Լոռին ռիսկային գոտի է աղետների համար
Մասնագետների գնահատմամբ` Լոռին սեյսմատեկտոնային եւ սեյսմիկության տեսակետից Հայաստանի ամենաբարդ տարածաշրջաններից մեկն է: Մարզում առկա են տարերային եւ տեխնածին տարբեր բնույթի աղետների սպառնալիքներ: Հորդառատ անձրեւները, առատ ձյունը, ռելիեֆի խիստ կտրտվածությունը, լանջերի նշանակալի թեքությունները (35 աստիճան եւ ավելի) եւ այլ գործոններ նպաստում են սելավների, ջրհեղեղների, սողանքների առաջացմանը:
Այս տարվա առաջին կիսամյակում մարզում գրանցվել է 263 արտակարգ դեպք, որից 75-ը (28,52%)` տեխնածին, 84-ը (31,94%)` տարերային, 104-ը (39,54%)` սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի: Արտակարգ դեպքերի, պատահարների հետեւանքով տուժել է 148, զոհվել 34 մարդ:
2010թ. առաջին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերի եւ պատահարների թիվն աճել է 33-ով, ընդ որում` 37-ով ավելացել են տարերային եւ 15-ով սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը, իսկ տեխնածին բնույթի դեպքերը նվազել են 19-ով:
Ընդհանուր առմամբ, մարզին հասցվել է 655.870.600 դրամի վնաս, որը 413.311.420 դրամով ավել է 2009-ի նույն ժամանակահատվածում արտակարգ դեպքերի հետեւանքով առաջացած նյութական վնասի չափից:
2010-ին մարզում գրանցվել է 45 երկրաշարժ (2009-ին` 34), որից մինչեւ 3 բալ ուժգնության` 39 դեպք, 3-5 բալ ուժգնության` 6 դեպք: Վնասներ, զոհեր, վիրավորներ չեն եղել: Գրանցվել է ձնաբքի երկու դեպք (2009-ին` 1), Սպիտակ-Ապարան եւ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհներին:
Ուժեղ քամիների հետեւանքով տուժել են մարզի թվով 6 համայնքներ` Մեծ Պառնի, Վանաձոր, Քարաբերդ, Քարաձոր, Վահագնի եւ Մարգահովիտ: Գրանցվել է գետի ջրի բարձրացման 8 դեպք (2009-ին` 5): Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով մարտ ամսին տեղի է ունեցել Փամբակ, Չիչխան եւ Դեբեդ գետերի, իսկ ապրիլ եւ հունիս ամիսներին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով` Տանձուտի վտակի ու Փամբակ գետի ջրի մակարդակի բարձրացում, որի հետեւանքով մեծ վնասներ են կրել Սպիտակ, Դարպաս, Շիրակամուտ, Ալավերդի, Ղուրսալի, Սարահարթ, Շահումյան համայնքները: Առաջացել են վթարներ, ավերածություններ, խցանումներ, փլվածքներ (խողովակների, փողոցների, կամուրջների): Վնաս է հասցվել գյուղացիական, ձկնաբուծական, ջերմոցային տնտեսություններին, երկաթուղային երթեւեկությանը:
Գրանցվել են նաեւ գրունտային ջրերի ներթափանցման ու քարաթափման դեպքեր: Քարաթափման հետեւանքով խաթարվել էր Թբիլիսի-Երեւան ավտոմայրուղու մի հատվածի եւ Փամբակ-Շահալի երկաթուղու երթեւեկությունը: Գրանցվել է սողանքի 5 դեպք: Շահումյան համայնքի «Սեւ աղբյուր» հանդամասում առաջացած սողանքը փակել էր հանդամաս տանող ճանապարհը: Փամբակ-Շահալի վազուրդի 2641 կմ-ում սողանքի հետեւանքով շրջվել էր բարձրավոլտ լարման էլեկտրասյունը, Վրաստանի Հանրապետության սահմանին կից Բուրդաձոր (Լալվարի) սահմանապահի ուղեկալի տարածքում նույնպես վնասվել եւ ընկել էին բարձր լարման հոսանքի սյուները, որի հետեւանքով ուղեկալը հոսանքազրկվել էր: Սողանքի հետեւանքով Վահագնի-Անտառամուտ ավտոճանապարհը դարձել էր ոչ երթեւեկելի:
Տեղի են ունեցել փլուզումներ Երեւան-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դարպաս, Ջորագետ-Ձորագյուղ, Ալավերդի-Ջիլիզա միջհամայնքային եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին (2009-ին դեպքեր չեն գրանցվել):
Մարզում գրանցվել է կարկուտի 7 դեպք (2009-ին` 3), որից տուժել են 42 համայնքներ: 31 համայնքներին հասցված ընդհանուր վնասը կազմել է 627.254.000 դրամ (2009-ին` կարկուտից տուժած 21 համայնքներից 11-ի վնասը կազմել է 224.060.000 դրամ): Սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի արտակարգ դեպքերից 38-ը թունավորումներ են, 61-ը` դժբախտ պատահարներ: Գրանցվել է 2 անասնահամաճարակ, գայլերի 3 հարձակում:
Թունավորումից տուժել է 65 մարդ, մահացել են 2-ը: Սննդի թունավորման դեպքերը 6-ն են, տուժել է 34 մարդ, (2009-ին` 6 դեպք, 8 տուժող): Տուժածների թվի աճը պայմանավորված է Վանաձորում «էկլեր» տեսակի թխվածքի մասսայական թունավորմամբ: Եղել է ալկոհոլից թունավորման 2 դեպք, 2 տուժող, դեղորայքից` 12 դեպք, 12 տուժող, բնական գազից` 8 դեպք, 9 տուժող, որից 2-ը` մահվան ելքով, քիմիական նյութերից` 7 դեպք, 7 տուժող:
Մարտ ամսին Դսեղ եւ Դեբեդ, մայիսին-հունիս ամսիներին Դսեղ համայնքերում առաջացել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը: Ընդհանուր առմամբ, մարզում աֆրիկայն ժանտախտ հիվանդությունից անկվել է 35 եւ հարկադիր սպանդի ենթարկվել 49 գլուխ խոզ (2009-ին դեպք չի գրանցվել):
Տեղի է ունեցել գայլերի հարձակման երեք դեպք Սպիտակ քաղաքում (27 հոշոտված եւ 17 վիրավոր ոչխար), Նոր Խաչակապում (4 հոշոտված ոչխար) եւ Դարպասում (6 գլուխ ցուլ) (2009-ին 2 դեպք):
Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 57-ը հրդեհներ են, որից 8-ը` գերատեսչական տարածքներում (7 դեպք անտառում, 1 դեպք` ՊՆ զորամասում): Հրդեհից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են երկուսը (2009-ի համեմատությամբ հրդեհները նվազել են 20-ով):
Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, եղել են 14 տուժողներ, որոնցից 4-ը զոհվել են (2009-ի համեմատությամբ ՃՏՊ-ն նվազել է 3-ով):
Գազատարի վթարները 6-ն են: Դրանք տեղի են ունեցել մայիս-հունիս ամիսներին Վանաձոր, Օձուն, Սպիտակ-Ապարան, Սարատովկա համայնքերում (2009-ին դեպք չի գրանցվել):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել