Մարզերում երիտասարդներ չկայի՞ն
Բանից պարզվում է, «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրով տրամադրված մոտ 100 վարկերի 80 տոկոսը հատկացվել է Երևանում, 20 տոկոսը` մարզերում:
«ՉԻ» - Փաստորեն, կամ երիտասարդ ընտանիքներ կան միայն Երևանում, կամ էլ մարզերում բոլորն ապահովված են բնակարաններով: Մինչդեռ իրականում հակառակը պիտի լիներ` վարկերի մեծ մասը պիտի տրամադրվեր հենց մարզերում` այն պարզ պատճառով, որ այնտեղ բնակարանները շատ ավելի էժան են, հետևաբար` վարկ վերցնել ցանկացողներն ավելի շատ պիտի լինեին:

Այլ հարց է, որ այդ ծրագրի «պատասխանատուներին» ոչ թե երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցն է հետաքրքրել, այլ այն, որ եթե նրանք հետագայում չկարողանան վարկի տոկոսները մարել, հնարավոր լինի այդ բնակարանները վաճառել: Դրա համար էլ վարկերի 80 տոկոսը Երևանում է հատկացվել:
Համ ել` հո իրենց ծանոթ-բարեկամներին «ռոյաններում» չե՞ն բնակեցնելու:
Պատգամավորը` 2, իսկ ԼՂՀ նախկին նախագահը 1 մլն դոլարի տուն է պատրաստվում գնել
Երևանում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող որոշ բրոքերներ բացառապես զբաղված են նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների գույքի առքուվաճառքով: Մեր տեղեկություններով` վերջերս Երևանի կենտրոնում 2 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում առանձնատուն գնելու համար անշարժ գույքի գործակալներին է դիմել պատգամավոր Լևոն Սարգսյանը, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էր նախորդ տարի` մոտ մեկ միլիոն դոլարի տուն գնելու հարցով:
Ո՞վ է ստիպել
Արարատի հանրապետական մարզպետ Վարդգես Հովակիմյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ նախօրեին հրաժարականի դիմում է գրել: Ո՞րն է պատճառը մեր հարցին Վարդգես Հովակիմյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»:
Մոտ 2 շաբաթ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Արարատի մարզպետին ստիպելու են հրաժարական տալ, քանի որ մարզպետ դառնալու նկրտումներ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը: Հովակիմյանը, սակայն, հերքել էր դա:
Իսկ երեկ նա ասաց, թե իրեն ասել են` դիմում գրի, որ այդ պաշտոնում առաջադրեն ԱԻՆ փոխնախարար Էդիկ Բարսեղյանին, ով երեկ շտապել էր անդամագրվել ՀՀԿ-ին, և դա հաստատվեց նաև պաշտոնապես:
Մեր հարցին, թե ով է իրեն ասել, որ դիմում գրի` վարչապե՞տը, նա պատասխանեց` ոչ: «Նախագահականի՞ց են ասել» հարցին Հովակիմյանը չպատասխանեց: Այսօր` կառավարության նիստի ժամանակ, Հովակիմյանը պաշտոնանկ կարվի, և Արարատի մարզպետ կնշանակվի Էդիկ Բարսեղյանը:
«Դիվերսիա»` Կոմկուսի նկատմամբ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` վերջերս հռչակված Ժողովրդահայրենասիրական ուժերի միության նախաձեռնողները` ի դեմս ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի, իրենց նախաձեռնությունում փորձում են ներգրավել նաև Հայաստանի Կոմկուսին: Նրանց ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, քանի որ Կոմկուսի վերնախավը այդքան էլ լուրջ չի վերաբերվում նախաձեռնությանը: Սակայն որոշ կումիստների համոզել նրանց հաջողվել է:
ՀԱՊԿ գագաթաժողովը կայանալու է Երևանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովի շրջանակներում Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ինչպես հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի միջև: Ծրագրվում է, որ Մեդվեդևը պետական այցով կայցելի Հայաստան օգոստոսի երկրորդ կեսին:
Թուրքիան չի անտեսի
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի անտեսի Ադրբեջանի շահերը: Երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան կշարունակի անսահմանափակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որի հետ միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել»,- ասել է նա` հավելելով, որ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է մնում:
Ըստ «Թրենդի»` Դավութօղլուն նշել է նաև, թե «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այդ համատեքստում բավարար չէ»:
Տգիտությունը սահմաններ չունի
«Ալիևի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ տգիտությունը սահմաններ չունի: Ադրբեջանի չկայացած սուլթանին տեղեկացնեմ, որ «ինքնորոշման իրավունք» նշանակում է, որ տվյալ ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բացառում է, որ մի ժողովուրդ որոշի մեկ այլ ժողովրդի փոխարեն:
Եթե ինչ-որ մեկը Ալիևի և իր պետության փոխարեն մինչև օրս որոշումներ է կայացնում, ապա դա չի նշանակում, որ ինքը կամ իր ցեղակիցները կարող են որոշել Արցախի փոխարեն: Դա կարող է անել միայն Արցախի ժողովուրդը, որը վաղուց որոշել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- կարծում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել