HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարաններն այս տարի ավելի քիչ են խաղող մթերում

Ընթացիկ տարում տարերային աղետները` ցրտահարությունը, կարկտահարությունը, ինչպես նաև տևական անձրևները մեծ վնաս են հասցրել Արագածոտնի մարզի պտղաբուծությանը: Մարզպետարանի գյուղվարչության հաշվարկներով, այս տարի կստանան նախորդ տարվա պտուղների 40-50%-ը: Վնասներ են կրել մարզի մի շարք խաղողագործական համայնքների այգիները`շուրջ 290 հա: Այնուամենայնիվ, մի շարք համայնքներում գյուղացիները նախնական պայմանագրեր են կնքել խաղողի մթերում իրականացնող գործարանների հետ: Մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչները 110-130 դրամով 100 տոննա խաղողի հանձնման պայմանագիր են կնքել «Երևանի կոնյակի գործարանի» հետ: Կոշ գյուղում 30 տոննայի պայմանագիր է կնքվել «ՄԱՊ»-ի հետ, իսկ Նոր Ամանոս գյուղում ընդամենը մեկ հոգի է գործարանի հետ 5 տոննա խաղողի պայմանագիր կնքել: Իրականում մարզում խաղողի ակնկալվող բերքն ավելի շատ է, քան գործարանների կողմից մթերումների չափը: Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսյանն ասաց, որ մոտ 30 հա խաղողի այգի ունեն, սակայն գյուղացիները նախընտրում են ինքնուրույն իրացնել իրենց բերքը, քան հանձնել գործարաններին: «Ի՞նչ գին են տալիս խաղողին, որ մարդիկ էլ տանեն գործարաններին հանձնեն: Մեր գյուղացիները սեզոնին խաղողը տանում ուրիշ գյուղերում փոխանակում են անում, արաղ են քաշում. դա ավելի թանկ է վաճառվում, քան որ 110 դրամով գործարանն ընդունում է»,- ավելացրեց Ս. Ալեքսանյանը: Նոր Եդեսիայում այս տարի ակնկալվում է ստանալ մոտ 280 տոննա խաղող: Գյուղապետ Վահան Աբգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի «Երևանի կոնյակի գործարանը» 10-20 %-ով նվազեցրել է մթերումները` պատճառաբանելով, որ պատրաստի արտադրանքի իրացման խնդիրներ ունի: Ըստ գործարանի և գյուղացիների միջև կնքված նախնական պայմանագրեր` խաղողի կիլոգրամը պետք է մթերվեր 110 դրամով: Նախորդ տարի նույնպես այդ գնով է պայմանագիրը կնքվել, սակայն գործարանը վերջում մթերել է 130 դրամով: «Վերջերս հեռուստատեսությամբ լսեցի, որ գործարանի տնօրենն ասաց, թե գինը կհրապարակեն սեպտեմբերին, այսինքն հնարավոր է, որ այս տարի հենց 110 դրամով էլ ընդունեն ու գինը չբարձրացնեն»,- ավելացրեց գյուղապետը: Արագածավանում այս տարի գործարանները կմթերեն 62 տոննա խաղող, որից 14 տոննան կմթերի «ՄԱՊ»-ը, իսկ մնացած 48 տոննան`« Երևանի կոնյակի գործարանը»: Արագածավանցիները այս տարի առաջին անգամ են գործ ունենալու «ՄԱՊ»-ի հետ, քանի որ տարիներ շարունակ գյուղացիներից խաղողը մթերել է միայն «Երևանի կոնյակի գործարանը»: Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանի խոսքերով` նախորդ տարի «Երևանի կոնյակի գործարանը» իրենց գյուղից մթերել է 102 տոննա խաղող, իսկ այս տարի կմթերի մոտ 2 անգամ քիչ: Այստեղ էլ գյուղացիներին ասել են, որ մթերման քանակի նվազեցումը պայմանավորված է գործարանի իրացման խնդիրներով: Ավելի լավատես է Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը: «Կարծում ենք, որ դժվարություններ չեն ծագի խաղողի մթերման գործում, մանավանդ մեծ ծավալով կգործի Սասունիկի «Նպատ Բռուկլեյ» գինու-կոնյակի գործարանը, իսկ Ոսկեվազի գործարանը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հոկտեմբերին»,- ասում է վարչության պետը: Փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաև մթերող ձեռնարկություններից: «Երևանի կոնյակի գործարանում» այդպես էլ մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ, իսկ «ՄԱՊ»-ում չգտնվեց մեկը, ով սպառիչ պատասխան կտար մեր հարցերին: Մի քանի հեռախոսազանգից հետո, գործավարը նախ ասաց, որ կապը կմիացնի համապատասխան մասնագետին, սակայն մեկ գիծն էր զբաղված լինում, մեկ էլ պաշտոնյան տեղում չէր լինում: Ընկերությունից տվեցին գործարանի գլխավոր տեխնոլոգ Թերեզա Շահինյանի հեռախոսահամարը: Վերջինս էլ դժգոհեց, թե ինքը պատասխանատուն չէ և մեզ ոչինչ ասել չի կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter