Տարզանի գործը դատարանում է 14-րդ անգամ
Թրաֆիքինգի համար նրան սպառնում է երկարաժամկետ ազատազրկում
«Տես` սաղ գլուխս ծակ ա: Տարզանը սպիտակ ու կապույտ թելերով պարան ուներ: Դրանով, տնից փախնելու համար, ինձ կապում էր կառավաթից, իզալենթով փաթաթած չագուչը վերցնում ու խփում գլխիս: Արդեն լրիվ խելագարվել էի. ինձ ու ինձ խոսում էի ու լացում»,- պատմում է 37-ամյա Սոնան ու ափով սրբում արցունքները: Նախկինում 13 անգամ դատապարտված Սարիբեկ Աղրամանյանն ավելի շատ հայտնի է Սամո անունով: Սակայն 60-ամյա այս տղամարդուն ընկերական նեղ շրջապատում դիմում են Տարզան մականունով: Սոնան նրա հետ ծանոթացել է 5 տարի առաջ` մեկ այլ մականունավորի` Դոմփիի միջոցով:
«Գումի շուկայի մոտ կանգնած` հաճախորդ էի սպասում: Մեկ էլ մոտեցավ էդ Դոմփին, ծանոթացանք, ասաց, որ 15 հազար դրամ կտա ու առաջարկեց հյուրանոցի փոխարեն գնալ ընկերոջ` Տարզանի տուն,- պատմում է Սոնան: Հաջորդ օրն արդեն Տարզանը եկավ շուկայի մոտ, 5 հազար դրամ տվեց ու տարավ էլի իրա տուն: Մնացի նրա մոտ. ամբողջ գիշեր չքնեցինք` խոսում էինք»:
Սոնան երանությամբ է հիշում Սարիբեկ Աղրամանյանի հետ անցկացրած առաջին տարին: Վերջինս իրեն կտրականապես արգելել է զբաղվել նախկին գործով, եւ այդ ընթացքում միասին ապրել են ինչպես իսկական ընտանիք՝ Տիգրան Մեծ փողոցի 43 շենքի բակում տեղակայված փայտե երկսենյականոց տնակում: Դեռ երեխա ժամանակ ավտովթարի պատճառով Սոնան զրկվել է ծնողներից եւ չունենալով հարազատներ` հայտնվել Գավառի մանկատանը: Չափահաս դառնալուց հետո, ինչպես ինքն է ասում, գոյությունը պահելու համար ստիպված զբաղվել է մարմնավաճառությամբ, ապրել կամ վարձով, կամ էլ ժամանակավորապես ապաստանել այս կամ այն ընկերուհու տանը:
«Մյուս օրն առավոտը Սամոն ասաց` ես կին չունեմ, դու էլ ես անտեր, ես էլ, արի միասին ապրենք ու իրար տիրություն անենք: Բայց հետո ամեն ինչ փոխվեց. անընդհատ խմում էր, մեծ բաժակով սպիրտը քաշում գլխին ու ընկնում ջանիս: Արդեն ասում էր՝ գնա փող բեր, որ յոլա գնանք, ինչքա՞ն պիտի կաբել գողանամ, որ քեզ պահեմ»,- հիշում է Սոնան: Նա նշում է, որ նոր ապրելակերպին լիովին հարմարվել էր եւ այլեւս չէր ուզում անցնել նախկին «արհեստին»:
Սակայն Սարիբեկն անդրդվելի է եղել: «Ասում էր՝ ի՞նչ ա, փողոցային չե՞ս, կարող ա՞ նոր բան պիտի անես: Եզդուն, Կնյազին, տարբեր մարդկանց կանչում էր տուն, իրանցից փող էր վերցնում ու ինձ ստիպում, որ հետները լինեմ: Հենց քաղմասի անուն էի տալիս, ասում էր՝ ես դաժե գաղութի պետին եմ գործից հանել տվել, դու ո՞վ եղար, որ կարենաս ինձ մի բան անես:
Ասում էր՝ պետք եղավ, գժականս խոդ կտամ, ոտերս կմեխեմ պոլին ու տենամ՝ ո՞ւմ են հավատալու»,- պատմում է Սոնան: Նա հիշում է, որ վերականգնելով նախկին առօրյան` ամեն օր «աշխատանքի» է գնացել: Բայց երբեմն փող չի վաստակել կամ չնչին գումար է բերել տուն, ինչն էլ հերթական ծեծի պատճառ է դարձել:
«Ասում էր՝ դու ընկեր ունես ու սաղ փողերդ տալիս ես իրան: Կամ էլ մի հատ պեռաշկիով ու մի շիշ պիվով քո հաճույքի համար կլիենտի հետ քնում ես: Հասմիկն ու Սառան գալիս էին մեր տուն, վիճակս տենում ու ստիպված Սամոյին փող տալիս, որ ինձ չծեծի»,- հիշում է Սոնան: Հասմիկն ու Սառան նրա ընկերուհիներն են: Սարիբեկ Աղրամանյանի նկատմամբ հարուցված քրեական գործում նրանք եւս ներգրավված են որպես տուժող:
Ըստ մեղադրանքի՝ Սարիբեկը, իմանալով, որ վերջիններս նույնպես մարմնավաճառներ են, առաջարկել է հաճախորդներին տանել իր տուն եւ հյուրանոցի փոխարեն վճարել իրեն: Բացի դրանից՝ Սարիբեկն աղջիկներին համոզել է սեռական հարաբերություններ ունենալ իր բերած տղամարդկանց հետ, որոնք կացարանի համար ամեն անգամ վճարել են 5 հազարական դրամ: «Սամոն տեղի փողից բացի՝ մեզ հետ հարաբերություն ունենալու փողն էլ էր վերցնում ու ոչ մի կոպեկ մեզ չէր տալիս»,- դժգոհում է Հասմիկը եւ հիշում, որ երկու տարի առաջ Գումի շուկայի մոտ Սարիբեկը դանակը դրել է իր որովայնին ու սպառնացել, որ կսպանի. «Սոնան փախած էր: Ասում էր՝ դու տեղը գիտես, ասա՝ ուր ա, թե չէ փորդ կթափեմ: Շուխուր արեցի, աղջիկներից մեկը մոտեցավ, ու Սամոն թողեց փախավ»: Սոնան բազմիցս փախել է Սարիբեկի տնից: Սակայն ամեն անգամ վերջինս նրան գտել է, քանի որ, ինչպես ինքն է ասում, «Տարզանը շատ լավ գիտեր, թե քաղաքի որ կետերում է ինքը կանգնում, կամ ընկերուհիները որտեղ են ապրում»:
«Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության հոգեբանը նախաքննական մարմնին պատմել է, որ Սոնան նշված կազմակերպության շահառուներից է, երբ նրա հետ զրուցել է, որպես հոգեբան նկատել է, որ վերջինս խնդիրը ներկայացրել է անկեղծորեն, հոգեպես չափազանց լարված է, եւ ստեղծված վիճակից դուրս գալու հնարավոր ուղիների քննարկման ժամանակ նա ընտրել է զուգընկերոջից փախչելու եւ նրանից թաքնվելու տարբերակը: Կազմակերպության միջնորդությամբ Սոնան տեղավորվել է Չորրորդ գյուղում տեղակայված ծերանոցին կից անօթեւանների ժամանակավոր կացարանում: «Սոնան ինձ չի ասել, որ նրա նկատմամբ կատարված բռնությունները սեռական շահագործման նպատակ են հետապնդել, սակայն դրանք, անկասկած, եղել են»,- քննիչին ասել է հոգեբանը:
«Ես բոլոր տեղերն էլ ամեն ինչը ճիշտ պատմում էի, բայց չէի ուզում Սամոյից բողոքել: Մեղքս գալիս էր, մտածում էի՝ հիմա մարդ ա, թող իրա համար ապրի, մենակ թե ինձնից հեռու մնա: Բայց ինքը էդքանը չէր հասկանում: Ահագին ժամանակ հետո ծերանոցում էլ ինձ գտավ, ես էլ ստիպված գնացի քաղմաս»,- ասում է Սոնան: Կարճ ժամանակ անց Սարիբեկ Աղրամանյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել թրաֆիքինգի հոդվածով (Քր. օր. 132 պրիմ 1, պատժվում է 7-12 տարվա ազատազրկմամբ), պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու (Քր. օր. 262-րդ հոդված, 1-4 տարվա ազատազրկում) եւ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի (Քր. օր. 137-րդ հոդված, մինչեւ 2 տարվա ազատազրկում) համար: Գործն այժմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: «Էս ամեն ինչը սարքել են, իրանց ինչ ասել են, գրել են: Եթե նայեք, կտենաք, որ նույն մարդիկ նույն քննիչի մոտ տարբեր գործերով անցել են, ցուցմունք են տվել: Ես տանը կառավաթ էլ չունեմ, կարաք գնաք, նայեք: Բայց գրել են, թե իբր կառավաթի ոտից կապել եմ»,- նախորդ նիստի ժամանակ դժգոհում էր Սարիբեկ Աղրամանյանը: Դատավոր Վարդան Գրիգորյանն էլ նկատեց, որ ամբաստանյալը ցուցմունք տալու եւ իր առարկությունները ներկայացնելու ժամանակ դեռ կունենա:
«Ես ոչ մի բան սուտ չեմ ասում, ինքն ա խաբում: Իսկականից ինքն իմ մեղքը գալիս ա, բայց ես էլ ճար չունեի: Հիմա հուլունքագործություն եմ սովորում, ցեպ, պորտման եմ կարում ու Վերնիսաժում ծախում: Բայց էլի չեն թողնում՝ ներվերս հանգիստ ապրեմ: Անծանոթ համարից զանգում են ձեռքիս ու ասում, որ եթե բողոքեմ, վերջս լավ չի լինի: Համարը տվել եմ դատավորին, որ պարզեն, թե ով ա զանգողը»,- ասում է Սոնան: Սարիբեկի դատավարությունն անորոշ ժամանակով հետաձգվել է: Դատարանը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն, ինչից պարզվել է, որ ամբաստանյալն ունի երկկողմանի ծանր լսողություն, իսկ լսողական սարքը, որը նա կրում է, տեխնիկապես անսարք է:
Նախորդ՝ հուլիսի 1-ի նիստում հանրային պաշտպան Աննա Ջովանովան հայտարարեց, որ Սարիբեկ Աղրամանյանը տառապում է նաեւ թոքախտով, ուստի նա պետք է լինի ոչ թե «Նուբարաշեն», այլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում եւ դատարան բերվի հատուկ հանդերձանքով: Դատավորը որոշեց գրություններ ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ամբաստանյալի առողջական խնդիրներով պայմանավորված, եւ առողջապահության նախարարություն՝ լսողական սարքի հարցերով: Դատավարությունը կշարունակվի, երբ դատարանը ստանա այդ երկու գրությունների պատասխանները: Թե դա ե՞րբ կլինի, դատարանին առայժմ հայտնի չէ:
շարունակելի
Հ. Գ. Սոնայի, Հասմիկի եւ Սառայի անունները փոխված են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել