
«Մի՞թե չեք ամաչում ձեր արածից, ձեր տարեկիցները զոհվում են սահմանը պաշտպանելիս, իսկ դուք իրար միս եք ուտում էստեղ, չեք կարողանում հանգիստ, խաղաղ ծառայել,- ամբաստանյալի նստարանին նստած 11 զինծառայողներին դիմեց դատավոր
Էդվարդ Մանուկյանը,- մի՞թե թույլին ճնշելը, ծեծելը, ստորացնելը տղամարդկություն է»:
Ծեծ, վիրավորանք, ստորացումներ. այս ամենը պարբերաբար, 6 ամիս տեւողությամբ կիրառվել է քրեական գործով տուժող ճանաչված, զինծառայող Աբրահամ Քուպալյանի նկատմամբ համածառայողներ Յուրա Սարգսյանի, Դավիթ Մանուկյանի, Անդրանիկ Տերտերյանի, Աղասի Տոնոյանի, Գեւորգ Դավթյանի, Լեւոն Գալստյանի, Դավիթ Խալաթյանի, Դավիթ Ղուկասյանի, Արթուր Թառլոյանի, Արա Մանուկյանի եւ Արամ Վաղարշակյանի կողմից:
Երկրորդ տուժողը` ժամկետային զինծառայող Արմեն Բորիսովը, ով Աբրահամի դասընկերն է եղել, կռվի մեջ ներքաշվել է ընկերոջը պաշտպանելու պատճառով: Տուժող Աբրահամ Քուպալյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է 2009 թ. սեպտեմբերին, երբ ժամկետային զինծառայող Յուրա Սարգսյանն ինքնակամ լքել է զորանոցի տարածքը:
«Սամավոլկա» գնացածը շատ արագ հայտնաբերվել է Շիրակի կայազորի ՌՈ բաժնի Արթիկի հենակետի աշխատակիցների կողմից: Վաշտի տղաներն էլ որոշել են, որ իրենց միջի «ստուկաչը» ինքն է:

«Ինչո՞ւ էին այդպես կարծում»,- հետաքրքրվեց դատավորը: «Դե մտածում էին, որ մոտ եմ հրամանատարի հետ ու ես ասած կլինեմ»,- պարզաբանեց Աբրահամ Քուպալյանը: Կասկածելով, որ շարքային Յուրա Սարգսյանի` զորամասն ինքնակամ թողնելու վերաբերյալ զորամասի սպայակազմին եւ ՌՈ աշխատակիցներին տեղեկություններ է տվել Աբրահամ Քուպալյանը, նույն վաշտի ժամկետային զինծառայողներ Լեւոն Գալստյանն ու Դավիթ Ղուկասյանը, 2009 թ. սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը վաշտի զորանոցում մոտենալով Աբրահամ Քուպալյանին, վիրավորական բառերով մեղադրել են նրան ՌՈ աշխատակիցներին տեղեկություններ տալու համար եւ մեկական ապտակ հասցրել` պատճառելով ֆիզիկական ցավ:
Հաջորդ օրը, առավոտյան նախաճաշի ժամանակ մտնելով ճաշարան եւ սեղանի մոտ նկատելով Աբրահամին` շարքային Լեւոն Գալստյանը բարձրաձայն վիրավորել է` ասելով. «Բարի ախորժակ, այ բոզ»:
2009 թ. հոկտեմբերի վերջին զորամասի ժամկետային զինծառայողներից եւս մեկը ինքնակամ լքել է զորամասը, սակայն հայտնաբերվել է սպաների կողմից: Հրամանատարությանը տեղեկություններ հասցնելու կասկածն այս անգամ էլ է ընկել Աբրահամ Քուպալյանի վրա:
Այդ պատճառով «քուն» հրամանից հետո, զորանոցի միջանցքում շարքայիններ Յուրա Սարգսյանը, Անդրանիկ Տերտերյանը եւ Լեւոն Գալստյանը հայտարարելով, որ «բ.-ին հասնում է», ծեծել են Ա. Քուպալյանին: Նույնատիպ սցենարով ծաղր ու ծանակը ծեծի ուղեկցությամբ շարունակվել է դեկտեմբերի 9-ին` կեսօրին, զորանոցի տարածքում:
Բռնություն գործադրողներն այս անգամ եղել են շարքայիններ Յուրա Սարգսյանը, Դավիթ Մանուկյանը, Անդրանիկ Տերտերյանը եւ Գեւորգ Դավթյանը:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 15-ից 16-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արամ Վաղարշակյանը զորամասի տարածքում կենցաղային աշխատանք կատարելու նպատակով պահանջել է Աբրահամին արագ հագնվել:
Երբ վերջինս դանդաղել է, սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորել է Աբրահամի պատիվն ու արժանապատվությունը: Աբրահամի հակաճառելուց հետո տղաները ծեծել են նրան:
Տեսնելով, որ ընկերոջը ծեծում են, նրանց է մոտեցել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Բորիսովը ու միջամտել, որպեսզի ծեծը դադարեցնեն:
Նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Ալեքսանյանը, իմանալով կատարվածի մասին, խորհուրդ է տվել Քուպալյանին դիմել զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գրիգորի Ավետիսյանին:
Հրամանատարին տեղի ունեցածի մասին նախ զեկուցել է շարքային Ալեքսանյանը, այնուհետեւ Քուպալյանը, առանց անուններ տալու, ասել է, որ արդեն երկու ամիս է իրեն պարբերաբար ծեծում եւ ծաղր ու ծանակի են ենթարկում իրենց վաշտի զինվորները:
Հրամանատարին տեղյակ պահելը ոչ մի արդյունքի չի հանգեցրել, քանզի տարաբնույթ ճնշումները շարունակվել են` ընդհուպ տուժողի վրա աղբ լցնելն ու զորանոցի տարածքում մաքրություն իրականացնելու ստիպողական հրահանգները: Աբրահամի կողմից ընդդիմության ցանկացած փորձ ավարտվել է ծեծով:
«Ես բազմիցս խնդրել եմ հրամանատարությանը, որ ինձ ու Յուրա Սարգսյանին իրար հետ վերակարգի չդնեն, բայց իմ խնդրանքները բանի տեղ չէին անցնում, եւ չկար մի վերակարգ, որ կռվով չավարտվեր»,- դատարանում պատմեց տուժող Ա. Քուպալյանը:
2010 թ. հունվարի 15-ին վերակարգը հանձնելիս, տարածքի մաքրությունը կատարած չլինելու պատճառով նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Աղասի Տոնոյանը վիճաբանել է գործով տուժող շարքային Արմեն Բորիսովի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով` բռնություն կիրառել, քաշքշել ու հրել է նրան: Վեճը շարունակվել է նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, զորանոցի դասասենյակում:
Աղասի Տոնոյանը բռունցքով մեկ անգամ հարվածել է Արմենի քթին` պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքից մի քանի օր անց այդ մասին զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գրիգորի Ավետիսյանին հայտնել է Արմենի մայրը` Թամարա Բորիսովան:
Տուժող Ա. Քուպալյանը դատարանում հիշեց իր նկատմամբ կիրառված բռնության 12 դեպք: 2010 թ. հունվարի 18-ին` ժամը 13-ի սահմաններում, իր բջջային հեռախոսը գողանալու կասկածանքով շարքային Էդգար Հարությունյանը զորամասի սպորտդահլիճում վիրավորական ու անպարկեշտ արտահայտություններով դիմել է Քուպալյանին` պահանջելով վերադարձնել հեռախոսը:
Վերջինս հրաժարվել է` ասելով, թե տեղյակ չէ, ինքը չի վերցրել: Սպորտդահլիճում գտնվող շարքային զինծառայողներ Յ. Սարգսյանը, Ա.Թառլոյանը, Ա. Մանուկյանը, Ա. Տերտերյանը եւ կրտսեր սերժանտ Դավիթ Խալաթյանը խմբով ծեծել են Քուպալյանին, որի հետեւանքով վերջինս կորցրել է գիտակցությունը:
Արամ Մանուկյանն ու մի քանի այլ զինվորներ փորձել են օգնություն ցույց տալ ուշաթափված Քուպալյանին: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, զորանոցի դասասենյակում շարքային զինծառայողներ Յուրա Սարգսյանն ու Աղասի Տոնոյանը բռնության են ենթարկել Ա. Քուպալյանին, սպառնացել են, թե «կմորթեն», եթե մինչեւ առավոտ Էդգար Հարությունյանի հեռախոսը չգտնվի` ասելով. «Եթե քո տեղը նորմալ մարդ լիներ, կկախվեր, դու սրբություն չունես»:
«Ձեր նման սպաներն են, հա՞, զինվորների հույսը,- գործով վկա, թիվ N զորամասի կապի պետ, կապիտան Գեւորգ Երիցյանին դիմեց դատավոր Էդվարդ Մանուկյանը,- որ անտեր թողնեք օգնության կարիք ունեցող զինվորին: Էդ դեպքում ո՞րն է ձեր դերը, ի՞նչն էր ձեզ խանգարում միջամտել, չթողնել, որ դեպքերն էսպիսի զարգացում ունենային, վախենո՞ւմ էիք»:
Վկա Գեւորգ Երիցյանը չժխտեց, որ Աբրահամ Քուպալյանին ծեծելու մասին իրեն տեղյակ է պահել Արմեն Բորիսովը: Բայց թե ինչո՞ւ չի արձագանքել, դատավորի այս հարցին վկան չկարողացավ պատասխանել: Գ. Երիցյանի հետ եղել է եւս մեկ սպա` զորամասի տեխնիկական մարտկոցի հրամանատար Արա Մելքոնյանը:
Վերջինս մտնելով դահլիճ` գետնին տեսել է կոտրված բջջային հեռախոսներ, նաեւ` թե ինչպես են զինվորները ծեծում Քուպալյանին: Իմանալով, որ ծեծում են գողության համար, ասել է. «Բոզություն չանեիր, չծեծեին»:
Դատավոր Մանուկյանին հետաքրքրեց, թե ինչպես կարելի է առանց ճշմարտությունը պարզելու մարդուն մեղադրել եւ դեռ դատավճիռ էլ արձակել:
«Պարոն Կապիտան, դուք երեւի ձեզ կապիտան Քլոսն եք երեւակայել,- վկային դիմեց դատավորը,- չգիտեմ ով, բայց դուք, փաստորեն, տեսել եք, որ զինվորին ծեծում են եւ չեք միջամտել: Դա է ձեր կոչումը: Գիտե՞ք ինչն է վիրավորական, որ դուք հիմա շարունակում եք ծառայել, ու այստեղ նստած ծնողներն իրենց զավակներին են ձեզ վստահում»:
Դեպքի կապակցությամբ երկու սպաներն էլ կարգապահական տույժի չեն ենթարկվել: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գրիգորի Ավետիսյանն այդպես էլ չներկայացավ դատարան: Դատավոր Էդվարդ Մանուկյանը հրապարակեց նախաքննական մարմնին վերջինիս տված ցուցմունքները, որից պարզ դարձավ, որ հրամանատարը տեղյակ է եղել զորամասում կատարվող դատաստաններից:
Բայց քանի որ շատ զբաղված է եղել, վաշտի ավագ Յուրա Մկրտչյանին հանձնարարել է այդ խնդրով զբաղվել:
Կողմերին լսելուց հետո դատարանը որոշեց Յուրա Սարգսյանին եւ Անդրանիկ Տերտերյանին ազատազրկել 1 տարի, իսկ Դավիթ Մանուկյանին եւ Աղասի Մելքոնյանին` 1 տարի 6 ամիս ժամկետով: Կալանքի տակ չգտնվող զինծառայողների նկատմամբ 3 տարի ժամանակով փորձաշրջանի կիրառումը դատարանը որոշեց սահմանել 1 տարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել