Կանխե՛նք ծառասպանությունը
Տեղեկանալով Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին քննարկումներին՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգում և զգուշացնում է.
· Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում շնչահեղձ լինող երևանցիների համար,
· Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում հիմնականում սոսիներ և կարագաչներ են, որոնց կորուստը չի կարող փոխարինվել,
· այգին տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում՝ վերածված է աղբակույտի և տուժում է հարակից շինարարությունից,
· նշված նախագծի մասին քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների և բնապահպանների հետ, և ստացել ենք խիստ բացասական տեսակետներ։ Բացի այդ, մեզ ահազանգել են հարակից շենքերի բնակիչները:
Ելնելով վերը շարադրվածից` Երևանի իշխանություններից և ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում ենք.
· ձեռնպահ մնալ նշված նախագծին որևէ ընթացք տալուց,
· լսել և հաշվի առնել հասարակության կարծիքը այս հարցում,
· չկրկնել նախկին սխալները և չվտանգել քաղաքացիների կյանքի միջավայրը Հայաստանի մայրաքաղաքի սրտում,
· վերադառնալ հանրային զբոսայգիները բացառապես որպես հանրային սեփականություն ընկալելու մոտեցմանը՝ չհամարելով դրանք որպես մասնավոր ներդրումների թիրախ,
· շտապ կերպով համայնքային միջոցներ ուղղորդել այգու բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական խնամքի համար:
Հաշվի առնելով Երևանը և գալիք սերունդների առողջությանը վտանգող էկոլոգիական աղետը՝ «Տաշիր գրուպի» նախագահ պարոն Սամվել Կարապետյանին կոչ ենք անում հանուն Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հրաժարվել այդ նախագծից:
Հասարակական կարծիքի անտեսման դեպքում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կմոբիլիզացնի երևանի բնակիչներին և օգտագործի հասարակական բողոքի բոլոր ձևերն ու իրավական միջոցները՝ հանրային զբոսայգու անձեռնմխելիությունը ապահովելու համար:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել