Նոր բացահայտումներ
«Ադրբեջանն ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, համաձայն որի` հայկական զորքերը Քելբաջարի եւ Լաչինի շրջաններից կհեռանան 5 տարվա ընթացքում»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանը արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, սակայն, գործընթացը ձգձգվում է Հայաստանի դիրքորոշման պատճառով, որը հարցը նորից քննարկման է դրել: Նրա տեղեկացմամբ` այս երկու շրջաններից զորքերը դուրս բերելու եւ դրանք Ադրբեջանի վարչական վերահսկողությանը հանձնելու համաձայնությունը Հայաստանը տվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:

«Այդ ժամանակ առաջարկվում էր 10-ամյա ժամկետ, ինչը Բաքուն չընդունեց` առաջարկելով 1 տարի: Սերժ սարգսյանի նախագահության օրոք բանակցությունների սկզբնական փուլում Հայաստանն առաջարկեց կանգ առնել 7-ամյա, Ադրբեջանը` 3-ամյա ժամկետի վրա: Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են 5-ամյա ժամկետը, եւ Ադֆրբեջանը համաձայնել է դրան»,- հայտարարել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` Սանտպետերբուրգյան հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման մի շարք առաջարկություններ է արել, որոնց թվում է նաեւ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների վերադարձի հարցը: «Այդ ժամկետն արտացոլված է նաեւ Մադրիդյան սկզբունքներում»,- ասել է նա:
Ախպերություն
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան վճռական է Ադրբեջանին հզոր աջակցություն ցուցաբերելու հարցում»: «Այդպես եղել է, այդպես էլ լինելու է»,- ասել է նա:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ շրջանի կայուն խաղաղության համար միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բավարար չէ լինելու եւ անհրաժեշտ է, որ զուգահեռաբար ստույգ քայլեր կատարվեն հայ-ադրբեջանական հակամարտության լուծման համար:
«Խոսք չի կարող լինել այն մասին, որ մեր կառավարությունն այդ հարցում հետքայլ կատարի»,- ասել է դավութօղլուն:
Ախպերցել են
Երեկ Գյումրիի քաղաքապետարան է այցելել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Քաղաքապետ վարդան Ղուկասյանն այդ առթիվ հայտարարել է, թե 2000թ. Մինչ օրս մարզպետներից եւ ոչ մեկը ոտք չի դրել քաղաքապետարան: «մարզպետարան-քաղաքապետարան, համարեք, որ մի մարմին են… Տեսաք` իրար կողքի էլ նստած ենք: ես իմ իրավունքները գիտեմ, քաղաքապետն իրա իրավունքները գիտի, եւ մենք երկուսիս իրավունքները միավորելուև ենք»,- իր հերթին իրենց միջեւ ստեղծված «ախպերության» մասին Գյումրիի քաղաքապետարանում հայտարարել է Շւրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Այցելության համար իր շնորհակալությունը Գիզիրյանին հայտնելուց հետո Ղուկասյանը նրան է նվիրել իր հեղինբակած Գյումրի գիրքը, որի վրա գրված է եղել` ակադեմիկոս Վարդան Ղուկասյան:
Վաղուց էին ուզում դադարեցնել
«Դիլիջան» միջազգային նախագծի նախաձեռնողները Հանրային խորհրդին ուղղված բաց նամակում նշել է. «Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքնորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում», ու հավելել են. «Այդ պատճառով հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել»:
Սակայն նաեւ նշել են. «հանրային խորհրդի` որպես ժողովրդի կամքի արտահայտողի միասնական կարծիքը մեզ թույլ կտա այս նախագծի հետագա ճակատագրի վերաբերյալ հավասարակշռված որոշում կայացնել»:
«մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «կարծում եմ, որ իրենք վաղուց են սկսել քննարկել դադարեցնելու հարցը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդպիսի որոշում արդեն ընդունված է»:
Լոնդիկը` կրկին մարզպետ
Արարատի մարզում մեզ հասած տեղեկություններով, ընտրական պրոցեսների նոր պատասխանատու է որոշվել իշխանության կողմից: Հովիկ Աբրահամյանի փոխարեն եկող ընտրություններում մարզի պատասխանատուն կլինի ոստիկանապետ Ալիկ սարգսյանը: Իշխանությունն այս քայլը թերևս արել է Ալիկ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև վերջնական խզում առաջացնելու ու Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն ընտրական պրոցեսներում չեզոքացնելու համար:
Մարզպետ նշանակված նախկին ոստիակն, ոստիկանապետի նախկին տեղակալ Էդիկ Բարսեղյանը մինչ այդ փորձելու է վարչական լծալներն օգտագործել ու բացառել այլ ազդեցությունները մարզում:
Ի դեպ, մարզպետի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ընտրականբ պրոցեսներում նրա փորը: 2000-2004թթ. Սյունիքի մարզպետ աշխատած տարիներին Լոնդիկը բավական ձայներ է ապահովել իշխանության համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել