«Մեր ապրուստն ի՞նչ է.-մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա-երկնքից կախված»
Դվինը Հայաստանի տասներկու մայրաքաղաքներից մեկն է: Խոսրով Կոտակ թագավորը Ք.Ա. 2-րդ դարում հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխեց Դվին. այդ ժամանակ այդտեղ չկային մոծակներ, բնությունը հարուստ էր, ջուրը` քաղցրահամ: Նոր մայրաքաղաքը արագ էր զարգանում: Այստեղով էր անցնում գլխավոր առ- եւտրական ուղիներից մեկը, որ կապում էր Արեւմուտքն ու Արեւելքը: Սակայն այժմ դվինցիներին երբեմնի բարգավաճ անցյալի մասին աղոտ հիշեցնում են միայն արքունիքի ավերակներն ու հնագիտական պեղումների փոքրիկ թանգարանը: Փոխարենը գյուղացիները շատ լավ են հիշում խորհրդային տարիները:
Ձմռանը չկար ջեռուցման խնդիր, դպրոցում դասերը ցրտի պատճառով չէին ընդհատվում, կային աշխատատեղեր, երիտասարդները անգործության չէին մատնված, գործում էր կինոթատրոնը, մշակույթի տանը պարբերաբար կազմակերպվում էին համերգներ ու ներկայացումներ: Այդ անհոգ տարիներն էլ են այժմ պատմության գիրկն անցել:
Անկախ Հայաստանում Դվինը այլ կերպ է ապրում: Գյուղում մշակութային ոչ մի օջախ չի գործում: Դվինցիները գյուղամեջ գնում են միայն թոշակ ստանալու համար: Բոլորն անհամբեր սպասում են ամսվա առաջին շաբաթվա այն օրվան, երբ թոշակ են տալու: Թոշակի նորությունը կայծակնային արագությամբ է տարածվում գյուղում:
Հուլիսի 8-ին էլ, ինչպես ամեն ամսվա «թոշակի օրը», վաղ առավոտից գյուղապետարանի մոտ մարդկանց կուտակում էր: Նույնիսկ վեճեր կային. մարդիկ միմյանցից պահանջում էին հերթը չխախտել: Ամեն ոք ուզում էր րոպե առաջ ստանալ իր թոշակը:
«Մեզ համար սա միակ գումարն է, որ ամեն ամիս ստանում ենք: Գյուղացիներից քչերն ունեն պետական աշխատանք ու աշխատավարձ են ստանում: Մեր եկամտի աղբյուրը գյուղմթերքների վաճառքն է, ինչը սեզոնային բնույթ ունի»,- բացատրում է իր թոշակին սպասող Անահիտը:
Այս տարի ցրտահարության պատճառով գյուղացիներից շատերը զրկվել են այդ միակ եկամտից: Գյուղացիները գիտեն, որ իրենց ապրուստն անմիջականորեն կախված է եղանակային պայմաններից: Դվինցիները հաճախ են մեջբերում Թումանյանի «Հառաչանքից». «Մեր ապրուստն ի՞նչ է.-մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա-երկնքից կախված»:
«Աշնանը կատաստրոֆիկ վիճակ կլինի»
«Ամեն տարի ծիրանի սեզոնին մեր գյուղ էր մտնում 200-250 մլն դրամ: Իսկ այս տարի մարդիկ, որ ունեն 1 հա ծիրանանոց, չեն քաղել անգամ 9 կգ ծիրան,- «Հետքի» հետ զրույցում անհանգստացած էր գյուղապետարանի քարտուղար Ս. Վարդանյանը,- շատերը վարկ են վերցրել ծիրանանոցները մշակելու համար. անհրաժեշտ պարարտանյութերը, թունաքիմիկատները ու տեխնիկան շատ թանկ են: Վարկերը գյուղի մեծագույն պրոբլեմն են այսօր: Եթե ամբողջ գյուղի վարկերը հավաքենք, կես մլրդ կլինի: Մարդիկ կան, որ որքան հնարավորություն են ունեցել, դիմել են բանկերի օգնությանը: Աշնանը կատաստրոֆիկ վիճակ կլինի: Նրանք ուղղակիորեն ի վիճակի չեն լինի վերցրած վարկերը փակել»:
Գյուղնախարարի ասածը սուտ է
Ստեղծված ծանր պայմաններում Դվինի գյուղացիները առավել հաճախ են դիմում գյուղապետարանի օգնությանը: Ըստ Վարդանյանի` դիմում-բողոքների թիվը վերջերս կտրուկ աճել է: Դրանք հիմնականում տնտեսական բնույթ ունեն: «Գյուղացին այսօր անտեր է, միայնակ: Ցրտահարությունը ոչ մի կերպ չի փոխհատուցվել պետության կողմից, հույս էլ չկա: Ի՞նչ ակնկալենք, եթե նախարարը հայտարարում է, որ անցյալ տարվա համեմատ ընդամենը 30%-ով պակաս բերք ունենք, դա բացարձակ սուտ է, եւ որ ինքը գյուղացի է ու կանգնած Է ժողովրդի կողքին` սա առավել եւս սուտ է»,- դժգոհում է Վարդանյանը: Չնայած բոլոր դժվարություններին, դվինցիները չեն լքում իրենց գյուղը: Նրանք կառչած են հողին, աշխատում են օրնիբուն, քչերն են մեկնում արտագնա աշխատանքի: Փոխարենը շատ երիտասարդներ աշխատում են Երեւանում:
Տրանսպորտից մինչեւ մշակույթի տուն
Մայրաքաղաքին այդքան մոտ է Դվինը, բայց մայրաքաղաք հասնելը դժվար է. տրանսպորտի աշխատանքից շատ են բողոքում:
«Ճանապարհն ուղղակի անտանելի հոգնեցուցիչ է: Բանն այն է, որ մեր գյուղին հատկացված երթուղայինները շատ քիչ են, եթե հաշվի առնենք, որ դրանք սպասարկում են նաեւ հինգ այլ գյուղերի բնակիչների եւ աշխատում են խիստ սահմանափակ, միայն ֆիքսված ժամերի,- ասում է ԵՊՀ ուսանողուհի Ալլա Կիրակոսյանը:- Հատկապես առավոտյան ու երեկոյան երթուղայիններն այնքան ծանրաբեռնված են, որ տեղավորվելը գրեթե անհնար է»:
Գյուղացիները հույս չունեն, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կբարելավվի: Համայնքապետարանում ասում են, որ այդ հարցն իրենց իրավասության մեջ չէ, միջոցներ էլ չունեն:
«Գյուղապետարանի բյուջեն շատ աղքատ է,- ասում է Ս. Վարդանյանը,- գյուղացիներ կան, որ տարիներ շարունակ հարկեր չեն վճարել: Մենք չենք կարողանում անգամ վերանորոգել գյուղի մշակույթի տունը»:
Վերանորոգման կարիք մշակույթի տան շենքն, իրոք, ունի: Այն կառուցվել է 1931 թ., վերջին անգամ վերանորոգվել` 1971 թ.:
«1990-թթ.-ին շենքում բնակություն հաստատեցին Բաքվից գաղթածները: Այժմ մշակույթի տունը չունի համապատասխան սարքավորումներ, բեմ, փորձասենյակներ որեւէ միջոցառում կազմակերպելու համար: Բոլորովին վերջերս դիմել ենք մշակույթի նախարարություն, Պետական գույքի կառավարման վարչություն: Բայց ոչ մի օգնություն չենք ստացել»,- վրդովված էր քարտուղար Վարդանյանը:
Գյուղի զբոսայգին արոտավայր է
Քանի որ պետական մարմիններն անվերջ լռում են նաեւ այս հարցում, երիտասարդության մեծ մասն իր փրկությունը տեսնում է գյուղից հեռանալու մեջ: «Երիտասարդության համար ոչ մի անելիք չկա,- արդարանում է Ալլա Կիրակոսյանը,- գրադարանը միշտ փակ է, գյուղի զբոսայգին արոտավայրի է վերածված, չկան աշխատատեղեր նորավարտ մասնագետների համար: Գյուղի կյանքը գոնե մի փոքր բարելավելու համար անհրաժեշտ է երկար տարիների հոգատար աշխատանք ու պետական աջակցություն»:
Քնարիկ Խուդոյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել