HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վրացիները յուրացրել կամ ոչնչացրել են շուրջ 50 հայկական եկեղեցի

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր, եւս մեկ անգամ անդրադառնալով նոյեմբերի 19-ին փլուզված Մուղնու Սբ. Գեւորգ եկեղեցուն, ասաց, որ վրացիներն շուրջ 50 հայկական եկեղեցիներ են յուրացրել կամ ոչնչացրել, հնարավոր է` եւ ավելի: «Փլուզումից հետո վրացական կողմը ձեռնամուխ եղավ մաքրման աշխատանքներին, Հայաստանից էլ էին մասնագետներ գնացել, եւ հայկական կողմին խոստացել էին, որ պետք է վերականգնեն եկեղեցին, եւ այդ օրերին ոչ մի խոսք չկար, որ եկեղեցին կարող է վրացական ծագում ունենալ»,- «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Կարապետյանը: Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մի քանի վրացալեզու տապանաքարեր, որոնցից մեկի թարգմանությունը հետեւյալն է. «Այս է տապան Ավետիսի որդի Մովսեսի, որ կարդա ողորմեա ասի. 1711 թիվ»: «Վրացական արձանագրությունը դեռ չի նշանակում, թե Ավետիսի որդի Մովսեսը վրացի է եղել, հասկանալի է, որ նա հայ է: Վրաց միջավայրում շատ արձանագրություններ ունենք, որ հայերեն չեն, բայց դրանք հայկական եկեղեցիներ են»,- պնդում է Սամվել Կարապետյանը: «Վրացական կողմն արդեն արծարծում է խնդիր, թե դուրս են եկել վրացական արձանագրություններ, որոնք փաստում են, որ եկեղեցին ի սկզբանե եղել է վրացական»,- հուշարձանագետն ասում է, որ սա ծանոթ սցենար է, քանի որ Մուղնու Սբ. Գեւորգը հայկական առաջին եկեղեցին չէ, որ վրացիները յուրացնում են: «Զորաբաշի Սբ. Գեւորգ եկեղեցին քանդվեց, տեղում կառուցեցին բոլորովին նոր շենք` Հավլաբարին, Շամխորեցոց Սբ. Աստվածածինը Հավլաբարում 1989 թվականի ապրիլին պայթեցրին, մինչեւ հիմա ավերակների մեջ մնում է, Երեւանցոց Սբ. Մինասը աղբանոցի է վերածվել, Զառիվայրի Սբ. Կարապետը յուրացվեց, այժմ Քարեբա անվամբ գործում է որպես վրացական, Ճուղուրեթ թաղամասի Սբ. Աստվածածին եկեղեցին յուրացվեց, օծվել է Սբ. Մինոյի անվամբ, Վերա թաղամասի գերեզմանատան Սբ. Խաչ եկեղեցին յուրացվեց եւ օծվեց Սբ. Պանտելեյմոնի անվամբ, Սբ. Ստեփանոս եկեղեցին յուրացվեց, գործող վրացական եկեղեցի է, Բեթղեհեմի Սբ. Աստվածածինը եւս գործում է որպես վրացական եկեղեցի...»,- թվարկում է Սամվել Կարապետյանը: Բոլոր յուրացված եկեղեցիներում հայերեն արձանագրությունները ոչնչացված են: «Մուղնու եկեղեցու բակում հայկական գերեզմանոց էր, հիմա մեկ տապանաքար չեք գտնի, Նորաշենի Սբ. Աստվածածնի եկեղեցու մոտ Մղեթի գյուղի գերեզմանոցից վերամբարձ կռունկով մի գիշերվա ընթացքում վրացական տապանաքարեր փոխադրեցին, հորինեցին վրացական նորաթուխ մի գերեզմանոց եւ ասացին` եթե բակում վրացական գերեզման կա, ուրեմն եկեղեցին վրացական է: Ամեն պիղծ արարքների ընդունակ են եւ սա անում է վրաց եկեղեցին` ի դեմս Տարիել քահանայի»,- ասում է Սամվել Կարապետյանը: Վերջինս վստահեցնում է, որ Մուղնու Սբ. Գեւորգը չի վերականգնվելու, փոխարենը տարիներ անց տեղում նոր` վրացական եկեղեցի է կառուցվելու: Հուշարձանագետը նոր է վերադարձել Իրանից եւ տեսել է, որ իսլամական պետությունն ավելի խնամքով ու հարգանքով է վերաբերում հայկական եկեղեցիներին, քան մեր միակ քրիստոնյա հարեւանները: Իրանում հայկական եկեղեցիները հիմնականում հում աղյուսից են պատրաստված, որի պատճառով դրանցից շատերը քայքայվել եւ վերածվել են հողաթմբերի: Դրանք հնարավոր չէ վերականգնել: Իսկ դեռեւս կանգուն եկեղեցիները փրկվել են ոչնչացումից, քանի որ պարսիկները դրանք վերածել են մզկիթների եւ հոգ են տարել: «Հայ մարդը անտարբեր է իր ազգի հոգեւոր ժառանգության նկատմամբ»,- ամփոփում է Սամվել Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter