«Մի երկիր ուզում է վերացնել մյուսին»
Մերձավոր Արևելքում նորանոր թեժ զարգացումներ է ստանում արդեն 50 տարի տեւող հակամարտությունը: Ավելի քան կես դար հակամարտություն ասելով` համաշխարհային հանրությունը հասկանում է հրեաների եւ արաբների միջև մղվող պատերազմ, որը վերջին ժամանակներում համաշխարհային քաղաքականության համատեքստում սպառնում է դառնալ շատ ավելի լուրջ, այդ թվում` Հայաստանի համար:
Շախմատային քայլ ազդեցության պայքարի համար
Քաղաքագետ-վերլուծաբան Դեննիս Փրագերի կարծիքով` Մերձավոր Արևելքի հակամարտությունը լուծելը դժվար է, բացատրելը հեշտ: «Մի երկիրը ուզում է վերացնել մյուսին. ահա թե ինչու գոյություն ունի հակամարտությունը», - ասում է նա: Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ազդեցության ոլորտների պայքարը ավելի է սաստկացել։ Իսլամական աշխարհում Իրանի նոր մրցակիցը՝ Թուրքիան, լուրջ քայլերի է անցել: Մասնավորապես՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Մերձավոր Արևելքում իր գերակայությունը հաստատելու համար, օգտագործելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, լուրջ տարաձայնության մեջ է մտել Իսրայելի հետ: Այսպիսով, Թուրքիան, որը մինչև վերջերս Իսրայելի ամենակարևոր մահմեդական դաշնակիցն էր, ետ է կանչել իր դիվանագիտական ներկայացուցչությունը և պահանջել, որ Իսրայելը ներողություն խնդրի շրջափակման գոտում գտնվող զոհերի ընտանիքներից և փոխհատուցի հասցրած վնասը: Հայաստանին 17 տարի շրջափակման մեջ պահող Թուրքիան սկսեց հանդես գալ Իսրայելի կողմից շրջափակված Գազային օգնելու և Իսրայելին քննադատելու հայտարարություններով: Թուրքիայում այդ օրերի ընթացքում ստեղծվեց քաոս և անկառավարելիության տպավորություն։ Պարզ դարձավ, որ չլուծված խնդիրները Թուրքիային ամեն վայրկյան կարող են նեղ դրության մեջ գցել։ Իսկ չլուծված խնդիրների պակաս Թուրքիան բոլորովին չի զգում։ Եվ ինչպես գրել էր թուրքական «Aksiyon»-ը` «Թուրքիայի հզորացման ճանապարհին մի անծանոթ ձեռք Թուրքիային կրկին փորձում է հետ տանել նախկին՝ քաոսով լեցուն օրերը»:
Թուրքիան խորամանկության է դիմում. սահմանափակվում են հայերի իրավունքները
Մինչդեռ Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցությունը, նույնիսկ մինչև Գազայի շուրջ Իսրայելի հետ ծովային առճակատումը, որոշ արաբական երկրների ստիպել էր սահմանափակել տեղի հայ համայնքների քաղաքական իրավունքները: Մտավախություն կա, որ Գազայի հակամարտությունը, որը վարչապետ Էրդողանին հերոս դարձրեց ամբողջ իսլամական աշխարհում, կհանգեցնի հայերի գործունեության հավելյալ սահմանափակումների` դրանք համարելով հակաթուրքական: Վերջին ամիսներին Հորդանանը, Լիբանանը և Սիրիան, որտեղ հայերը վաղուց ամենաջերմ հարաբերություններն են ունեցել տեղի իշխանությունների հետ, հատուկ քայլեր են ձեռնարկել իրենց հայ քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ` կամ Թուրքիայի արձագանքից մտահոգված կամ թուրքական իշխանությունների անմիջական ճնշման ներքո: Փաստն այն է, որ այստեղ էլ հակամարտության ընթացքը անմիջական ազդեցություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Էրդողանը ճարպկորեն օգտվեց այն քաղաքական վակուումից, որն առաջացել էր պաղեստինյան ժողովրդի իրավիճակի հանդեպ արաբ ղեկավարների անգործությունից, դրանով իսկ բարձրացնելով ինչպես իր, այնպես էլ իր կուսակցության վարկանիշը: Հարկ է նշել, որ չնայած Էրդողանի հակաիսրայելական բոցաշունչ հռետորական ճառերին, նա Իսրայելի հետ կնքած 16 պայմանագրերից և ոչ մեկը, այդ թվում` հետախուզական փոխանակության մասին պայմանագիրը, չեղյալ չի հայտարարել՝ ըստ «Today's Zaman» թերթի տվյալների: Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության ղեկավար Սեդաթ Լաչիները «Hurriyet» թերթին հայտնել է, որ երկու երկրների ռազմական ղեկավարները նաև մի շարք գաղտնի պայմանագրեր են ստորագրել: Ըստ «Middle East» ամսագրի, Իսրայելի և Թուրքիայի հետախուզական ծառայությունները,1950-ական թվականներից սկսած համագործակցում են տարածաշրջանում արմատական իսլամիստական խմբերի և Իրանի գաղտնի գործողությունների դեմ պայքարում: Ավելին, ինչպես հաղորդվում է, Թուրքիան թույլատրել է Իսրայելին, վերահսկել Սիրիայի զինված ուժերի զորավարժությունները Թուրքիայի տարածքից: Բացի այդ, Թուրքիան 1.8 մլրդ դոլարի ռազմական պայմանագրեր է կնքել Իսրայելի հետ, իսկ երկու երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2009 թվականին հասել է 2.5 մլրդ դոլարի: Իսրայելյան ավելի քան 900 խոշոր ընկերություններ գործում են Թուրքիայում, և 1000-ից ավելի փոքր արտահանողներ առևտրային կապեր են հաստատել նրա հետ:
Շրջափակումը թեթևանալու փոխարեն խորանում է
Իսկ շրջափակված Գազայում իրադրությունը չի փոխվում: Հուլիսի 5-ին` Իսրայելի փոխվարչապետի` ԱՄՆ կայանալիք այցի շեմին, Իսրայելը վերացրեց Գազա ներմուծվող սպառողների համար նախատեսված ապրանքների արգելքը, բայց պահպանեց շինարարական նյութերի վրա դրված սահմանափակումները: Համաշխարհային հանրության կողմից պարտադրված արգելքների վերացումը կոչված է թեթևացնելու Գազայի 1.5 միլիոն բնակչության ապրուստը: Չնայած այս ամենին անցյալ տարվա ավերիչ ռազմական գործողություններից հետո առկա վնասը վերակառուցելու հեռանկարը առայժմ հստակ չէ: Փաստորեն, Գազան դեռ մնում է շրջափակման մեջ: Տնտեսագետ Օմար Շաբան հաստատում է. «Բոլոր տեսակի հումանիտար աշխատանքները Գազայում պետք է իրականացվեն 2 տարի, որպեսզի վերականգնվի այն ամենը, ինչ ավիրվեց նախորդ 3 տարիների ընթացքում»: Պաղեստինցիներին հատկապես անհարմարություն է պատճառում մարդկանց տեղափոխության դժվարությունը. Գազան լքելու համար անհրաժեշտ է Իսրայելի թուլտվությունը: Այս առիթով էլ, Համասի խոսնակ Սամի Աբու Զուհրին նշել է, որ նոր քաղաքականությունը «անօգուտ է», ու ավելացրել. «Հարցը առևտրի նոր ապրանքներին հավանություն տալը չէ, այլ շրջափակման խնդիրը լուծելը»:
Այստեղ միջոցներն են, որ չեն արդարացնում նպատակը
Չնայած ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և հակամարտող կողմերի հարևան մի շարք երկրների ջանքերին, կողմերը տարիներ շարունակ ոչ մի օպտիմալ լուծման չեն հասել: Թվում է, թե ոչ մի Մերձավոր Արևելքի քառյակն ի զորու չէ լուծել հրեաների և պաղեստինցիների միջև հակամարտությունը, ինչպես որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ` ղարաբաղյան հիմնահարցը: Բոլոր տարբերակները եղել են կարճատև և ոչ հուսալի: Հակամարտության առաջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ կային մեծ քանակությամբ իրար մեկնված ձեռքեր ու անվերջ առաջարկվող լուծման ճանապարհներ, բայց դրանից ոչինչ չէր փոխվում: Այս խնդիրը լուծում գրեթե չունի, ինչպես և ղարաբաղյան հիմնախնդիրը, ուստի ավելի տեղին է Ղարաբաղը համեմատել Պաղեստինի, քան Կոսովոյի հետ: Թեպետ այստեղ էլ սխալի մասնիկ կա. Պաղեստինը որպես պետություն այդպես էլ չկայացավ` վերափոխվելով Պաղեստինի Ազատագրման կազմակերպության (ՊԱԿ): Ընդհանրապես հակամարտությունների համեմատումը վտանգավոր է, և միշտ կարելի է հանգել բացարձակ ուրիշ արդյունքի, ահա այդպես էլ Ղարաբաղի համեմատումը Պաղեստինի հետ:
Չնայած համաշխարհային հանրության ջանքերին, խոսունը Պաղեստինա-Իսրայելյան հակամարտության ներկայիս դրությունն է` վիճելի տարածքներ, մեծ թվով փախստականներ և երկու ժողովուրդ` առանց տանիքի ու հայրենիքի:
Ռուզաննա Սաֆարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել