HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

««Ոսկե Ծիրանը» այն փառատոնն էր, որտեղ ես ուզում էի ներկայացնել իմ ֆիլմը»

Հայկ Ղազարյանը Լատինական Ամերիկայի նոր սերնդի ռեժիսորներից է: Ավարտել է Նյու Յորքի Կինոակադեմիան եւ Կալիֆորնիայի համալսարանի հատուկ կուրսերը: Շոու բիզնեսում ավելի քան 25 տարվա փորձ ունի: Նա առաջին անգամ է Հայաստանում: «Հետք»-ի հետ հարցազրույցում նա պատմեց, որ երբ Ատոմ Էգոյանի ու Արսինե Խանջյանի հետ ինքնաթիռում էին, վայրէջքին մոտենալու պահին երկինքը շատ պարզ էր, եւ մաքուր երկնքում տեսնելով Արարատը` երեքով  նետվել են դեպի պատուհաները. «Այդ  պահին արցունքները գլորվեցին այտերովս:

Ես ինձ համար անսպասելիորեն դարձա սենտիմանտալ: Մեծացել եմ Արարատի նկարները նայելով, սակայն այն կենդանի կերպով առջեւս տեսնելն ինձ ցնցեց: Զգացի, որ հայ եմ, որ սա իմն է: Այստեղ գտնվելով ես հասկացա շատ բաներ, որոնք ծնողներս ինձ պատմում էին, եւ այն ժամանակ ես չէի հասկանում»:

Հայկը պատմում է, որ հենց հյուրանոց է հասել, պայուսակները նետել է հատակին ու վազել դուրս` Երեւանը տեսնելու: Տպավորված է հատկապես մեր երգող շատրվաններով եւ որ գիշերային Երեւանը լի է գեղեցիկ մարդկանոցով, որ փողոցներն աշխույժ են նույնիսկ շատ ուշ ժամերի: «Եվ ամենից գրավիչ բանը Երեւանում մարդիկ են` հայերը, երեւանցիները»:

«Երբ մամաս ինձ զանգեց, առաջին բանը որ  հարցրեց. «Ինչպե՞ս ես քեզ զգում: Զգո՞ւմ ես﹐ որ պատկանում ես»: Եվ ես ձեզ անկեղծորեն ասեմ﹐ ես ապրել եմ 6 երկրներում, ես երբեք Երեւանում չեմ ապրել, բայց ինչ որ ներքին մի ձայն ինձ ասում է, որ վաղ թե ուշ ինձ համար այստեղ մի բան կատարվելու է»,-ասում  է ռեժիսորը: Հայկը պատմում է, որ իր պապը հորը պատվիրել էր հայ աղջիկ գտնել ու ամուսնանալ միայն հայի հետ: Եվ  հայրը երկու ամիս փնտրելուց հետո գտել է Հայկի մայրիկին ու ամուսնացել:

«Ինձ համար ազգությունը այդքան էլ կարեւոր չէ: Գիտեք, հաճախ ոչ հայերը ավելի լավ հայ են կարողանում դառնալ: Օրինակ իմ եղբոր կինը, ով հայ չէ, բայց գրել է գիրք հայկական մշակույթի մասին: Հաճախ օտար լինելով հայ լինելու արժեքը ավելի բարձր է երեւում քո աչքին»:

Հայկը «Ոսկե Ծիրանում» ներկայացրել է իր «Վենեսիա» ֆիլմը, որը նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է: Ֆիլմը սկսվում է Երկրորդ աշխարհամարտի վենեսուելացի հերոսների հիշատակի թանգարանի բացմամբ: Այն Վենեսիային հուշերի գիրկն է տանում: Մտաբերում է Ֆրենք Մուրին﹐ կապի միջոցների ամերիկացի մասնագետին, ով ուղարկվել էր որպեսզի բացահայտեր Կարիբյան Ծովի եւ Վենեսուելայի բանակում նացսիտ լրտեսին: 

Տեսողական հիվանդություն ունեցող Վենեսիայի համար այս գեղեցիկ երիատասարդը դառնում է հայելի, որի միջոցով նա սկսում է ապրել, զգալ կյանքը, տեսնել գեղեցկությունը: Նրանց բուռն սերը, սակայն, արգելված էր ու թաքուն, քանի որ Վենեսիան ամուսնացած էր Ֆրենքի հրամանատարի հետ: 

Սիրո ողբերգությունն ավարտվում է Ֆրենքին լրտեսության մեջ մեղադրելով եւ նրա մահով: Վենեսիան գրկելով սիրեցյալի դին նետվում է ջուրը` վերջին անգամ համբուրում ու փախչում: Ֆրենքի եւ Վենեսիայի սիրուց ծնված որդին դառնում է Վենեսիայի աչքերն ու ամուր պահապանը:

«Երբ ես իմ այս ֆիլմն ավարտեցի, մի ցանկություն ունեի` հայտնվել «Ոսկե Ծիրանում», քանի որ այս փառատոնի մասին լսել էի դեռեւս 5 տարի առաջ եւ հասկացել, որ սա այն փառատոնն է, որտեղ ես ուզում եմ իմ ֆիլմը ներկայացնեմ: Եւ միակ ցանկությունս այն էր, որ «Վենեսիան» ընտրվեր»: Հայկը հստակ գիտի, որ հայերի մասին ֆիլմ է նկարահանելու:

«Եթե տիեզերքը ինձ օժտել է ֆիլմ նկարելու, պատմություն պատմելու կարողությամբ, ես պետք է նկարեմ հայերի մասին: Եվ ես անելու եմ դա: Այն  լինելու է աղջկա եւ տղայի, եւ երկու մշակույթների բախման մասին մի պատմություն: Դրա միջոցով կբացահայտեմ հայկական մշակույթը»:

Հայկ Ղազարյանը ֆիլմը ցանկանում է նկարել Լատինական Ամերիկայում: Ասում է, որ երբ մեկ միջավայրում ներկայացնում ես մեկ այլ մշակույթ, դրանք երկուսն էլ յուրահատուկ ձեւով են արժեւորվում: «Ես մեծ հաճույքով հայ դերասանների կվերցնեի այդ ֆիլմի համար եւ մեծ հաճույքով համագործակցություն կհաստատեի այստեղի եւ Լատինական Ամերիկայի կինոշուկայի հետ: Հուսամ, որ կստացվի», -ամփոփում է զրույցը վենեսուելահայ  ռեժիսորը: Հայկ Ղազարյանի «Վենեսիա»  ֆիլմը ընդգրկված  է  «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Այն հայ հանդիսատեսին եւս մեկ անգամ կներկայացվի այսօր` հուլիսի 14-ին﹐ ժամը 20:00-ին Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում: Այն բազմաթիվ հայտնի փառատոններում արժանացել է տարբեր մրցանակների` լավագույն կինոնկար, լավագույն սցենար (Կինոյի, երաժշտության և արվեստի «Արփա» հիմնադրամի` AFFMA-ի ԿՓ, Լոս Անջելես, 2009), Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար, Լավագույն պրոդյուսեր (Ժամանցի տիեզերք, Վենեսուելա, 2009), Լավագույն դերասան (Կանադայի ՄԿՓ, 2010), Լավագույն պատմական խաղարկային ֆիլմ (Սոնոմայի ՄԿՓ, 2010), «Արծաթե հաղթաթուղթ» մրցանակ (Լաս Վեգասի ԿՓ, 2010), «Արծաթե Լեյ» մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Հոնոլուլուի ՄԿՓ, 2010), Լավագույն սիրավեպ (Ամստերդամի ԿՓ, 2010), Արծաթե «արմավենի» (Մեխիկոյի ՄԿՓ, 2010):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter