HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակողմանի աջակցություն` գյուղատնտեսության զարգացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) Հայաստանի ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին։ ԳԶՄՀ-ի` որպես ՄԱԿ-ի մասնագիտական գործակալություններից մեկի նպատակն է աջակցել գյուղական տարածքներում աղքատության հաղթահարմանը։ Հանդիպման ընթացքում Հեննինգ Պեդերսենը ներկայացրել է ԳԶՄՀ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը» և ծրագրի հաստատման հետագա քայլերի ժամանակացույցը։ Նա նշել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից ` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»: Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է նպաստել պտղի և ընկուզեղենի կենսունակ արտադրության և պայմանագրային այգեգործության զարգացմանը, երկրորդ բաղադրիչի ներքո` հասարակական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացում (գազամուղներ, ոռոգման և խմելու ջրագծեր, գյուղական ճանապարհներ և այլն): Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD), համաֆինանսավորողներն են` Նավթ արդյունահանող երկրների (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամն (OFID) ու ՀՀ կառավարությունը։ Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ծրագիրը կներկայացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի խորհրդի հաստատմանը։ Ինչպես հաղորդում են կառավարության մամլո գրասենյակից, վարչապետը կարևորել է ծրագրի նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և ընդգծել առաջին բաղադրիչի ներքո նաև օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ միջոցառումների ներառման և իրականացման անհրաժեշտությունը։ ԳԶՄՀ-ն Հայաստանում իրականացրել է 4 ծրագիր` «Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր» (ՈՀՎԾ) Համաշխարհային բանկի հետ համատեղ, «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման ծրագիր» (ՀԱՇԳԶԾ), «Գյուղական ծառայությունների ծրագիր» և «Գյուղական տարածքների զարգացման ծրագիր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter