HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Հայաստանի վերջին լարախաղացը»

«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը մեխվում է դիտողի սրտերում եւ այնտեղ մնում շատ երկար: Վավերագրական ֆիլմին բնորոշ չորությունն այստեղ չկա: Ֆիլմի գլխավոր գաղափարն այն է, որ լարախաղացության արվեստը դեպի անդունդն է գնում: Սակայն այս խնդրի մասին պատմող ֆիլմում ծնվել են մի քանի առանձին ողբերգություններ, առանձին պատմություններ, որոնք դուրս են գալիս էկրանից ու կանգնում մեր կողքին:

Ֆիլմի երկու հերոսները` 78-ամյա  Ժորա Արմենակյանը եւ 77-ամյա Կնյազ Մհերյանը,  ժամանակին Հայաստանի ամենահայտնի լարախաղացներն են եղել: Եվ այսօր այդ արվեստի  միակ կենդանի վկաները﹐ որոնք տարիներ շարունակ եղել են հակառակորդներ եւ այժմ էլ մեկը մյուսին կատարյալ պրոֆեսիոնալ չի համարում ու քննադատում է, միեւնույն հույսն են փայփայում` արդյոք իրենց աշակերտները կշարունակեն լարախաղացությունը: Երկուսն էլ ողջ ֆիլմի ընթացքում կսկիծով գիտակցում են, որ ոչ, սակայն աշակերտների հետ  շարունակում են նույն ոգեւորությամբ պարապել:

Իսկ վերջիններս ցանկություն էլ չունեն, քանի որ այժմ ժամանակներն այլ են, եւ լարախաղությամբ այլեւս ոչ մեկին ոչ կզարմացնես, ոչ էլ ապրուստդ կհոգաս: Ֆիլմում կատարված է մանրամասն, ամեն կադրն ու պահը մտածված, ամեն խոսքն ու մեղեդին ներդաշնակության բերված աշխատանք:

Ֆիլմը յուրահատուկ համ ու հոտ է ստանում հերոսների անմիջական հումորի շնորհիվ: 72 րոպեում հասցնում ես սիրել նրանց հարազատների պես: Նրանց էությունն առավելագույնս արտացոլվում է ֆիլմում եւ սա է թերեւս 3 տարվա աշխատանքի արդյունքը:

Ֆիլմի ռեժիսորներ Իննա Սահակյանը եւ Արման Երիցյանը «Հետքի» հետ զրույցում պատմում են﹐ որ այդ երեք տարիների ընթացքում նրանք կիսել են հերոսների կյանքը, ամեն պահը:

«Մեկ էլ մտնեմ գրասենյակ, տեսնեմ` Իննան տխուր է, ասում եմ` ի՞նչ է եղել: Իննան պատասխանում է, թե Ժորա պապիկն էր զանգել, ասում է` թոքերն են ցավում: Եվ այդպես ամեն օր»,-պատմում է Արմանը:

Ֆիլմում պատկերված է մի քանի կյանք, մի քանի ճակատագիր, որոնք բոլորը համախմբված են լարախաղացի լարի շուրջ: Մի կողմից ներկայացված է ծերուկ ուսուցիչների ողբերգությունը, նրանց ամեն օր տանջող մտահոգությունը﹐ մյուս կողմից` աշակերտների  ճակատագիրը﹐ որը պակաս ողբերգական չէ: 17-ամյա Հովսեփին Ժորան որդեգրել է  10 տարի առաջ, որովհետեւ նա ամենից լավն էր կարողացել պարել լարի վրա: 10 տարի նրա հետ պարապելուց հետո աշակերտը ծուլություն եւ չկամություն է ցուցաբերում, քանի որ կարծում է, որ գերի է Ժորայի ձեռքերում, ուզում է այլ բանով զբաղվել, քանի որ ուզում է փող աշխատել:

Ասում է, որ ինքը սիրում է ժորային, սակայն վերջինս իրեն չի սիրում, եւ միայն գյուղերում իր միջոցով փող աշխատելու համար է պահում: Միեւնույն ժամանակ Ժորան իր կիսամութ սենյակում արցունքն աչքերին ասում է, թե սիրում է Հովսեփին ինչպես սեփական որդուն:

Այստեղ էլ Ժորան, նայելով տեսախցիկին, ասում է. «Հիմի էս կինոն ի՞նչ եք անելու, ո՞նց եք է անելու: Վերնագիր ունե՞ք: Ես առաջարկում եմ վերնագիրը դնեք «Հայաստանի վերջին լարախաղացը»: Տենց դրեք»:

Ռեժիսորներ Իննան եւ Արմանը պատմում են, որ իրենք ուզում էին սկզբում այդ վերնագիրը դնել, միայն «Հայաստանի վերջին լարախաղացները»`  նկատի ունենալով Ժորային եւ Կնյազին: Եվ ֆիլմը նայելիս էլ անընդհատ նույն հարցն է պտտվում դիտողի ուղեղում. «Ինչու՞ «վերջին լարախաղացը», չէ որ նրանք երկուսն են»:

Եվ ֆիլմի վերջում պարզվում է﹐ որ իրականում վերջին լարախաղացը  Հովսեփն է, Ժորայի աշակերտը:  Եւ Ժորայի այդ դիտարկումից հետո ռեժիսորները որոշում են հենց այդպես էլ կոչել այն: Ֆիլմի վերջն առավել քան հուզիչ է: Հանդիսատեսը, աշակերտ Հովսեփը, հակառակորդ Կնայզը,  ռեժիսորները, ֆիլմի կոմպոզիտոր Դավիթ Ամալյանը` ամեն մեկն իր դերով ողբում են Ժորա պապիկի մահը:

«Մեզ զանգեցին, ասացին, որ մահացել է, եւ մենք վերսկսեցինք նկարահանումները: Այդպես է, չես կարողանում կտրվել հերոսներից»﹐-պատմում է Իննան: Իսկ Արմանը ավելացնում, որ իր համար վավերագրական ֆիլմի ամենաբացասական բանն այն է, որ հերոսների հետ այդքան մտերմանալուց, նրանց հետ ապրելուց հետո, երբ ֆիլմն ավարտում ես եւ' ցանկությանը հակառակ եւ' հանգամանքների բերումով այդ կապն ու մտերմությունը խզվում է:

«Բայց մենք էլի փորձում ենք պահպանել: Հիմա երկու տղաները բանակում են﹐ զանգում ենք նրանց﹐ հիմա դիմել ենք պաշտպանության նախարարություն﹐ որ տղաներին թողնեն ֆիլմի հաջորդ ցուցադրության ժամանակ դահլիճում գտնվեն»: Ի վերջո, ի՞նչ է լինելու լարախաղության հետ, ի՞նչ ճակատագիր է այն ունենալու` ռեժիսորները չգիտեն եւ իրենք էլ լուծումներ առաջարկողներ չեն, նրանք պատմություն պատմողներ են, սակայն հույս ունեն, որ իրենց ֆիլմը դիտելուց հետո արդեն գոնե Կնայզին պայմաններ կստեղծեն, որպեսզի նա փոխանցի իր արվեստը աշակերտներին:

Այս հուզիչ վավերագրական պատմությունը ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Այն արդեն մի շարք փառատոններում մրցանակների է արժանացել: Իննա Սահակյանի եւ Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը կարող եք դիտել հուլիսի 16-ին, ժամը` 20:00-ին Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter