HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մենք ընդամենը 80-100 տարի առաջ ապրում էինք նահապետական ընտանիքում»

Ըստ հոգեբանի` ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը դերերի բաշխումն է Ամուսնալուծությունների տեսանկյունից ճգնաժամային է ամուսնության առաջին 5 տարին: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հոգեբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Ամիրյանը: Առաջին 5 տարիներին դժվար է հարմարվել, հանդուրժել կնոջ կամ ամուսնու թերությունները, իսկ հետո ի հայտ են գալիս սովորություններ, ծնվում են երեխաները, պատասխանատվության զգացումը մեծանում է: Վաղ տարիքում ամուսնացողներն ավելի շատ են հակված ամուսնալուծության, քան ուշ տարիքում ամուսնացողները: «Տղամարդը պիտի գոնե 25-27 տարեկանում ամուսնանա: Կնոջ համար` 18-25 տարեկանն է լավ»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Նրա խոսքերով` Երևանում ամուսնալուծությունների ցուցանիշն ավելի բարձր է, քան մարզերում: «Երևանի երիտասարդությունն իրեն մի քիչ ավելի ակտիվ է դրսևորում բիզնեսում, որն իր հետ բերում է նոր տիպի որոշ բարքեր, որոնց մեջ խրվում են նաև միջահասակները, և սա կամա թե ակամա բերում է այնպիսի երևույթների, որոնք բաժանության պատճառ են դառնում: Մենք փառք պիտի տանք, որ Հայաստանում ունենք գյուղեր և գյուղական բնակչություն, որը այսօր մեր ազգի պահպանման հիմնական օղակն է»,- ասաց հոգեբանը: Հենց գյուղական ընտանիքներում է, որ 2-ից ավելի երեխա է ծնվում, իսկ Երևանում կանայք հաճախ մեկ երեխա են ունենում: Մինչդեռ հոգեբանի խոսքերով` երեխան, որը միակն է ընտանիքում, դաստիարակության առումով ամենավտանգավորն է, քանի որ էգոիստ է: Միայն երկրորդ երեխայի ծնվելուց հետո է առաջնեկը հասկանում, որ այն ամենը, ինչ կա` ուշադրություն, հարգանք, ունեցվածք, միայն իրենը չէ, և պետք է կիսի եղբոր կամ քրոջ հետ: Ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը դերերի բաշխումն է: Խորհրդային իշխանության ժամանակ պետականորեն շատ մեծ պահանջներ էին դրվում ընտանիքի առջև, պետությունը մի տեսակ ուղղորդում էր, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը, նույնիսկ գրվել էր ընտանիքի հայեցակարգ, որում սահմանված էին կնոջ և ամուսնու պարտականությունները: Մարդիկ անգամ կարող էին արհմիութենական կամ կուսակցական կազմակերպություն դիմել` լսելով, որ տվյալ աշխատողն ամուսնական խնդիրներ ունի: «Հիմա, այսպես ասած, դեմոկրատական բարքերով ապրող երկրում, ինչպիսին մերն է, կանայք մտածեցին, թե իրենք ազատ են, կարող են ոնց ուզում են` վարվեն, ուր ուզում են` գնան: Բայց մենք ընդամենը 80-100 տարի առաջ ապրում էինք նահապետական ընտանիքում: Մենք ապրում ենք 3 սերունդ իրար կողքի: Դեռ ապրում են 70-90 տարեկան մարդիկ, և մենք կրում ենք մեզ վրա այն ազդեցությունները, որ ունեցել են մեր ծնողները, այսինքն` պատասխանատվություն, պարտականություն և դերերը ընտանիքում»,- ասաց հոգեբանը: Միաժամանակ Սեյրան Ամիրյանը «Հետքին» կարծիք հայտնեց, որ այս պահին Հայաստանի վրա գլոբալիզացիայի ազդեցությունն այնքան մեծ չէ, որքան այլ երկրների վրա, և Հայաստանում ամուսնալուծությունները պայմանավորված չեն գլաբալիզացիոն գործընթացներով: «Գլոբալիզացիան մի տեսակ ոնց որ մեր կողքով անցնի, բայց ես կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, գալու է: Ես, ճիշտն ասած, գլոբոլիզացիայի մեջ ավելի շատ վատն եմ տեսնում, քան լավը: Պիտի ամեն ժողովուրդ ապրի ավելի շատ իր արժեքներով, որովհետև այդ արժեքներն են, որ իմ ազգին պահել են: Փոքր ժողովուրդ ենք, մենք կկորցնենք մեր դեմքը, մեր լավ բաները, որ մենք հազարամյակներ շարունակ մի կերպ հասցրել ենք այս օրվան»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Ամուսնալուծության մյուս լուրջ պատճառը, ըստ նրա, կենցաղն է: Հայերը սովոր են ապրել մեծ ընտանիքներով, որտեղ ընտանիքի ղեկավարը հայրն էր: Ճիշտ է` ընտանիքը կառավարում էր մայրը, բայց հայրն էր մեծը, որին բոլորը կամա թե ակամա ենթարկվում էին: «Այդ ենթարկվելը ստորացուցիչ չէր: Նահապետական ընտանիքը մեզ շատ բան է տվել: Որոշ տգետ մարդիկ չեն հասկանում, որ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ գոյատևեց հենց այդ ընտանիքի բարքերի շնորհիվ, որտեղ տղամարդը, իր խոսքը, իր շարժուձևը, իր վարքը, իր պատասխանատվության զգացումը ցույց էր տալիս: Մնացածը գնում էր նրա հետևից»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Հայաստանում, որն աղքատ երկիր է, երիտասարդ ընտանիքը հիմնականում չունի առանձին ապրելու հնարավորություն: Մինչդեռ երիտասարդ ընտանիքի` առանձին ապրելը շահեկան է բոլորի համար: Այդպիսով, կարելի է խուսափել պրոբլեմից, կոնֆլիկտից, որն առաջանում է, օրինակ, այն ժամանակ, երբ պապիկը ուզում է իր ձևով դաստիարակել երեխային, իսկ ծնողները չեն համաձայնում դրան, քանի որ նոր սերնդի մարդիկ են, արժեքային նոր համակարգ ունեն: «Հասկանալ է պետք մեծերի ապրումներն ու զգացմունքները, իսկ մեծերն էլ պիտի հասկանան երիտասարդներին, որ ամեն մի մարդ ունի իր հավակնությունները, ձգտումները, ապրելու մոտիվացիան: Հիշո՞ւմ եք այն ասացվածքը, որ «տխուր է այն զինվորի վիճակը, որը չի ուզում գեներալ դառալ»: Երիտասարդները բոլոր դեպքերում ավելի ճիշտ են, քան մեծերը: Ես հասկանում եմ` ինչ բան է, որ երիտասարդները իրար հետ լինեն, առանձին ապրեն»,- ասաց հոգեբանը: Ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ տնտեսական-ֆինանսական դժվարությունները, որոնք այսօր առկա են շատ ընտանիքներում: Ճգնաժամ է առաջանում, երբ, օրինակ, կինը տեսնում է, որ շուրջը շատ մարդիկ վարում են թանկարժեք մեքենաներ, կրում են թանկարժեք զարդեր, իսկ ամուսինը չի հասցնում այնքան փող վաստակել, որ բավարարի կնոջ պահանջները: «Մենք հո չե՞նք կարող բոլորին հասկացնել, որ ամուսինը մեղք չունի, որ նա հազիվ է վաստակում»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Նրա համոզմամբ` այժմ պետությունն ընտանիքներին ասում է. «Ապրեք` ինչպես ուզում եք, Աստված ձեզ հետ: Ուզում եք` բաժանվեք, ուզում եք` միացեք: Բաժանվեք, որբ թողեք երեխաներին, գնացեք արտասահման, աշխատեք, փող ուղարկեք»: «Եթե պետությունը հիմնովին չզբաղվի իր ժողովրդի ամենասովորական կենցաղային, սոցիալ-տնտեսական հարցերով և չապահովի ընտանիքի մինիմալ պայմանները, մենք հեռանկար չունենք զարգանալու, գոյատևելու: Մենք պիտի դառնանք բարեկեցիկ երկիր: Այսօր մենք պետականորեն և նաև ազգովի չենք նպաստում, որ ընտանիքներում քիչ լինեն բաժանությունները»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Նրա խոսքերով` ինչպես ամեն ինչի, այնպես էլ ընտանիքի հիմքում ընկած է օրենքը, և պետությունն այնպիսի օրենքներ պետք է ստեղծի, որ ընտանիքի անդամները կարողանան ապրել քիչ թե շատ երջանիկ: «Կյանքի նպատակը երջանիկ լինելն է: Բոլոր մեծ հոգեբանները և գիտնականներն ասում են, որ երջանիկ է բավարարաված մարդը: Մարդու բավարարվածության համար պետք չէ, որ սարի գլխին դղյակ սարքես կամ տանդ կողքին եկեղեցի սարքես: Բավարարվածությունն այն է, որ դու քո ազգի համար արժեք ներկայացնես»,- ասաց Սեյրան Ամիրյանը: Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ Եվրոպայի զարգացած ու բարեկեցիկ բնակչություն ունեցող երկրներում ամուսնալուծությունների թիվը պակաս չէ, քան զարգացող երկրներում: «Շատ ավելի պակաս է, սխալ է Ձեր ինֆորմացիան: Շատերը տպավորություն ունեն` եթե ֆրանսիացի կին է, ուրեմն նա կարող է սրա, նրա հետ դավաճանել: Էդպես չի, սիրելիս: Իտալական ընտանիքը մեզանից ավելի ամուր է, ֆրանսիականը` առավել ևս. ամուսնացար` վերջ, տերն ես դու»,- ասաց բանախոսը: Բաժանության տարածված պատճառ է զույգի հայացքների ու համոզմունքների տարբերությունը, երբ, օրինակ, գյուղից քաղաք եկած տղան հանդիպում է բոլորովին այլ բարքեր և աշխարհայացք, կյանքին ու ընտանիքին այլ մոտեցումներ, պահանջներ ունեցող աղջկա: Ամուսնալուծության պատճառ կարող է դառնալ ծնողների կողմից երեխաների զարգացման տարիքային առանձնահատկությունները ոչ լրիվ իմանալը, ինչպես նաև երեխաներին բավարար ուշադրություն չդարձնելը` սոցիալական հոգսերով ծանրաբեռնված լինելու պատճառով: Ընտանիքի բաժանության պատճառներից է ճիշտ հաղորդակցվել չկարողանալը: Մեր զրույցը վերածվում է վեճի, մենք սովոր չենք մինչև վերջ լսել դիմացինին, նայել նրա աչքերի մեջ, տեսնել, թե նա ինչպես է արժևորում իր իսկ ասածը: Սեյրան Ամիրյանը մեջբերեց Սոկրատի հետևյալ խոսքը. «Մարդու ամենամեծ կարողությունը, նրա բանականության ամենաբարձր աստիճանն այն է, որ նա ուշադիր լսի իր ուսուցչին, հասկանա նրա մտքերը` յուրացնելով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter