ՀԲ-ն օժանդակում է գյուղական ճանապարհների ցանցի հետագա բարելավմանը
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հուլիսի 16-ին հաստատել է 40 միլիոն դոլարին համարժեք գումարով` Հայաստանի կենսական ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը (ՀԿՃԲԾ-ԼՖ2): Նշված ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը` գյուղական բնակչության համար երկրի հիմնական ճանապարհների ցանցի հասանելիության արմատական բարելավման և աշխատատեղերի ստեղծման հարցում: Այն Հայաստանին կօգնի նաև երկրի տնտեսության և նրա բնակչության բարեկեցության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու հարցում:
Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով է°լ ավելի կընդլայնվեն իրականացման ընթացքում գտնվող 190 կմ ճանապարհների բարելավման աշխատանքները:
Տարիների ընթացքում կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանն ու պահպանմանն ուղղված ոչ բավարար ներդրումները հանգեցրել են ճանապարհների ընդհանուր վատ վիճակի և դժվար անցանելիության, իսկ որոշ դեպքերում` այդ ճանապարհների բացարձակ անանցանելիության:
Գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող կենսական նշանակության ճանապարհների վատ և անբավարար վիճակը բացասաբար է անդրադառնում գյուղական կյանքի շատ ոլորտների վրա. կորսվում են գործարար հնարավորությունները, երեխաները դժվարանում են դպրոց հասնել, մարդկանց համար դժվար է անհրաժեշտության դեպքում շտապ բժշկական օգնություն ստանալ:
Օրինակ` բերքը ժամանակին շուկա չհասցնելու հետևանքով առաջացած վնասը հասել է 40 կամ ավելի տոկոսի, իսկ որոշ համայնքներում` ընդհուպ մինչև 80 տոկոսի:
Ուստի, ճանապարհների ցանցի վերականգնումը կօգնի գյուղական վայրերի ֆերմերներին և փոքր տնտեսություններին իրենց մթերքն ավելի հեշտությամբ և ավելի ցածր ծախսով հասցնել շուկա:
«Ինչպես և առաջին ծրագրի պարագայում, կենսական նշանակության լրացուցիչ ճանապարհների վերականգնումը նաև ժամանակավոր աշխատատեղեր կստեղծի գյուղական վայրերում, որոնք առավել ծանր հարված են կրել ճգնաժամից, և կբարելավի հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունը»,- նշել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն պրն. Ասադ Ալամը: «Թեև այս անմիջական ազդեցությունը խիստ կարևոր է, ծրագիրը նաև կբարելավի գյուղական վայրերի կապը շուկայի հետ և կշարունակի տնտեսական աճի և մրցունակության ամրապնդմանն ուղղված ընթացիկ ջանքերը»:Արդեն վերականգնվել է շուրջ 153 կմ գյուղական ճանապարհ, ներառյալ` 35 կմ ընթացքի մեջ գտնվող ՀԿՃԲԾ-ԼՖ1 ծրագրով. այն հնարավորություն է տվել կառավարությանն արագորեն մեղմելու ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները:
«Աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ծրագրի ուղղակի և անուղղակի ազդեցությունը զբաղվածության վրա գնահատվում է շուրջ 19.000 մարդ-ամիս»,- հավելել է ծրագիրը նախագծող թիմի ղեկավար Օլիվիե Լե Բերը: «Շինարարական աշխատանքների իրականացումը կսկսվի հուլիսի վերջին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ կվերականգնվի շուրջ 50 կմ ճանապարհ` խթանելով գյուղական համայնքների տնտեսական կյանքը»:
Առաջին ծրագիրը գերազանցեց առաջադրված նպատակները` վերականգնելով հավելյալ 18 կմ ճանապարհ` շնորհիվ խնայողությունների, որոնք շինարարական ծախսերի կրճատման և նվազ ծախսատար նախագծային ստանդարտների կիրառման արդյունք էին:
Առ այսօր ստեղծվել է մոտ 12.000 մարդ-ամիս աշխատատեղ: Վարձելով տեղական կապալառուների` տեղի շինարարական կազմակերպություններին աշխատելու հնարավորություն է ընձեռվում:
Բարելավվել է հիմնական սոցիալական ծառայությունների մատչելիությունն` աղքատ գյուղական բնակչության համար ճանապարհների հիմնական ցանցին կապ ապահովելու միջոցով: Ճանապարհների վրա ծախսվող ժամանակը կրճատվել է միջինը մոտ 40 տոկոսով:
ՀԿՃԾ-ԼՖ ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ: Առաջին` այն կօժանդակի ինը մարզերում շուրջ 190 կմ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը:
Երկրորդ` տեխնիկական աջակցության բաղադրիչը կօգնի Հայաստանի կառավարությանն` արդիականացնելու և առավել արդյունավետ դարձնելու ճանապարհների նախագծման աշխատանքները:
ՀԿՃԾ-ԼՖ2-ը նաև կշարունակի աջակցություն ցուցաբերել «անվտանգ գյուղ» ծրագրին` ճանապարհների անվտանգության բարձրացմանն ուղղված փոքր շինարարական ծրագրերի միջոցով, որոնք կուղակցվեն համայնքներում իրազեկման քարոզարշավներով:
ՎԶՄԲ ճկուն վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:
1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո, վերջինիս նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտ 1 միլիարդ 358,7 միլիոն դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել