HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ են թաքցնում եւ ինչո՞ւ են պարզաբանումներից խուսափում դատավորները

Նախորդ տարի, երբ դատական բարեփոխումների վերաբերյալ մամուլի ասուլիս էր տալիս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ է ձեռնարկում, որպեսզի օրենքով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք ունեցող դատավորներն իրականում չզբաղվեն բիզնեսով: «Մենք ազատվելու ենք բոլոր այն դատավորներից, ովքեր զբաղված են ձեռնարկատիրական գործունեությամբ: Ինչ վերաբերում է բիզնեսի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա բոլոր դատավորները հարկային հայտարարագրեր են ներկայացնում: Եվ եթե դուք այդ հայտարարագրերում գտնեք, որ որեւէ մի դատավոր, որը բիզնես ունի, չեմ կարծում, որ այդպիսին կլինի»,- ասել է Վճռաբեկի նախագահը: «Հետքը» սկսել է լուսաբանել դատավորների հայտարարագրերը եւ պարզել, թե բացի իրենց աշխատավարձը դատավորները եկամտի ինչ այլ աղբյուրներ ունեն: Առայժմ ուսումնասիրել ենք միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանի երկու դատավորների` Տիգրան Սահակյանի եւ Տարոն Նազարյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը պահեր լրագրողին տված խոստումը, ապա նշված երկու դատավորներից էլ պետք է «ազատվեր», քանի որ նրանք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Դեռ մայիս ամսին վերը նշված եւ մեկ տասնյակ այլ դատավորների մասին տեղեկացրել ենք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, դատավորների էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանին: Նա «Հետքին» պատասխանեց, թե նրանց հայտարարագրերում «քննարկման առարկա հանդիսացող նյութեր չի հայտնաբերել»: Մեր կողմից Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած «կասկածելի» դատավորների թվում էր նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Դատական համակարգի «Հետքի» աղբյուրի հավաստմամբ` հենց Ա. Մկտումյանի հանգամանքով էին պայմանավորված հանձնաժողովի մեկամսյա քննարկումները: Աղբյուրը պնդում է, որ դատավորները պատրաստակամ են եղել հրապարակելու իրենց բացատրությունները, սակայն Էթիկայի հանձնաժողովն այդպես էլ մեզ չփոխանցեց իր ուսումնասիրությունների արդյունքները: Արման Մկրտումյանը 2008 թ. հայտարարագրել է իր աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող գումար` 58 մլն 922 հազար 199 դրամ եւ 1208 եվրո: Հույս ունեինք, որ մեկ տարի առաջ ձեռնարկատիրությամբ զբաղվող դատավորներից ազատվողի պատրաստակամություն հայտնած Ա. Մկրտումյանը թափանցիկ գործելաոճ կդրսեւորի նաեւ իր հարցում, սակայն սխալվեցինք: Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք գործավարուհուն: Լսելով հարցը` նա անմիջապես պատասխանեց. «Արման Մկրտումյանը չի ցանկանում համագործակցել ձեզ հետ: Նա ոչ մի լրագրողի հետ չի հանդիպում»: Գրեթե նմանատիպ պատասխան ստացանք նաեւ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանից. «Դատավորների էթիկայի հանձնաժողովը ձեր հարցերին արդեն պատասխանել է, Արման Մկրտումյանը ավելացնելու ոչինչ չունի»: Քանի որ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը լրագրողներին տրամադրում են տեղեկանքի ձեւով, այն էլ` ոչ ամբողջական, չենք կարող ասել, թե ինչպես է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում ունեցող Արման Մկրտումյանը կուտակել մոտ 59 մլն դրամն ու 1208 եվրոն: Կարող ենք միայն նշել, որ դատավորը 3 տարվա ընթացքում բավականին հարստացել է: 2005 թ., երբ Ա. Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահն էր, հայտարարագրել էր ընդամենը 3 մլն 729 հազար 569 դրամ: Այդ տարի նա ունեցել էր նաեւ 225.7 քմ մակերեսով մեկ բնակելի տուն եւ 275.05 քմ մակերեսով մեկ հասարակական, արտադրական շենք-շինություն: Մեկ տարի առաջ մամուլում աղմկահարույց հրապարակումներ եղան Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքի մասին: Տեղեկությունները տրամադրել էր նրա հայրը: Հաջորդ դատավորը, ով նույնպես հրաժարվեց պարզաբանումներ տալ իր ունեցվածքի վերաբերյալ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանն է: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նրա խորհրդականը: Նա հարցը լսեց եւ դատարանի նախագահից հանդիպման համաձայնություն ստանալու համար որոշ ժամանակ խնդրեց: Երբ մի քանի ժամ հետո երկրորդ անգամ զանգահարեցինք, դատավորի խորհրդականը նախ հետաքրքրվեց. «Դո՞ւ ես դատավորների հայտարարագրերի մասին ձեր թերթում հոդվածները գրում»: Երբ պատասխանեցի` այո, ավելացրեց. «Պրն Մաթեւոսյանը ընդունելություն չունի, չի կարող ձեզ հետ հանդիպել»: «Այսինքն` հրաժարվո՞ւմ է պարզաբանումներ տալուց» հարցին պատասխանեց. «Ոչ, չի հրաժարվում, պարզապես ընդունելություն չունի, դրանք տարբեր բաներ են»: Անատոլի Մաթեւոսյանից ընդամենը պետք է հարցնեինք, թե իրեն որտեղի՞ց հայտարարագրում գրված 8000 ԱՄՆ դոլարը: Նա հայտարարագրել է նաեւ 5 մլն 287 հազար 643 դրամ, ինչը ենթադրաբար դատավորի աշխատավարձն է, թեեւ դա էլ խիստ կասկածելի է, քանի որ դատավորների աշխատավարձը կրկնակի բարձրացվել է միայն 2009 թ.: Իսկ 2008 թ. Անատոլի Մաթեւոսյանը զբաղեցնում էր ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը: Մեզ հետ չցանկացավ հանդիպել նաեւ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը: Նա օգնականի միջոցով փոխանցեց, որ «բավարարվենք միայն հարկայինի տրամադրած տեղեկանքով», քանի որ ավելացնելու եւ պարզաբանումներ տալու ոչինչ չունի: Իսկ Արթուր Առաքելյանն այն բազմաթիվ դատավորներից մեկն է, ով արտարժույթով է եկամուտ հայտարարագրել: 2008 թ., երբ նա Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր էր, հայտարարագրել է աշխատավարձը գերազանցող դրամային եկամուտ` 6 մլն 594 հազար 292 դրամ, իսկ արտարժույթով` 6 000 ԱՄՆ դոլար: Ինչքանով հասցրել ենք ուսումնասիրել, բոլոր դատավորների մոտ արտարժույթով արտահայտված գումարը բաժնեմասից ստացված եկամուտ է (տոկոսադրույք, շահաբաժին):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter