
«Որպեսզի ես այստեղ մենակ չնստեմ, թող փոխմարզպետն ու Գյումրու քաղաքապետն էլ բարձրանան բեմ եւ կարող ենք մարզխորհրդի նիստը սկսել: Իմ համար առաջին, ձեզ համար հերթականը»,-դահլիճում հավաքվածներին դիմեց մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Նախորդ մարզպետների օրոք նման առանձնահատուկ ժեստ չէր արվել որեւէ համայնքի, այդ թվում եւ Գյումրու ղեկավարի նկատմամբ: «Ծափ տվեք, ծափ»,-շոյված հրավերից նստած 118 համայնքապետերին դիմեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Դահլիճում մի քանի «քաղաքավարական» ծափեր հնչեցին, մարզպետն էլ իրադրությունը շտկելու նպատակով նկատեց, թե ծափահարություններ հնչեցնում են միայն պարգեւներ տալու ժամանակ:
Մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի ղեկավարը ներկայացրեց առաջին կիսամյակում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքը: 6 ամսում փաստացի հավաքագրվել է 688մլն 664 հազար դրամ, նախատեսված ցուցանիշը կատարվել է 67,6 տոկոսով: 5 տարածաշրջաններից ամենավերջին տեղում կրկին Աշոցքն է` 38,5 տոկոս:
Մարզի քաղաքային համայնքներից Գյումրին սեփական եկամուտները կատարել է 65,1 տոկոսով: Նկատենք, որ հանրապետության երկրորդ քաղաքն այս հարցում ընդհանրապես չի ձգտում որեւէ կերպ լավացնել իր ցուցանիշները, մշտապես զբաղեցնելով 2-րդ պատվավոր հորիզոնականը: Առաջատարն ինչպես միշտ Արթիկ քաղաքն է` 103,4 տոկոս, 3-րդ տեղում իր աղքատիկ հնարավորություններով Մարալիկն է`58,5 տոկոսով: 26 գյուղական համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցում է 100 տոկոսը: Իսկ 13 համայնք չեն ապահովել անգամ 30 տոկոսը: Կան համայնքներ, որ ոչ միայն չեն մարել նախկինում կուտակված աշխատավարձի պարտքը, այլեւ ընթացիկ պարտքեր են առաջացրել սուղ բյուջեի պայմաններում աշխատավարձ բարձրացնելու եւ հաստիքներ ավելացնելու հաշվին:
«Բանակում էսպիսի մի կարգախոս կա. «Один за всех, и все за однаго», ներկաներին հիշեցրեց Աշոտ Գիզիրյանը,- մենք ինչքան կարող ենք ժամանակ տալ անպարտաճանաչ գյուղապետերին»:
Ըստ մարզպետի` մարզի դեմքը պարզ անող համայքների թիկունքում թաքնվելով, ցածր ցուցանիշ ապահովող համայնքները նախ եւ առաջ իրենց են վնասում:
«էս մարզխորհրդի նիստերը հիմնականում ծառայելու խնդիրներ լուծելու նպատակին, իմացեք,- զգուշացրեց Աշոտ Գիզիրյանը,- կլինեն հարցադրումներ, կփորձենք գտնել լուծումներ միացյալ ուժերով: Ես ինքս նորելուկ եմ այս ասպարեզում: 25 տարի շարունակ աշխատել եմ ուժային կառույցներում, եւ հանկարծակի հայտնվել եմ էստեղ, էնպես, որ մարզպետի իմ աշխատանքի ճիշտ կազմակերպմանը նպաստելու եք նաեւ դուք, հարգելի համայնքապետեր»:
Աշոտ Գիզիրյանը երկամսյա աշխատանքի ընթացքում նկատել էր, որ համայնքապետերը շատ են սիրում լինել Երեւանում, տարբեր գերատեսչություններում եւ նախարարություններում:
«Ես չեմ ասում, թե ինձանից թույլտվություն վերցրեք, նոր բացակայեք, դրա իրավունքն էլ չունեմ, ես մտադիր չեմ սահմանափակել ձեր գործողությունները, բայց տեղեկացրեք, երբ բացակայում եք մարզից»,- խորհուրդ տվեց մարզպետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել