HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի արհեստական լճի 14-րդ զոհը

1964 թվականից մինչ օրս Վանաձորի արհեստական լճում 13 դժբախտ պատահար է գրանցվել, որից 7-ը` աշխատանքային ժամերին: Հուլիսի 3-ին 16-ամյա Արման Մեհրաբյանը դարձավ 14-րդ դժբախտ պատահարի զոհը: Ցանկապատից ցատկելով 45-50 սմ խորության ջրի մեջ, մեջքով շրջված, ջրի երես էր բարձրացել եւ միանգամից սուզվել հատակը: Մեկ րոպեի ընթացքում փրկարարը հասել էր նրան, հանել ջրից եւ ցույց տվել առաջին բուժօգնություն: Ապա երիտասարդը տաքսիով հիվանդանոց էր տեղափոխվել: Ճանապարհի կեսին փոխադրվել էր շտապօգնության մեքենա եւ հասցվել թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ էլ գրանցվել էր մահը: Երկու ժամ հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժնում պահելով` պատանու դիակն այնուհետեւ տեղափոխվել է դիահերձարան: Շտապօգնության բժիշկ Արթուր Սիմոնյանի տեղեկացմամբ` տաքսու հետնամասում տեղավորված երիտասարդն արդեն մահացած էր: Նրա մոտ առկա էին կենսաբանական մահվան նշաններ` բիբերը լայն, առանց կենդանության նշանների: Բժշկի խոսքով` մահը վրա էր հասել 25-30 րոպե առաջ: Նա չի բացառում, որ երիտասարդը վնասվածք ստացած լինի, որին էլ հաջորդած լինի ջրահեղձումը: «Ազատամարտիկ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Թորոսյանն այս պատահարը վերագրում է պատանու անզգուշությանը: Նա ասում է, որ ջրահեռացման ժամանակ պատանու մոտ արյուն է նկատվել: Եվ ենթադրում է, որ սխալ ցատկելու հետեւանքով վնասվածք է ստացել: Ընկնելուց հետո միանգամից խեղդվելը քիչ հավանական է: Եթե նորմալ ջուրը մտնելու, ցատկելու ձեւ իմանար, թեկուզ 10մ բարձրությունից թռչեր, էդ խորության վրա չէր հասնի հատակին: Եթե ճիշտ չես մտնում ջուրը, ուժեղ հարվածից հնարավոր ա պարանոցը կոտրվի, ներքին օրգանները վնասվեն: Ըստ տնօրենի` վերահսկողություն կարելի է իրականացնել միայն լողորդների անվտանգության պահպանմամբ, բայց ոչ լողալ արգելելով կամ դրա համար պատիժ սահմանելով: «Ամենաուժեղ խստացումը եւ պատիժը էն կըլնի, որ ասենք ջուր չըլնի, բայց ջուրը նրա համար ա, որ մարդիկ հանգստանան, լողանան: Ոնց կարանք արգելել,-ասում է,- սահմանազատումներ կան` կարմիր բուրգերը, որոնցից այս կողմ լողալ չի կարելի: Փրկարարները շրջում են եւ նավակի վրա, եւ ցամաքում»: 45-46 տարվա մեջ 14 պատահարը տնօրենը նորմալ է համարում` համեմատելով համաշխարհային «դրամատիկ» ցուցանիշների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter