HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Վախից դրդված շատ հոգիներ են խժռվել իմ հայրենիքում»,-խոստովանում է ազգությամբ թուրք ռեժիսորը

«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվեց գերմանացի﹐ ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոցը» ֆիլմը: Երեւանյան այս պրեմիերան դինամիկ, յուրահատուկ հումորով մի ֆիլմ է, որը պատմում է երիտասարդ ռեստորանատեր Զինոսի մասին: Նրան լքում է գեղեցկուհի Նադինը, քանի որ երիտասարդը իր ռեստորանին ավելի շատ է ուշադրություն դարձնում:

Եվ այստեղ էլ մեկը մյուսի հետեւից անհաջողություններ են տեղում երիտասարդի գլխին: «Հոգու Խոհանոց» կոչվող նրա  ռեստորանը մի քանի անգամ ենթարկվում է ճգնաժամերի: Այցելուների թիվը պակասում է, այլեւս չկա նախկին եռուզեռը: Մի պահ այն կրկին ծաղկում է շնորհիվ նոր խոհարարի, սակայն Զանոսիի եղբայրը թղթախաղով տարվում է այն: Եվ այստեղ սկսվում է երիտասարդի` ռեստորանը կրկին ետ բերելու ջանքերը: Զինոսի կյանքը տակնուվրա է լինում: Իսկ ծանրություն բարձրացնելուց նրա «բռնված» մեջքն ու անտանելի ֆիզիկական ցավը դառնում է անընդհատ ձախողումների սիմվոլ:

Հումորը, երբեմն աբսուրդ իրավիճակի հասնող պատահականությունները հետաքրքիր համ ու հոտ են տալիս ֆիլմին: Ինչպես Ֆաթիհ Աքինն ասաց ֆիլմի ցուցադրումից առաջ` եթե ցանկանում եք լուրջ ու շատ խորը փիլիսոփայական ֆիլմ դիտել, նայեք նրա մյուս ֆիլմերը, բայց այս մեկը այդպիսին չէ: Հայ հանդիսատեսը ֆիլմի ավարտից հետո երկար ծափահարում էր ազգությամբ թուրք Աքինին:

Ֆաթիհ Աքինը ասում է, որ երբեք չի ուզել մանրամասնել ու դրամատիկականացնել այն բոլոր դժվարությունները, որ ինքը ունեցել է Գերմանիայում իր թուրքական ծագման պատճառով: Իր բոլոր ֆիլմերն էլ, բացի այս տարի Երեւանում որպես պրեմիերա ներկայացված «Հոգու խոհանոց»-ից, հենց այդ թեմայի մասին են: Սակայն ռեժիսորը նշում է, որ իր համար ազգության պատկանելությամբ մտածելը սեփական անձի ստեղծագործական կարողությունների, ավելի լայնամասշտաբ մտածելու համար խոչընդոտ է: «Ես արյունը դասում եմ միայն խմբերով:

Այլ նշանակություն արյունն ինձ համար չունի: Արյան ծագման մասին խոսելը շովինիզմի տարրեր է պարունակում: Ինձ համար արյունը նույնն է ամեն տեղ»,- ասում է Աքինը: Ռեժիսորը նշում  է, որ իրեն թեպետ գերմանացի է համարում, առաջին աղջկան, որ համբուրել է, գերմանացի է եղել եւ այլն, սակայն միշտ ֆուտբոլի առաջնությունների ժամանակ երկրպագում էր Գերմանիայի հակառակորդին:

«Եվ միայն այս տարի էր, որ ես Գերմանիայի հետ էի: Չգիտեմ ինչու` այդպես եղավ»: Ֆաթիհն ասում է, որ Թուրքիային միշտ դրսից է նայել եւ չնայած մի ֆիլմ է նկարահանել ամբողջությամբ Թուրքիայի մասին եւ Թուրքիայում նկարահանված «Անցնելով կամուրջը», բայց միեւնույնն է, նա լիովին այդ երկիրը չի կարողացել հասկանալ: Հայ-թուրքական հակամարտության մասին ասում է, որ այն հիմնված է վախի վրա:

«Վախը որոշակի ճշմարտություններին երես առ երես նայելուց է ծնվում: Բայց ես համոզված եմ, որ կինոն այն միջոցներից է, որ կարող է օգնել հաղթահարելու այդ վախը, ինչպես ժամանակին ռոքենռոլը կարողացավ շատ արգելքներ հաղթահարել: Ես կարծում եմ, որ կինոն, գրականությունը եւ երաժշտությունը կարող են բռնել դիտողի ձեռքն ու ճշմարտության ուղիներով տանել: Վախից դրդված շատ հոգիներ են խժռվել իմ հայրենիքում: Եվ ես չգիտեմ, արդյոք խոսում եմ որպես մարդ, թե հայր, բայց ես համոզված եմ, որ այդ վախը պետք է հաղթահարել, հուսով եմ, որ այդ վախի հաղթահարումը շատ շուտով կլինի»:

Ռեժիսորը հայ-թուրքական հարաբերությունների մասին ֆիլմ երբեք չի ցանկացել նկարահանել: Բայց նշեց, որ իրեն շատ է հետաքրքրում բոքսը, եւ ինքը Սյուզի Կենտիկյանի մեծ երկրպագուն է եւ այցելում է նրա բոլոր մենամարտերին: Սիրում է նաեւ Արթուր Աբրահամի մենամարտերը: «Աբրահամը մենամարտել է թուրք ծագում ունեցող Մարի Օրալի հետ: Արժե մտածել Աբրահամի եւ Օրալի մենամարտի մասին պատմող ֆիլմի մասին: Փորձել այն դիտել կողքից, որքան շովինիզմ կա այդ մենամարտում եւ ինտերնետում ինչքան ատելություն: Եվ պետք է նաեւ ցույց տալ, թե որքան ազնիվ ու բարի են Աբրահամի եւ Օրալի միջեւ հարաբերությունները»:

Ֆաթիհ Աքինը համզոված է, որ պետք է ազատվել ազգային թեմաներից: Ասում է, որ ուզում է պարզապես պատմություններ պատմել. «Որքան կենտրոնանում ես ազգայինի վրա, այդքան կորցնում ես պատմական իրական միջուկը»:

Իսկ Երեւան Ֆաթիհը ժամանել է մեծ հետաքրքրությամբ. «Ով գիտի` կգայի ես երբեւէ Երեւան, եթե չլիներ այս փառատոնը: Առաջին հայացքից քաղաքը ես ընկալեցի կախարդական հեքիաթային ինչ-որ բան պարունակող: Ավելի շատ կաշխատեմ լինել ոչ թե կինոթատրոնններում, այլ քաղաքում»: Ֆաթիհ Աքինի «Հոգու Խոհանոցը» ֆիլմը հայ հանդիսատեսին եւս մեկ անգամ կներկայացվի հուլիսի 15-ին` ժամը 19:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter