Ճապոնիան տրամադրել է տրակտորներ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ներկա է գտնվել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 61 տրակտորների հանձնման արարողությանը:
Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք բաշխվելու են հանրապետության մարզեր: Աջակցությունը կարեւոր է ֆերմերների համար, ինչը հնարավորություն կտա նրանց գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին եւ ավելի արդյունավետ կազմակերպել:
Գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով` Ճապոնիայի «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» ծրագրի շրջանակում:
1997 թվականից սկսած` Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք է բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն եւ 366 տարբեր հզորության տրակտորներ` համալրված համապատասխան գյուղատնտեսական գործիքներով` ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօրվա մինջոցառմանը մասնակցել են նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար Ջիրո Իիդան եւ Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության մի շարք ներկայացուցիչներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել