Շինարարությունը սկսել են «օրենքից վեր կանգնած» մարդիկ
Բնապահպանները մտավախություն ունեն, որ Արգիճի գետի հունը փոխելուն ուղղված շինարարական աշխատանքները, որոնք այս պահին դադարեցված են, կարող են վերսկսվել: Արգիճին Սևանը սնուցող ամենաջրառատ գետն է, և բնապապանների համոզմամբ` գետի հունը փոխելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ և գետի մոտ ապրող բնակչության, և Սևանա լճի համար:
«Այդտեղ ոչ թե միայն Արգիճի գետի էկոհամակարգն է խախտվում, և նրա կենսաբազմազանության խնդիրը կա, այլև այստեղ Սևանի խնդիրն է: Սևանը մեզ մի քանի անգամ փրկել է սովից, մթությունից: Հիմա մենք պիտի վերադարձնենք մեր պարտքը Սևանին, իսկ մենք հակառակն ենք անում` ամենաջրառատ գետի ջուրը վերցնում ենք ինչ-որ նպատակներով»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը:
Հետևանքները Արգիճի գետին հարակից տարածքում ապրող բնակչության համար
Ասուլիսի մյուս բանախոսը` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի» գլխավոր մասնագետ, հիդրոտեխնիկ-ճարտարագետ Գեորգի Գևորգյանն, ասաց, որ Արգիճի գետի հարակից տարածքը բավականին խիտ է բնակեցված: Շուրջ 10.000 բնակիչ ունի Ներքին Գետաշենը, շուրջ 6.000` Վերին Գետաշենը: Այս և հարևան մյուս գյուղերի բնակչության միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Ամբողջ տարածքը սնվում է Արգիճի գետի ջրերով:
Արգիճիի տարեկան հոսքը մեծ է, սակայն ամռանը գետում ջրի հոսքն այնքան է պակասում, որ հազիվ է բավականացնում գյուղերի ոռոգմանը: Արգիճիի վերին հոսանքներում ջուր վերցնելու դեպքում Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն գյուղերում ոռոգման ջուր չի լինի: Ջրի համար գյուղերի միջև արդեն իսկ թշնամանք կա: Օրինակ` Ներքին Գետաշենը թույլ չտվեց, որ Վերին Գետաշենի համար ոռոգման ջրի խողովակաշար անցկացնեն, և հասավ նրան, որ խողովակաշարի շինարարությունը դադարեցվեց:

Գյուղացիները վախենում են, որ առանց Արգիճիի ջրի չեն կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել և ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրը: «Նրանք հարց տվեցին` ի՞նչ կորակավորվի իրենց` այդ տարածքի լքումը` որպես տեղահանո՞ւմ, թե՞ որպես գաղթ: Մենք լսում ենք մի բան ղեկավար անձերից, իսկ հետագայում տեսնում ենք, որ պատկերը լրիվ ուրիշ է»,- ասաց
Քնարիկ Հովհաննիսյանը:
Տարածքի բնակչության ահազանգով «Էկոլոգիական դաշինք» կազմակերպության անդամները հանդիպել են բնակչության հետ, քննարկել խնդիրը: Բնակչությունը տեղեկություններ ունի, թե պետք է հէկ կառուցվի: Գյուղացիները մտավախություն ունեն, որ հէկ-ի պատվարի կառուցումից հետո Արգիճի գետը կմնա առանց ջրի: Գյուղացիները նաև տեսնում են, որ գետից ջուր վերցնելու համար նախատեսված խողովակները հայտարարվածից ավելի մեծ են` 250 մմ-ի փոխարեն 530 մմ տրամագիծ ունեն: Տեղացիները չեն հավատում, որ գետից կվերցվի 87 լ/վրկ ջուր, թեև դա էլ փոքր ցուցանիշ չէ: 530 մմ տարագիծ ունեցող խողովակով արդեն կարելի է 7-800 լ/վրկ ջուր վերցնել:
«Տեսնելով այդ խողովակները, որոնք շատ ավելի են գերազանցում հայտարարված 230-ը կամ 87-ը` նրանք մտավախություն ունեն, որ պատվարը կառուցվում է ձկնաբուծության նպատակով: Տեղացիների խոսքերով` ինչպես երևում է, հէկ-ի պատրվակով այդ ջրամբարը կօգտագործվի այլ նպատակներով: Ի՞նչ է պատահել` հոյակապ տեղ է, հոյակապ բնություն, սառը ջուր, և այդտեղ կլինի և ձկնաբուծական ջրամբար և հիանալի ռեկրեացիոն տեղ է. վաղը, մյուս օր այդ ափերը կկառուցվեն, կլինեն կեմպինգներ, մոթելներ: Բայց Սևանը կտուժի, ինչ խոսք: Լինի դա ձկնաբուծություն, հէկ, միևնույն է` դա բիզնեսի աղբյուր է»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:
Հետևանքները Արգիճի գետի և Սևանա լճի համար
Արգիճիի 2 ափին ապրոող մարդիկ չունեն կոյուղի, մաքրման կայան, և բոլոր կոյուղաջրերը լցվում են Արգիճի գետ: «Եթե վերցնենք այդ ելքը, չթողնենք` անցնի, ապա այն մնացած հոսքը, որը կանցնի դեպի Սևան, կլինի տասնյակ անգամ ավելի կեղտոտ, աղտոտվածության բեռնվածությունը կմեծանա, և Սևանի ափամերձ տարածքը կտուժի»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:
Գեորգի Գևորգյանը մտավախություն ունի Արգիճիի ոչ միայն մակերեսային հոսքի, այլև գետահունային ավազանի հետ կապված: Այդ ավազանը իր ամբողջ տարածքով սնում է Սևանը, սակայն Սևանից չի սնվում: Ստորջրյա ավազանը` խորքային ջրերը, արտեզյան ջրերի ինքնաբուխ աղբյուրներ են: Սևանի հորիզոնից 100-150 մ բարձրության վրա հորատանցքեր են արված, և այդտեղ արտեզյան ինքնաբուխ ջրերն են դուրս գալիս (օրինակ` Մարտունու տարածքում): Այդ ավազանն ունի 2 տեսակի ջրեր` քաղցրահամ (Արգիճիի գետահունի աջ ափին) և հանքայնացված (Արգիճիի գետահունի ձախ ափին` Ներքին Գետաշեն, Լիճք տարածքներում):

«Եթե Արգիճի գետի վերին հոսանքներում ջրի հոսքը փոխենք, մենք արդեն կխախտենք նաև ստորերկրյա ջրերի մեր պաշարները, որը բավականին վտանգավոր է այդ տեղամասի համար: Մինչև հիմա կարծիք կար, որ Սևանի ավազանը սնվում էր Սևանի ջրերից, բայց հիմա կարծիք կա, որ չի սնվում Սևանի ջրերից: Եվ այդ ջրերը մենք կարող ենք որակազրկել, կորցնել դրանք»,- ասաց
Գեորգի Գևորգյանը:
Նա նշեց, որ նախկինում այդ տարածքում գտնվող Մադինա գյուղը հէկ է ունեցել, սակայն միայն փոքր հատվածում, բնապահպանական հոսքը պահպանելով, այդ ջուրը վերցնում էին, օգտագործում հէկ-ի և ոռոգման համար և նորից ջուրը հետ գցում գետ:
Գեորգի Գևորգյանը պարզաբանում է, որ եթե գետահունը փոխվի, գետի ամբողջ էկոլոգիան կփոխվի: Սևանի ձկնատեսակները (իշխան, բախտակ, կարմրախայտ) իրենց գարնանային ձվադրումը հիմնականում անում են Արգիճի գետում, քանի որ գետի ջրերը համեմատաբար ավելի մաքուր և արագահոս են, և ձկնատեսակի բնական զարգացումը կարևոր է ապահովել:
Ովքե՞ր են ուզում փոխել Արգիճի գետի հունը
Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ շինարարությամբ ՀՀ օրենքներ են խախտվել, առաջին հերթին` «Սևանի մասին» օրենքը: «Բնապահպան բոլոր օրենքները պահանջում են, որ գետի ջրհավաք ավազանը օգտագործվի խելացիորեն: Բացի դրանից` խախտվում է Ջրային օրենսգիրքը նույնպես, քանի որ մենք չգիտենք` ինչպիսի՞ ջրային հաշվեկշիռ է արված, ինչպիսի՞ ջրատնտեսական խնդիրներ կան այնտեղ, արդյոք հէկ-ից հետո ապահովվո՞ւմ են մնացած տարածքների ոռոգման պահանջները, հաշվարկվա՞ծ է, թե՞ ոչ գետի բնապահպանական հոսքը»,- ասաց նա:
Քնարիկ Հովհաննիսյանի ունեցած, մեկ ամիս վաղեմության տեղեկություններով` Բնապահպանության նախարարությունը փորձաքննություն չի արել և գետի հունը փոխելու թույլտվություն չի տվել: Բնապահպանը Մարտունիում տեղեկացել է, որ Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը ևս հունը փոխելու թույլտվություն չի տվել, և հանձնաժողովն անգամ տեղյակ չէ խնդրից:
Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով` շինարարությունն իրականացնում էին «բարձր դասի» մարդիկ, ովքեր վեր են կանգնած օրենքից և կարիք չունեն թույլտվություն ստանալ խողովակներ բերելու և շինարարություն սկսելու համար: Բնապահպանը չգիտի այդ մարդկանց անունները, կարծում է, որ կարևոր է շինարարության փաստը, ոչ թե անունը: Սակայն կգա ժամանակը, և շինարարությունն իրականացնողների անունները ևս հայտնի կդառնան:
Գեորգի Գևորգյանի կարծիքով` և Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը, և Սևան ազգային պարկը պետք է խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեն: Բանախոսները կարծում են, որ համապատասխան պետական մարմինները չեն համաձայնի գետավազանային փոփոխության` մանավանդ հաշվի առնելով այն, որ, օրինակ, ժամանակին չթույլատրվեց Արգիճի գետից ջուր տեղափոխել Մարտունի գետի հունի տարածքի հողերի ոռոգման համար:
Բանախոսները մտավախություն ունեն, որ շինարարությունը կվերսկսվի: Գեորգի Գևորգյանը նշում է, որ պատվարի կառուցվելուց հետո խնդիրը վերցնելը դժվար կլինի, և շատ ավելի հեշտ է կանխելը:
«Հիմա արդեն, երբ հարցը դեռ ստույգ, հաստատ չէ, պետք է աղմկել, որպեսզի որոշում ընդունող այդ մարդիկ զգաստանան, որովհետև սա, փաստորեն, այդ ժողովրդին վնաս բերող ակցիա է: Սա մեր հողի, մեր երկրի դեմ է ուղղված»,- ասաց Քնարիկ Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը ներկայացնում է «Էկոլոգիական դաշինքը», որի մեջ 47 բնապահպանական կազմակերպություն է մտնում:
«Էկոլոգիական դաշինքը» պատրաստվում է խնդիրը քննարկել նաև Բնապահպանության նախարարության հետ և ԲՆ-ից պահանջել տեղեկություններ ու փաստաթղթեր: «Այդ հարցը քննարկվում է և չի կանգնելու»,- ասաց բնապահպանը:
«Հուսով եմ, որ այդ խնդիրը պիտի շատ լավ ուսումնասիրվի, մասնագիտորեն հիմնավորվի, և եթե ջուրը վերցնելու խնդիր կա, ապա կատարվի հոսքի կարգավորում այդ մասում, ջրամբար կառուցվի, նոր նրանից ջուր վերցվի, այլապես եթե մենք վերցնում ենք հոսքը, հետագայում կունենանք լուրջ խնդիրներ»,- ասաց Գեորգի Գևորգյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել