ՀՀ ԱՆ-ն իրականցնում է Արևմտյան Նեղոսի տենդը կանխարգելող միջոցառումներ
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արևմտյան Նեղոսի տենդի ոչ կասկածելի, ոչ հաստատված դեպքեր Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել:
Այժմ համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է: 2010 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 600-ից ավելի դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության` այս դեպքերն արձանագրվել են Հունաստանում, Հունգարիայում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում և Թուրքիայում: Ռուսաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 231 դեպք, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` 300 և ավելի դեպք:
Արևմտյան Նեղոսի տենդի շուրջ հասարակության տարակարծությունները փարատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենին` հիվանդության մասին տվյալներ ստանալու ակնկալիքով: Վերջինս պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ հետազոտություն չի կատարվել:
Սակայն ոչ մի երկիր ապահովագրված չէ վարակի ներթափանցումից, հատկապես, եթե երկրի բնակլիմայական պայմանները նպաստավոր են հիվանդության փոխանցողների կենսագործունեության համար: Հետևաբար, ՀՀ առողջապահության նախարարությանն իրականցնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես` միջատաբանական հետազոտություններ, միջատազերծման և ջրականգերի կրճատման աշխատանքներ, բնակչության շրջանում քարոզչություն: Ուժեղացվել է հսկողությունը Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումներ արձանագրած երկրներից ժամանած օդանավերի և ուղևորների նկատմամբ և այլն:
ՀՀ Առողջապահության նախարարության կայքը հայտնում է, որ միաժամանակ հիվանդության անվանումը հիմք չէ ենթադրելու, թե դեպի Եգիպտոս հանգստի աշնանային սեզոնի վերաբացումով Հայաստան վերադարձողների հետ Արևմտյան Նեղոսի տենդը կթափանցի մեր երկիր:
Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսն առաջին անգամ հանդիպել է 1937 թվականին Ուգանդայում, որից հետո լայնորեն տարածվել է Աֆրիկայում և Ասիայում:
Արևմտյան Նեղոսի տենդը սուր տրանսմիսիվ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ են տենդը, ուղեղի թաղանթների շճային բորբոքումը (հազվադեպ` մենինգոէնցեֆալիտի երևույթներ), լորձաթաղանթների ախտահարումը, լիմֆադենոպաթիան, ավելի հազվադեպ հանդիպում է նաև ցան: Վիրուսի փոխանոցներ են համարվում մոծակները, իքսոդային և արգասային տզերը, իսկ պահոց են` թռչունները և կրծողները:
Հիվանդությանը բնորոշ են արտահայտված ինտոքսիկացիան, մասնավորապես` ուժեղ, տանջող գլխացավ` արտահայտված ճակատի և աչքերի շրջանում, մկանային ցավեր, փսխում, ախորժակի անկում, ցավեր սրտի շրջանում և կրծքավանդակի ձախ հատվածում, եղջերաթաղանթի կարմրություն: Հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է նաև հոդացավեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել