
«Արդեն 10 ամիս է` տղաս նախնական կալանքի տակ է պահվում «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում, եթե փող չտաս, «պերեդաչան» չեն փոխանցի, սպիտակեղեն չեն տվել, դրա համար էլ պիտի փող տաս, որ փոխանցեն, հանդիպման համար էլ պետք է փող տաս»,- այսօր լրագրողներին պատմեց ազատազրկվածի մայրը` չցանկանալով ներկայանալ, որպեսզի որդուն չպատժեն կալանավայրում:
Նրա խոսքով` հանդիպման ժամանակ իր եւ որդու միջեւ դրված ապակին այնքան «խամրած» է, որ որդու դեմքը չի կարողանում տեսնել:
«Գողություն է արել, գողոնը հետ են տվել, բայց դատը դեռ չի սկսվել, ձգձգում են, տղաս անազատության մեջ է: Երեխա է, սխալվել է, իր արածի համար դատեք, պահում են, ուրիշ գործեր էլ են բարդում իր վրա: Տաս ամիս է` ես եմ նստած, ոչ թե իմ էրեխեմ»,- արցունքներն աչքերին ասում է մայրը:
Նա նշեց, որ «Նուբարաշեն» քրեականատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում են ապրում կալանավորվածները: Հիմարկի ներկայացուցիչ Քոչարյանը «Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության» վերաբերյալ քննարկման ներկաներին ասաց, թե կարող են հենց այսօր միասին գնալ ՔԿՀ եւ տեղում տեսնել իրավիճակը:
ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հոգեբան Ժորժետա Մեսրոպյանը նկատեց, որ նույնիսկ այցելության դեպքում կալանավորվածները չեն համարձակվի պատմել ճշմարտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել