակական նախագծերի կենտրոն»-ի նախագահ Գեորգի Խուխաշվիլին այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը, եթե ցանկանում է երկարաժամկետ կտրվածքով «ջրի երեսին մնալ»: Նա կոչ է անում լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել`ավելի լիբերալ եւ քաղաքական միջամտությունից զուրկ բիզնես մթնոլորտի ստեղծման համար, որպեսզի շարունակական տնտեսական աճ ապահովվի: Այս պահին, նրա խոսքերով` «իշխանությունները բիզնեսում ավելի շատ ղեկավարների դերում են, քան գործընկերների: Խնդրի արմատները վատ օրենսդրության եւ թույլ վարչարարության մեջ են»: «Երկիրը դեռեւս պարտքերի վճարման երկարաձգման եզրին չի հասել. արտաքին պարտքը վտանգավոր չէ: Սակայն սա միակ հարցը չէ: Սա կապված է նաեւ տնտեսության`պարտքի սպասարկման ունակությունից, սակայն այն բավականաչափ պատրաստ չէ դրան: Այս պահին դոնորների աջակցության շնորհիվ մենք զարգացման կայուն փուլում ենք: Սակայն օգնությունը կվերանա, եւ ինչպե՞ս հետագայում կլրացնենք այդ բացը»: Լելա Իրեմաշվիլի, Թբիլիսի Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter