HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Քշիշտոֆ Զանուսսի. «Հոլիվուդում իմ հայացքի համար տեղ չկա»

Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի «Փոխայց»-ը ներկայացված էր երեւանյան պրեմիերաների ցանկում: Ֆիլմը պատմում է ռեժիսորի 70-ականների ֆիլմերի`«Ընտանեկան կյանք» (1971), «Քողարկում» (1976), «Հաստատուն գործոն» (1980) ֆիլմերի դերակատարների հետագա ճակատագրերի մասին: Ֆիլմը ձեւով հարցազրույց է, որը վարում է «Սիրտն ափի մեջ» ֆիլմի` ինքնասպանության հակված երիտասարդ հերոսը: Բժշկի խորհրդին հետեւելով` նա հարցուփորձ է անում, թե կա որեւէ մեկը, ում կյանքը հաջող է դասավորվել: Ռեժիսորի նախորդ ֆիլմերից բերվող հատվածները դառնում են երիտասարդի հարցի պատասխանները:

«Ինձ հետաքրքիր էր, թե ինչ են եղել իմ նախորդ ֆիլմերի հերոսները, ինչ ճակատագրի են արժանացել: Հաճախ այս ֆիլմը ցուցադրում են նախորդ երեքի հետ միասին, սակայն այն ծրագիրը շատ է ծանրացնում, այդ պատճառով Երեւանում նախորդ երեքը չի ցուցադրվել»,- ասաց Զանուսսին: Լեհ ռեժիսորը պատրաստում է մեկ այլ ֆիլմ, որի վերնագիրն է «Օտար մարմին»:

Նա ասում է` այս ֆիլմը պաշտպանում է կանանց ֆեմինիստներից. «Ես ֆեմինիզմին դեմ չեմ: Ֆեմինիզմը խոլեստերինի նման է` լինում է լավ խոլեստերին, որն օգտակար է, լինում է` վատը: Այդպես էլ ֆեմինիզմն է: Ես վատ ֆեմինիզմին դեմ եմ»:

«Ոսկե Ծիրան» փառատոնի միշտ սպասված հյուրը նշում է, որ կյանքում միշտ մեկ բանից է վախեցել` բաց թողնել իր համար նախատեսված հնարավորթյունը. «Հնարավորություն բոլորն են ստանում: Բայց հասկանալ այդ հնարավորությունը եւ ճիշտ պահին ընկալել եւ փորձել դրանից օգտվել, հաճախ չի հաջողվում»:

Զանուսսին իր ֆիլմերով էլ բազմիցս ապացուցել է, որ «այլընտրանքային կինո»-ի ներկայացուցիչ է եւ հեռու է հոլիվուդյան կոմերցիայից: Այդ ընտրությունն իր համար դժվար չի եղել. « Պետք է մի խաղում խաղալ: Դու չես կարող բոլոր խաղերում լինել: Այդպես ես ընտրել եմ, որ երբեք Օսկարի չեմ արժանանալու: Եթե ես ուզում եմ իմ հայացքների պրիզմայով ֆիլմ նկարել, արդեն պետք է հասկանամ, որ Հոլիվուդում ոչինչ չեմ փորձելու: Ես չեմ անելու ահռելի լույսերով ֆիլմ, եւ իմ այդ հայացքի համար այնտեղ տեղ էլ չկա»: Ռեժիսորը երկար փնտրտուքների մեջ է եղել` զբաղվել է ֆիզիկայով, փիլիսոփայությամբ, բայց իրեն գտել է միայն կինոյի աշխարհում: Ասում է, որ միշտ իրեն զգացել է չհասկացված:

Կինոն դարձավ այն ոլորտը, այն դաշտը, որտեղ ինքը կարողացավ արտահայտվել, ու շփման դաշտ ստեղծել իր եւ աշխարհի միջեւ. «Կինոյի միջոցով ես շփվում եմ աշխարհի  հետ: Այլ ելք չեմ գտել: Կինոն իմն է, այստեղ ես ինձ տանտեր եմ զգում»:

Հայկական կինոարտադրության մասին Զանուսսին նշեց, որ այն խնդիրը, որ կա ամբողջ աշխարհում` կինոյի ֆինանսավորման, Հայաստանում ավելի ակնհայտ է. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դուք ունեք մեծ սփյուռք: Եվ կարելի է նրանց ուժերի միջոցով ստեղծել կինոարտադրողների համար բարենպաստ տարածություն եւ պայման: Այլ խնդիր է կազմակերպչական ողջ դժվարությունը եւ այնպիսի ֆիլմերի ստեղծումը, որոնք հետաքրքիր կլինեն թե հայերի, թե ամբողջ աշխարհի համար»:

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մասին Զանուսսին ասում է. «Իհարկե, «Ոսկե Ծիրանը» եւ նման է շատ փառատոններին, եւ առանձնանում է: Բացասական բաներից այն է, որ, օրինակ, իմ թռիչքը ժամանել է առավոտյան 4-ին (ծիծաղում է): Այս փառատոնն այնքանով է ինձ գրավում, որ այստեղ բոլորը իրապես հետաքրքրված են կինոյով: Ես տեսնում եմ, որ դահլիճները լիքն են: Ես տեսնում եմ, որ այս քաղաքի համար այս փառատոնը նշանակություն ունի, որ մարդիկ ապրում են այս շաբաթը փառատոնով: Իսկ ես նոր եմ գալիս մի փառատոնից, որտեղ եւ ընդունելությունը, եւ հյուրասիրությունները շատ շքեղ էին, սակայն կինոյի նկատմամբ հետաքրքրությունը` զրո: Այնտեղ այլեւս չեմ գնալու»:

Բացի կիոնյից, Զանուսսիին հարազատ է իր մեծ տունը, որտեղ արդեն հազարից ավելի հյուրեր է ընդունել. «Վերջին հյուրս հայ էր: Բավականին երկար ապրեց ինձ մոտ` իր ընտանիքով: Կինս մեծ ուրախությամբ բոլորին ընդունում է, ճաշ պատրաստում բոլորի համար: Ինձ լավ է հասկանում: Ես ունեմ նաեւ 10 շուն: Նրանք բոլորն էլ արդեն վաղուց պետք է մեռած լինեին, ինչպես նրանց անասնաբույժն է ասում` արդեն չափից ավելի են ապրել, այդքան չեն ապրում շները: Բայց, փաստորեն, իրենք իրենց այնքան լավ են զգում, որ չեն ուզում մեռնել»:

Լեհ ռեժիսորը կնոջ հետ բարեգործությամբ է զբաղվում, ինչպես նաեւ տարբեր հետաքրքիր միջոցռումներ են կազմակերպում միասին. «Հայտնի է, որ Գերմանիայի հետ այդքան էլ լավ չեն լեհերը: Այդպես մենք որոշեցինք ակցիա կազմակերպել: Հայտարարեցինք, որ լեհ-գերմանական սահմանի վրա արյուն է թափվելու: Բայց այն մշակութային բնույթ է կրելու: Դրեցինք երկու բժշկական կետ: Մի խումբը`իմ գլխավորությամբ, մարդկանց` գերմանացիներին եւ լեհերին, կոչ էր անում իրենց արյունը տալ հանուն բարձր արվեստի` Շեքսպիրի, Ռեմբրանտի, Շիլլերի , Բեթհովենի: Մյուս ագիտատորները կոչ էին անում արյուն տալ հանուն փոփի` Ջեքսոնի, Մադոննայի եւ այլն: Եվ ես իմ հաղթանակն եմ համարում այն, որ 40% մասնակիցներն արյուն տվեցին բարձր արվեստի համար: Իսկ կյանքում` 4 % -են առնչվում բարձր արվեստի հետ»:

Մյուս միջոցառումներից է նաեւ, այսպես կոչված, բացօթյա խոստովանությունը: Սակայն խոսքը մեղքերի խոստովանության մասին չէ, այլ մարդկանց կյանքի հետաքրքիր պատմությունների: Ինչպես եկեղեցում, այստեղ էլ դրվում է մի խուց, որտեղ խոստովանահոր փոխարեն նստում է Զանուսսին:

Նա չի տեսնում մարդկանց: Իսկ մարդիկ գալիս են նրան պատմելու իրենց կյանքի ամենահետաքրքիր պատմությունները: Կյանքով լի ու հետաքրքիր գաղափարներով առատ 71-ամյա լեհ ռեժիսորը խոստացավ հաջորդ տարի էլ այցելել Երեւանի «Ծիրան»-ը եւ նոր աշխատանքով հանդես գալ հայ կինոմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter