Երեւանի անհետացող արվեստանոցներում
Երեւանի յուրահատուկ տեսարժան վայրերից են հարյուրավոր նկարիչների, քանդակագործների եւ այլ արվեստագետների արվեստանոցները: Գործի բերումով, ես շատ հաճախ եմ լինում այդ մշակութային «միկրոկոսմոսներում», որտեղ տարիների ընթացքում ժամանակը քշել, հավաքել է պատմության թանկարժեք բեկորներ: Բայց միեւնույն է` ամենահետաքրքիր «ցուցանմուշը» հենց ինքը նկարիչն է, որը հայելու նման կարող է արտացոլել իր սիրած քաղաքի` շատերի համար անհայտ դեմքն ու կյանքը:
ժամանակին այդ արվեստանոցները հիմնականում կենտրոնացված էին քաղաքի կենտրոնում եւ բոհեմական Երեւանի ամենակարեւոր բաղադրիչ մասերից մեկն էին: Սայաթ-Նովայի վրա արվեստանոցների շենքը, որտեղ ժամանակին աշխատում էին Արա Բեքարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Վլադիմիր Այվազյանը, Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի, Բաղրամյանի վրա գտնվող այլ արվեստանոցները հատուկ կառուցված էին սովետական տարիներին` պետության կողմից:
Այժմ դրանք թանկարժեք բնակելի, առեւտրային եւ օֆիսային ֆոնդ են դարձել ու հիմնականում վաճառվել են տարատեսակ անձանց: Ինձ ծանոթ մի քանդակագործի թոռնիկ, որը հրաժարվում է վաճառել իր համար սուրբ դարձած պապական արվեստանոցը, պատմում է, թե քանի անգամ է սպառնալիքների եւ դավերի արժանացել կողքի խանութի տերերի կողմից, որոնք ստիպում են այդ տարածքը վաճառել իրենց խանութը ընդլայնելու համար:
Այս եւ բազում այլ պատճառներով, քաղաքի կենտրոնը զրկվել է այն յուրահատուկ մթնոլորտից, որը, ասենք, կարող էիք տեսնել «Կոզիրյոկ» սրճարանի շուրջը 80-ական թվականներին:
Ինչպես հայտնի է, արվեստագետին օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ միջավայրը, որտեղ նա կարող է «թրծել» իր գաղափարները, քննարկել, վիճել եւ հորինել: Սա, իհարկե, միայն ռոմանտիկա չէ:
Այդպիսի կենտրոններում ու միջավայրերում են ծնվում հզոր հեղափոխական ալիքները` ինչպես, օրինակ, Մոնմարտրում (Փարիզ), Գրինիչ Վիլիջում (Նյու Յորք), Չելսիայում (Լոնդոն): Այդպիսի կենսունակ կենտրոն ունենալը նշանակում է ունենալ հզոր եւ կենսունակ մշակույթ:
Իսկ ո՞ւր է Երեւանի այդ մշակութային նեցուկն այսօր: Որտե՞ղ կարող ես հանդիպել երիտասարդ արվեստագետներին, որոնք վաղը պետք է բացեն մեր օրվա «հինգի ցուցահանդեսը» կամ «3-րդ հարկը»` «Ջազվեո՞ւմ», «Արթբրիջո՞ւմ», «Բիթլզո՞ւմ», թե՞ Բանգլադեշի ինչ-որ «քյաբաբնոցում»:
Միգուցե այսօր դեռ հնարավոր է (եթե գողական մասսան չի գերակշռում տվյալ «օբեկտում»): Բայց ինչպես իմ նկարիչ ընկերներից մեկը ասաց` վաղը մյուս օրը ավելի մատչելի կլինի գնալ իսկական Փարիզում սուրճ խմել, քան իջնել Աբովյան փողոցի «Փարիզյան սուրճ»:
Իրականում Երեւանում այսօր էլ կան բազում արվեստագետներ ու փոքր «միջավայրեր», որտեղ շարունակվում է հայկական արվեստի խորդուբորդ աճը: AJZ Galley-ը` որպես նկարիչների կողմից կազմակերպված պատկերասրահ, այդ նոր միջավայրերից մեկն է ու արդեն իսկ մի քանի չափազանց հետաքրքիր միջոցառումներ է ձեռնարկել:
Բայց արի ու տես, որ համարյա ամեն ամիս փակվելու վտանգի տակ է: Նկարիչները, հատկապես երիտասարդները, քաղաքի կենտրոնի ակտիվ, գործող բաղադրիչ այլեւս չեն կարողանում դառնալ բոլորին պարզ պատճառներով:
Եթե մի քառակուսի մետրը կենտրոնում արժի 1500 ԱՄՆ դոլար, իսկ մեկսենյականոց բնակարանի ամսական վարձը 300-500 դոլար է, ապա ինչպե՞ս այդ պայմաններում պետք է գոյատեւի արվեստագետը, մտավորականը, որը ստիպված է բազարային, անկապ, անգլուխ պայմաններում ծավալել իր գործունեությունը` նորմալ արվեստի շուկայի բացակայության պատճառով:
Միգուցե Երեւանին արդեն պետք չե՞ն նկարիչներն ու մտավորականները, որոնցից շատերն արդեն վաղուց բռնել են գաղթի ճամփան, իսկ նրանք, ովքեր մնացել են, ստիպված են դիմակայել արագորեն աճող անտարբերությանը...
Ի վերջո, պետք է հասկանանք, որ արվեստագետների ներկայությունը քաղաքում էկզոտիկա ու քմահաճույք չէ, դա մեր մշակույթի հենասյունն է, որը գնալով թուլանում ու խարխլվում է...
Լուսանկարում քանդակագործ Նորայր Կարգանյանի արվեստանոցի մի անկյունն է:
Վիգեն Գալստյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել