
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կառել Հոֆստրան ամիսներ առաջ հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նաեւ ֆինանսական աջակցություն տրամադրել Նուբարաշենի գերեզմանոցի թունաքիմիկատների ոչնչցման համար, սակայն այդ գումարը չի բավականացնի խնդրի ամբողջական լուծման համար: Կառել Հոֆստրան նշել էր, որ պետք է դիմել միջազգային այլ կազմակերպությունների` ֆինանսական աջակցության համար: «Հետքի» հարցին, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, Կառել Հոֆստրան պատասխանեց.
«Մենք մեծ առաքելություն ունենք այստեղ, որ պետք է իրականացնենք, ունենք լավ փորձագետներ, բայց չունենք այդքան մեծ ֆինանսական հնարավորություններ: Արտակարգ իրավիճակների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է համակարգի միջազգային հանրության ֆինանսական աջակցությունը: Մենք այդ ուղղությամբ միշտ կոնտակտի մեջ ենք Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրամիության, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ, որոնք կարող են ֆինանսապես ապահովել այն ծրագիրը, որը մենք հիմա մշակում ենք»:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը «Հետքին» ասաց, որ ԵԱՀԿ-ն գերեզմանոցի ուսումնասիրման ծրագրի նախագծման ավարտական փուլում է:
«Ես հուսով եմ, որ տարվա վերջին մենք կիմանանք, թե ինչպիսին է իրավիճակը գերեզմանոցում եւ թե որքան գումար է պետք խնդիրը լուծելու համար, որից հետո կդիմենք հիմնական դոնորներին»,- ասաց Հոֆստրան:
Նրա խոսքով` վերոնշյալ կազմակերպությունները հետաքրքրված են այս խնդրի շուրջ Հայաստանին օժանդակելու հարցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել