HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Հոս երկրի վրա գորշ է﹐ քար ու կորուստ»

Կոմս Շահբազյանի «Այստեղ ներքեւում» ֆիլմը ռեժիսորի կարծիքով այդքան էլ ճիշտ չէ թարգմանված. «Հոս երկրի վրա» վերնագիրը բեյրութահայ ռեժիսորի համար ավելի ճիշտ է արտացոլում եւ փոխանցում իր ասելիքի էությունը: Իսկ ֆիլմը Երեւանի մասին է, քանդվող շենքերի, անվերջ կատարվող շինարարությունների, փոշու ու կեղտի, մի քիչ էլ սիրո մասին է:

Ընտանեկան, աշխատանքային, քաղաքային եւ հիշողության չորս տարածքների կորուստը ռեժիսորը համարում է յուրաքանչյուրիս կորուստն ու այնպիսի քայքայումը, որը կատարվում է նախ` յուրաքանչյուրիս ներսում, ապա` յուրաքանչյուր քաղաքում:

Այս ֆիլմում մենք հստակ դեմքեր գրեթե չենք տեսնում, նույնիսկ հերոսների դեմքը չի տպավորվում, սակայն նրանցից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ քայքայման տառապանք ու չնայած դրան` ֆիլմի մեջ կան լուսավոր կետեր: Օրինակ ժամագործի եւ նրա ընկերուհու խոսակցությունը﹐ ում մենք չենք տեսնում, այլ միայն լսում ենք ու հետեւում վարպետի ձեռքի ճկուն աշխատանքներին:

Կառավարության շենքի դիմաց Հյուսիսային պողոտայի  իրացման գոտու տուժածների բողոքը, բանվորի հանգիստ հոգեվիճակն ու նրա օրվա ամենահաճելի պահը` սուրճ խմելը, երկու երեխաների հողերի ու շինարարության մեջ ամբողջ օրը կռվելն ու քարերով խաղալը ստեղծում են քաղաքին բնորոշ մի համապատկեր:

Ու երբ Կոմսին հարցրի, թե ինչու նույնիսկ մեկ կանաչ խոտ չկա նրա ֆիլմում (անգամ փոքրի տղան ցեխերի մեջ քայլելիս հանկարծ տեսնում է մի վառ կանաչ իր, վերցնում` պարզվում է ինչ-որ դատարկ փոքրիկ շիշ է ու նետում է արհամարհական, փոխարենը հաճույքով խաղում է մեծ քարերի հետ), ամբողջը շինարարություն է ու քար, ռեժիսորը երկար մտածեց. «Ես չեմ կարող ասել, թե դա դիտմամբ եմ արել, բայց ոչ էլ կարող եմ ասել, թե դա պատահականություն էր, այդպես է ստացվել, այդպիսին եմ տեսնում ես Երեւանը, այդպիսին եմ տեսնում ես բոլոր քաղաքները»:

«Բանվորին `սուրճ եփելո՞վ»,-հարցնում եմ ես: «Գիտեք, այդ բանվորի սուրճի պահը ինձ մոտ ծնվեց նրա հետ շփվելուց հինգ րոպե անց, որովհետեւ այդ ընթացքում նա մի քանի անգամ ինձ հրավիրեց սուրճ խմելու: Իսկ հետո երբ ես տեսա, թե որտեղ է պահում նա իր սուրճի պարագաները (դեղերի համար նախատեսված փոքրիկ պահարանում – Լ.Ն.), միանշանակ որոշեցի այդ կադրն ունենալ ֆիլմի մեջ»: Ֆիլմը ավարտվում է շատ տխուր պատկերով` երեխան նստած է հողի ու փոշու մեջ ու պատռում է գիրքը: Գրքի սպիտակ թերթերը շրջապատել են երեխային, իսկ նա պատռում է ու պատռում: Կոմսը ասում է﹐ որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ, սակայն հայտնի փաստ է﹐ որ դրսի մարդու համար տեղի խնդիրները ավելի տեսանելի են, այդ պատճառով է ինքը այս խնդիրն այսքան սուր է  տեսնում:

Կոմս Շահբազյանի «Այստեղ ներքեւում» ֆիլմը ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» մրցութային  ծրագրում: Այն հայ հանդիսատեսին մեկ անգամ եւս կներկայացվի հուլիսի 16-ին, ժամը  19:00-ին Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter