HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օձի խայթոցի 20 դեպք` Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Արդյոք հակաթույնը հիվանդանոցներում բավարա՞ր է Շոգ եղանակային պայմանները բարենպաստ պայմաններ են ստեղծում օձերի համար, որ նրանք շարժվեն դեպի բնակավայրեր: Այս տարի Արմավիրի մարզում արդեն գրանցվել է օձի խայթոցի 6 դեպք` մայիս և հունիս ամիսներին` 3-ական: Բարեբախտաբար, օձի խայթոցի այդ դեպքերը մահվան չեն հանգեցրել: Արմավիրի մարզպետի առողջապահության հարցերով տեղակալ Լարիսա Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզի բոլոր հիվանդանոցներն ապահովված են «անտիգյուրզին» կոչվող հակաթույնով: Օձի խայթոցի դեպքերը հաճախակի են լինում նաև Թուրքիային սահմանակից Երվանդաշատ և Բագարան համայնքներում: Նշված գյուղերը մարզկենտրոն Արմավիրից հեռու են մոտ 40 կիլոմետր: Նախորդ տարի Երվանդաշատ գյուղում օձի խայթոցի 4 դեպք էր գրանցվել: «Հետքը» գրել էր, որ երվանդաշատցի Ժորա Վարդանյանին գյուրզա տեսակի օձը խայթել էր հենց իր տան բակում: Տուժածն անմիջապես դիմել է գյուղի հիվանդանոց, որը սպասարկում է 4 գյուղերի բնակչությանը, սակայն հիվանդանոցում հակաթույն չի եղել: Մինչև Ժորա պապին հասցրել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց, ոտքն ամբողջությամբ սևացած է եղել: Նրա պատմելով` Արմավիրի հիվանդանոցում էլ հակաթույն չի եղել, ու Ժորա պապի որդին է մեկ դեղաչափը 80 000 դրամով 2 սրվակ հակաթույն գնել: Մոտ մեկ տարի է անցել դեպքից, սակայն հակաթույնը ժամանակին չներարկելոււ պատճառով Ժորա Վարդանյանը մինչ օրս ամբողջությամբ չի ապաքինվել: Հաշվի առնելով այդ դեպքը` այս տարի Երվանդաշատի հիվանդանոցն ապահովվել է հակաթույնով, բայց մինչ օրս տարածքում օձի խայթոցի դեպք չի գրանցվել: Բացի Երվանդաշատից` գյուղերի մեջ բացառություն է նաև Լեռնագոգ համայնքը, որի ամբուլատորիան նույնպես ապահովված է հակաթույնով: Պատճառն այն է, որ օձը խայթել է հենց բուժքրոջը, և մարզպետարանում որոշել են այդ գյուղի համար էլ «Անտիգյուրզին» նախատեսել: Մարզպետի տեղակալը նշում է, որ այս տարվա 6 խայթոցն էլ ծանր չի եղել, իսկ նախորդ տարվա համեմատությամբ` դեպքերը գրեթե չեն ավելացել: Արդեն օձի խայթոցի 14 դեպք է գրանցվել Արագածոտնի մարզում, որից մեկը` բժբախտաբար, մահվան ելքով: Մահացողը Արտենի գյուղի բնակիչ, 41-ամյա Վախթանգ Մարգարյանն է եղել: Հուլիսի 1-ին օձը նրան խայթել է, և հարազատները որոշել են Վախթանգին բուժել տնային պայմաններում, սական հաջորդ օրը հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, և Թալինի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Մարզում օձի խայթոցի 9 դեպք գրանցվել է միայն Աշտարակի տարածաշրջանում, իսկ 4-ը` Թալինի: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սիլվա Թադևոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցներն ունեն հակաթույն: Աշտարակի հիվանդանոցից էլ տեղեկացանք, որ այս պահին իրենք ունեն ընդամենը մեկ դեղաչափ հակաթույն: Մարզպետարանի վարչության պետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կլինի, երբ հիվանդանոց դիմի օձի խայթոցից տուժած միաժամանակ 2 քաղաքացի: «Նախկին տարիներին նման դեպք ունեցել ենք: Նույնիսկ հանրապետությունում այդ ժամանակ հակաթույն չկար, բայց մենք Արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ հակաթույն գտել ենք: Այնպես որ, նույնիսկ մեկ դեղաչափ հակաթույնը հվանդանոցի տնօրենին լրիվ բվարար է երկրորդը գտնելու համար: Երբեմն հիվանդանոցի տնօրենը իր գրպանից է գնում, եթե դրա շտապ անհրաժեշտությունը լինում է»,- ասում է Ս. Թադևոսյանը: Վարչության պետը հիվանդանոցներում մեկ դեղաչափ հակաթույնով բավարարվելու հանգամանքը բացատրեց նախ դրանց թանկ լինելով (մեկ դեղաչափ հակաթույնը մոտ 80 000 դրամ արժե), հետո էլ ժամկետների պահմանմամբ: Քանի դեռ եղանակը չի զովացել, օձերի խայթոցների դեպքեր մարզերում, հավանաբար, էլի կգրանցվեն: Օրինակ` Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովիտի տարածքներում խայթոցի դեպքեր չեն արձանագրվում, քանի որ այնտեղ կլիմայական պայմանները օձերի համար բարենպաստ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter