Շենքից դուրս գալով` փողոցում կհայտնվեն
Զարմանալի է նման ավերակի գոյությունը քաղաքի տեսանելի հատվածում՝ կենտրոնական փողոցներից մեկում՝ անմիջապես փողոցին հարող մայթին, և այն էլ՝ մարդկանցով բնակեցված։ Սա Վանաձորի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքն է։ Շենքը պատկանում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հյուսիսային մասնաճյուղին։
1932 թ. շենքը (նախկին հասցեն` Մարքսի փողոցի 57) «Հայաստան էլցանցի» կողմից Կիրովականի քաղսովետի գործադիր կոմիտեի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի օրդերներով հատկացվեց Էլցանցի աշխատողներին։ Մոտ կեսդարյա բնակությունից հետո այստեղ արդեն նրանց երկրորդ, երրորդ սերունդներն են ապրում։ Նրանք Էլցանցի նախկին՝ թոշակի անցած և ներկայիս աշխատողներն են։ «1984 թ.-ից բնակվում ենք էս փլված շենքում։ Ամուսինս հիմա էլ աշխատում ա Էլեկտրացանցում։ 10 անձով էստեղ ենք ապրում, ապրում ենք իրար գլխի, հնար չկա, էլ չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է Սուսան Զաքարյանը։
«8 անձ ենք ընտանիքում, իմ հայրը ըստեղ ծնվել ա՝ էս շենքում, էստեղ էլ 4 տարի առաջ մահացել։ Եղբայրս 40 տարեկան ա, մինչև հիմի չի ամուսնացել։ Երեք ջահել երեխեք կան՝ 22-23 տարեկան, ամուսնացած չեն։ Երկու ջահելները գնացել են Ռուսաստան, չեն կարում էնքան գումար աշխատեն, որ տուն առնեն, գնանք ապրենք։ Էլեկտրացանցը Հայաստանում ամենահարուստ հիմնարկն ա, բայց էսօր իրա քմահաճույքին ա թողել էս շենքը, ժողովուրդը միջին կոտորվում ա»,- ասում է Մարուսյա Շահբազյանը։
«Ես դակումենտ ունեմ, որ էս բնակարանն իմն ա, բայց չեն թողնում սեփականաշնորհենք։ Ասում են՝ էս քանդված շենքի ի՞նչը սեփականացնեք»,- ասում է Հարություն Սողոմոնյանը։ Բնակիչներին իրավունք չի տրվում սեփականաշնորհել իրենց բնակտարածքը։ Պատճառաբանվում է, թե շենքը վթարային է (վթարայնության չորրորդ կարգի) եւ քանդման ենթակա։ Այդ եզրակացությունը տրվել էր դեռևս 6.10.99թ. շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքում։ Այդ մասին բնակիչներին պաշտոնապես հայտնել էր նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը` նրանց դիմումին ի պատասխան 08.09.2008 թ. ուղարկած գրության մեջ։ «Քանդման ենթակա շենք չի եղել, 4-րդ կարգ չի եղել, դրա համար չեն հաշվառել հերթացուցակում։ Իսկ հերթացուցակը արդեն վերջնական տեսքի բերած հանձնել ենք Կառավարություն»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանը: Շենքը բնակհատկացման հերթացուցակում չհաշվառելու մյուս պատճառը համայնքային սեփականություն չլինելն է:
«Դա Էլցանցի ենթակայության շենք է։ Էդ շենքերը, որպես կանոն, իրենք են տնօրինում։ Դա մեզ չի հանձնված»,- բացատրում է Ա. Մայիլյանը։ Քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանն այդ մասին պաշտոնապես տեղեկացել էր բնակիչներին. «Նկատի ունենալով, որ շենքը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հյուսիսային մասնաճյուղի հաշվեկշռում, Վանաձորի քաղաքապետը իրավասու չէ ՀՀ կառավարության 10.06.99թ. N432 որոշմամբ հաստատված՝ աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին արտահերթ հատկացման կարգի համաձայն նշված շենքի բնակիչներին հաշվառելու արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում»։

«Պետք է շենքը տային քաղաքապետարանին, որ հնարավոր լիներ բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը լուծել»,- ասում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Վալերի Անտոնյանը։ «էդ շենքը նրանք փորձեցին մեզ հանձնել, չընդունեցինք էդ վիճակում։ Դա խարխուլ, վթարային, քանդման ենթակա շենք ա, որպես ի՞նչ հանձնվեր մեզ։ Մենք մեր պրոբլեմները էսօր չենք կարում լուծել»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը։ Մեջբերումից հասկացվում է, թե իբր Էլցանցն է ցանկացել շենքը համայնքին հանձնել, սակայն Լոռու մարզպետի կողմից 18.04.2007թ. ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ շենքի քանդման և բնակիչների բնակապահովման խնդրի հերթական քննարկման արդյունքում շենքի բնակիչներն ու համայնքի ղեկավարությունը պայմանավորվել են դիմել ՀՀ Էներգետիկայի նախարարություն՝ «ԲԷՑ» ՓԲԸ-ի հյուսիսային մասնաճյուղի հաշվեկշռից վթարային շենքը համայնքային հաշվեկշիռ մտցնելու համար։ Նույն ծանուցման մեջ ասվում է նաև, որ հետագայում շենքի տարածքը աճուրդային եղանակով կտրամադրվի նոր բնակելի շենք կառուցելու՝ շահառու բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու պայմանով։ Այդ մասին նշված է նաև 25.04.2007 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին հասցեագրված գրության մեջ։ Պարզ է դառնում, որ շենքը Էլցանցի հաշվեկշռից համայնքի հաշվեկշիռ փոխանցելու նախաձեռնությունը համայնքինն է եղել, որն ունեցել է իր շահագրգռությունը, ինչը նույնպես հասկանալի է դառնում Տ. Պապանյանի խոսքից. «2007-ին հնարավոր տարբերակ էր, որ շենքը քանդվեր, տարածքը իրացվեր, և գնորդին պարտավորեցվեր, որ իր շահույթի հաշվին էս ընտանիքների համար բնակարան կառուցի։ Էդ փորձը մենք ունեինք։ Բայց այսօր՝ տնտեսական ճգնաժամից հետո, սա չաշխատող տարբերակ է»։
Պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ շենքը համայնքին փոխանցվելու դեպքում էլ համայնքապետարանը պատասխանատվություն չի կրում բնակիչների բնակապահովման հարցում։ «Էդ շենքի մարդիկ մեր բնակֆոնդում հաշվառված չեն, մեր հերթացուցակում չկան, որովհետև մեր շենքերի բնակիչ չեն, աղետից տուժած չեն։ Էդ մարդիկ եթե դուրս գան էդ շենքից, գան մեզ մոտ հաշվառվեն, որպես ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիք պիտի հաշվառվեն»,- ասում է Տ. Պապանյանը։ «Շենքը Էլեկտրացանցի սեփականությունն է, ինքն էլ պարտավոր է լուծել իր բնակիչների բնակարանային խնդիրը։ Հա, իր բնակիչներն են, 30 տարի էդ մարդիկ ապրել են էդտեղ, աշխատել են այդ հիմնարկում, օրինական պահանջներ ունեն այդտեղ բնակարան ունենալու համար»,- ասում է Վ. Անտոնյանը։ Փաստորեն, բոլոր պարտավորությունները գերատեսչության վրա են դրվում։ Այս մասին բնակիչներին պաշտոնապես հայտնել են նաեւ նախկին և ներկա մարզպետները։ Դադարելով շենքի հանդեպ պահանջ ներկայացնելուց՝ համայնքը դիմել է մասնաճյուղին, ապա դատարան՝ այն քանդելու հայցով։
Մարզպետ Ա. Քոչարյանը գրությամբ տեղեկացրել էր բնակիչներին, որ Վանաձորի քաղաքապետարանը խնդրել է մասնաճյուղին քանդել նշված շենքը։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 17.02.2004 թ. վճռով հայցը բավարարել է։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 28.04.2004 թ. վճռով որոշվել է մասնաճյուղին պարտավորեցնել քանդել շենքը՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից բնակիչներին ժամանակավոր բնակտարածություն հատկացնելուց հետո։ Մարզպետը հայտնել է նաև, որ դատարանի վճռում նշված չէ, թե ով է պարտավոր լուծել նրանց բնակարանային խնդիրը, և որ ներկայումս բնակարանների հատկացումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 10.06. 1999 թիվ 432 որոշման, որի կարգավիճակը նրանք չունեն, իսկ նոր հատկացում օրենքով նախատեսված չէ, և որ նրանց խնդրին հնարավոր կլինի անդրադառնալ այլ ծրագիր լինելու դեպքում։ Բնակիչները հրաժարվել ու հիմա էլ հրաժարվում են համայնքապետարանի՝ հանրակացարանում ժամանակավոր բնակմակերեսներ հատկացնելու կամ իրենց բնակվարձը փոխանցելու առաջարկությունից։ Իսկ շենքի սեփականատերը շարունակում է «համառել», որ բնակիչները լքեն այն։ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս. Աբրահամյանի՝ 06.04.2009 թ. շենքի բնակիչներին ուղղված գրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Սկսած 2004 թ.-ից` և Վանաձորի քաղաքապետարանը, և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն բազմիցս զգուշացրել են ձեզ այն մասին, որ ձեր կողմից զբաղեցրած բնակտարածքը գտնվում է 4-րդ կարգի վթարային շենքում, ինչը պոտենցիալ վտանգ է սպառնում ձեր կյանքին և առողջությանը։ Վթարային շենքի քանդման և ժամանակավոր բնակտարածք հատկացնելու վերաբերյալ առկա են ինչպես 1-ին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի վճիռները։ Դեռևս 2005-ին քաղաքապետարանը առաջարկել է ժամանակավոր բնակելի տարածքներ հատկացնել ձեզ, ինչից դուք կտրականապես հրաժարվում եք։ Հնարավոր անկանխատեսելի հետևանքներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար կրկին առաջարկում եմ առաջիկա 10 օրվա ընթացքում տեղափոխվել քաղաքապետարանի կողմից առաջարկված բնակտարածք։

Հրաժարվելու դեպքում հնարավոր դժբախտ պատահարների համար ամբողջ պատասխանատվությունը կկրեք դուք, իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իրեն իրավունք կվերապահի դիմելու դատարան՝ զբաղեցրած տարածքից ձեզ վտարելու հայցով»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել