Հանրապետությունում աճել է տրանսպորտային միջոցների քանակը
Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է անցյալ տարվա ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին տարիներին հանրապետությունում աճել է տրանսպորտային միջոցների քանակը: Եթե 2006թ-ին հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 308711, ապա 2010թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 418867 ավտոմեքենա: Այդ թվում` մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 84175-ով /320081-235906:
2009թ. հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2002 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 325, մարմնական վնասվածք է ստացել 2753 մարդ: Պատահարների ընդհանուր թվի մեջ 751-ը կամ 37.5 %-ը կազմել են վրաերթերը: Դրանց հետևանքով զոհվել է 136, վիրավորվել` 694 մարդ:
2008թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 200 դեպքով /2202-2002/ կամ 9 %-ով, զոհերի թիվը` 82-ով/407-325/, վիրավորներինը` 372-ով/3125-2753/: Չնայած ընդհանուր դեպքերի զգալի նվազմանը` 2008թ. համեմատությամբ վրաերթերի թիվը նվազել է ընդհամենը 2-ով կամ 0.3 %-ով, մինչդեռ վիրավորների թիվն ավելացել է 10-ով, իսկ զոհերի թիվը մնացել է նույնը: Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է 12 և վիրավորվել` 123 երեխա: 2008 թ. համեմատությամբ այդ բնույթի պատահարների թիվը նվազել է 3-ով կամ 1.3 %-ով, զոհերի թիվը 4-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 14-ով:
2009թ. ընթացքում հանրապետությունում արձանագրված 2002 դեպքից 843-ը կամ 42.1 %-ը կատարվել է Երևան քաղաքում` նախորդ տարվա 919-ի դիմաց, որի հետևանքով զոհվել է 63, մարմնական վնասվածք է ստացել 763 մարդ: Դեպքերը նվազել են 76-ով կամ 8.2 %-ով:
Հանցավորության վերաբերյալ տարեկան վիճակագրական տվյալների համաձայն` 2009թ ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 869 դեպք` 2008թ. 427-ի փոխարեն: Այդ բնույթի հանցագործությունների դեպքերն աճել են 442-ով կամ 101.5 %-ով:
Դեպքերի աճը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ հաշտվելու դեպքում քրեական գործի վարույթը կարճելու, և այդպիսիք օրենքով սահմանված կարգով որպես հանցագործության դեպք վիճակագրական հաշվառման վերցնելու պատճառով:
Ավտոտրանսպորտային հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված հանցագործությունների դեպքերի 5.9 %-ը /14567-869/:
Ուսումնասիրության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ գլխավոր դատախազության կայքէջի՝ «Բողոքներ, տեղեկանքներ» բաժնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել