
Երեկ տեխնոլոգիաների լրահոսներում հաղորդագրություններ տարածվեցին, որ Google ընկերությունը գնել է Social Gold ծառայությունը, որը հայտնի է որպես սոցիալական ցանցերի խաղերում վիրտուալ տնտեսությունները պահելու, վճարումներ կատարելու տեխնոլոգիաների ամբողջություն: Գործարքի արժեքի մասին պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների բլոգների անանուն աղբյուրները նշում են 70-75 միլիոն դոլարի մասին:
Այս գործարքը վերջին օրերի երկրորդ ոչ այնքան խոշոր գործարքն է համաշխարհային հսկայի համար: Օրեր առաջ Google-ը գնել էր նաեւ սոցիալական ցանցերի խաղեր արտադրող Slide ընկերությունը շուրջ 200 մլն դոլարով, իսկ շաբաթներ առաջ 100 մլն դոլար ներդրում էր կատարել սոցիալական ցանցերի խաղեր արտադրող
Zynga ընկերությունում
, որը հայ ինտերնետ օգտագործողներին
հայտնի
է
դարձել
սոցիալական
Facebook-ի
Farmville և
Mafiawars խաղերով:
Ինչու՞ է որոնողական հսկան վերջին շրջանում շռայլ ներդրումային քաղաքականություն վարում: Խոսակցություններ կան, որ Google-ն իրականում ստեղծում է հարմարավետությամբ անգերազանցելի սոցիալական ցանց: Վերջին ժամանակներս Google-ի կատարած թանկարժեք գնումներին զուգահեռ թեժացել են նաեւ այն խոսակցությունները, որ համաշխարհային հսկան փորձում է իր ընտանիքը համալրել սոցիալական ցանցերին հատուկ վեբ բովանդակությամբ եւ տեխնոլոգիաներով: Google-ն այսօր ունի մի շարք արտադրանքներ, որոնք կարող են էլ ավելի արժանահավատ դարձնել նման խոսակցությունները`
YouTube, Google Talk, Google Reader, եւ
Blogger:
Google-ը նման եկամտաբեր նախագիծ կարող է սկսել այն բանից հետո, երբ Facebook բառը գրավել է առաջին տեղը որոնողական հարցումներով: Վերջին մեկ տարում համաշխարհային տիրապետության ձգտող ընկերությունը շարունակ հայտարարում է նոր նախագծերի մասին, որոնցից շատերի սկսման ժամկետը նշել են 2010-ի աշնանը: Արդյո՞ք այս աշնանը Google-ը կունենա համաշխարհային սոցիալական ցանց, դեռեւս պարզ չէ, սակայն շռայլ ներդրումները խոստանում են Google-ից անակնկալներ սպասել մոտակա ժամանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել