
Որդնա՞ծ «Կովիկ»` «Աշտարակ կաթ»-ից (վիդեո)
«Աշտարակ կաթ»-ը, ինչպես ընկերության կայքէջում է նշված, սպառողներին անակնկալ է մատուցել` շուկա հանելով «խիստ օգտակար» «Կովիկ» կաթը, որն «առողջության գրավականն է եւ կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ սրտի խնդիրներից եւ անցանկալի գիրությունից»:
Գայանե Այվազյանը, ինչպես ինքն է ասում, երկար ժամանակ է` «Աշտարակ կաթ»-ի հավատարիմ սպառողն է: Օրերս Երեւանի սուպերմարկետներից մեկում նա «Կովիկ» կաթ է գնել եւ 2-3 օր տվել իր 2 տարեկան դստերը: Հերթական անգամ երեխային «Կովիկ» տալիս երիտասարդ մայրը կաթի մեջ օտար մարմին է հայտնաբերել:
«Եվ ի՞նչ եմ բացահայտում` որդ: Ճիշտն ասած` ապշեցի, ինչպե՞ս կարող է կաթի մեջ որդ լինել»,- զարմանում է Գայանեն: Նա որդնած կաթը լուսանկարել է, տեղադրել «Ֆեյսբուքի» իր էջում եւ մտերիմների հետ քննարկել, թե ինչ կարող է անել:
«Շատերը սկսեցին կասկածել, թե միգուցե մեր տանը` պատին, կամ հենց կաթսայի մեջ որդ կար: Ասեմ, որ որդը սովորական պատի կամ տան որդ չէ: Նման որդեր ես տեսել եմ ալյուրի մեջ, որը երկար մնում է, հնանում: Այսինքն` սննդի որդ է: Եվ երկրորդ` չէր կարող որդը լինել կաթսայի մեջ, որովհետեւ ես հենց լցնում էի կաթը, տեսա, թե ոնց այն տուփից թափվեց կաթի հետ միասին»,- նշում է Գայանեն:
Որդնած կաթի շուրջ ֆեյսբուքյան քննարկմանը մասնակցել է նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության բրենդ-մենեջեր Ինեսսա Վարդանյանը: «Գործարանից դուրս եկած արտադրանքի մեջ որեւէ օտար մարմնի առկայությունը բացառելով»` բրենդ-մենեջերը Գայանեին հրավիրել է կաթի վերամշակման արտադրամաս` «մեկընդմիշտ համոզվելու, որ վերը նշված դեպքն «Աշտարակ կաթ»-ում գործնականում բացառված է»:
«Հետքը» զրուցել է նաեւ բրենդ-մենեջեր Ինեսսա Վարդանյանի հետ: Նա խոստացավ նույն օրն իսկ մեր հարցերին սպառիչ պատասխանել, եթե դրանք գրավոր ուղղենք: Անցել է 6 օր, բայց «Աշտարակ կաթ»-ը մեր գրավոր հարցմանն այդպես էլ չի պատասխանել:
Գայանե Այվազյանը միակը չէ, որ ահազանգում է «Կովիկի» հետ «առաքվող» որդերի մասին: «Հետքի» հետ զրույցում դասախոս Ռուզաննա Սարգսյանը պատմեց, որ այս տարվա մարտին իր 11 ամսական երեխային «Կովիկ» տալիս կաթի մեջ հայտնաբերել է 3 հատ որդ:
«Իհարկե, զզվեցի եւ թափեցի: Չմտածեցի, որ ինչ-որ բաներ կարող եմ ապացուցել: Դրանից հետո զանգեցի Սպառողների միություն, ասացին, որ ապացույց չունեք, ոչ մի բան չենք կարող անել: Հետո էլ «Ֆեյսբուքում» տեղադրեցի ինֆորմացիան` մտածելով, որ ուշադրություն կգրավեմ, եւ միգուցե գործարանում կսկսեն ինչ-որ ստուգումներ անցկացնել եւ կգտնեն պատճառը: Բայց այդպես էլ ոչ մի բանի չհասա»,- ասում է երիտասարդ մայրը: Նրա նկարագրած որդերը շատ նման են Գայանեի հայտնաբերածին:
«Վարդագույն որդեր էին` մեկն ավելի մեծ, երկուսն էլ փոքր: Ավելի շատ սննդի, ես կնմանացնեի մրգային որդերի,- ասում է Ռուզաննան եւ ենթադրություններ անում որդերի ծագումնաբանության մասին:- Ճիշտն ասած` ես մասնագետ չեմ, միգուցե (կաթի) փոշի են խառնում, փոշին է որդնած եղել: Կամ միգուցե փաթեթավորման վերջին փուլում կարող է ինչ-որ տեղից ընկած լինել` սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոնների խախտման հետեւանքով»:
Կաթի փոշու օգտագործման մասին «Կովիկի» տուփի վրա որեւէ մակնշում չկա: Բայց որդնած կաթի փոշու ենթադրությունը, թերեւս, ավելի հիմնավոր է թվում` հաշվի առնելով մամուլի հրապարակումները: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթը սեպտեմբերի սկզբին գրել էր, որ իր տեղեկություններով` «Աշտարակ կաթ»-ը մթերում է ալպիական մարգագետիններից ստացված կաթի բարձրորակ փոշի եւ այն արտահանում Եվրոպա: Փոխարենը «Հայաստան է ներկրում էժանագին կաթի փոշի` պաղպաղակի եւ այլ կաթնամթերքների արտադրության համար»: «Աշտարակ կաթ»-ի տնօրենը, մեկնաբանելով «Ժողովրդի» նշյալ տեղեկությունը, վստահեցրել էր, որ «նման բան չկա»:
Թե արտադրության ո՞ր փուլում «Կովիկում» կարող էր որդ հայտնաբերվել, ըստ Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանի, էական չէ:
«Ինձ համար դա այնքան զայրացուցիչ բան է, որ բառեր չեմ գտնում: Դա հանցագործություն է, եւ, ըստ էության, նման հարցերով պետք է զբաղվեն ոչ թե սննդի ոլորտի կառույցները, այլ դատախազությունը: Դա քրեորեն պատժելի արարք է,- ասում է Արմեն Պողոսյանը եւ հավելում,- մարդկային ցեղի հիմնական սկզբունքներից մեկն ասում է` լավագույնը` մանուկներին: Իսկ քանի որ տվյալ կաթն ավելի ուղղված է մանուկներին, ուրեմն տասնապատիկ ավելի ուշադիր պետք է լինեն, որ նման դեպքերը բացառվեն»:
Օրերս մեզ էր զանգահարել «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակից Ա. Սաֆարյանը: Նա հավատացնում էր, որ «Կովիկում» կաթի փոշի չի օգտագործվում, եւ պարզելու համար, թե արդյոք կաթի մեջ կարո՞ղ էր օտար մարմին լինել, առաջարկում էր կաթը հանձնել իրենց` «Աշտարակ կաթ»-ի լաբորատորիայում փորձաքննելու համար: Հետո Սաֆարյանն «Աշտարակ կաթ»-ի անունից պատրաստակամություն հայտնեց հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը, եթե «Հետքը» որոշի Գայանե Այվազյանի` խմբագրություն ներկայացրած «Կովիկը» փորձաքննության հանձնել որեւէ լաբորատորիայում: «Հետքը», բնականաբար, մերժեց նաեւ այս` ֆինանսավորման առաջարկը:
Մենք դիմեցինք գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն` խնդրելով օգնել, որ հստակեցնենք` իրականում «Կովիկում» կաթի փոշի կա՞, հնարավո՞ր է, որ հայտնաբերված որդը հենց կաթի փոշուց է: Ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Հայաստանում նման փորձաքննություն կարող է անցկացնել միայն «Ստանդարտ դիալոգ» ընկերությունը:
«Ստանդարտ դիալոգի» աշխատակցուհին, որ հրաժարվեց նույնիսկ ներկայանալ, փոխանցելով տնօրինության ասածները, հայտնեց, որ ընկերության լաբորատորիան այս օրերին խիստ ծանրաբեռնված է եւ չի կարող խմբագրության պատվերն ընդունել: Քիչ անց «Հետք» զանգահարեց «Ստանդարտ դիալոգի» մեկ այլ աշխատակից եւ պարզաբանեց, որ իրենք մեզ չեն մերժում, եւ եթե զանգահարենք մեկ շաբաթից, անհրաժեշտ փորձաքննությունը կանցկացնեն (մենք զանգահարել էինք երեքշաբթի օրը` սեպտեմբերի 20-ին):
Արդյոք այդ ընթացքում կաթը շատ չի՞ հնանա, այն փորձաքննության համար պիտանի կլինի՞: Հարցին ի պատասխան` «Ստանդարտ դիալոգի» աշխատակիցն ասաց նույն բանը. «Զանգահարեք եկող երկուշաբթի կամ երեքշաբթի»:
Հիշեցնենք` անցյալ տարի «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթի փոշու օգտագործումը բացառում էր նաեւ պանրի արտադրության մեջ: Սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, արժանահավատ չհամարելով արտադրողի պնդումները, անցկացրել էր փորձաքննություն: Արդյունքում «Աշտարակ կաթ»-ի պանրում բացահայտվել էր ոչ միայն կաթի փոշու որոշակի քանակություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես սոդա, որի գործածումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է, եւ այն վտանգավոր է մարդկանց առողջության համար:
Հ. Գ. Թե Գայանե Այվազյանը եւ թե Ռուզաննա Սարգսյանը նշում են, որ նպատակ չունեն «Աշտարակ կաթ»-ին վարկաբեկել, պարզապես, որպես սպառող, փորձում են պաշտպանել իրենց երեխաների շահերը:
Մեկնաբանություններ (30)
Մեկնաբանել