HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վճռաբեկը նախադեպ է ստեղծել` խլել ուրիշի ունեցվածքը

Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Բաբկեն Թամրազյանը 1986 թ.-ից մինչ օրս` շուրջ 25 տարի, մշակում է Թեղուտ գյուղի մերձակա կամրջի հարեւանությամբ գտնվող 1300 քմ հողատարածքը: Հողատարածքի վրա հայցվորը բարեկարգման աշխատանքներ է կատարել, տնկել է պտղատու ծառեր, տեղադրել այգետնակ, ցանկապատել ամբողջ տարածքը:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 23.02.2007 թ. որոշմամբ Թեղուտ գյուղին հարակից տարածքում գտնվող 1394 քմ մակերես ունեցող հողատարածքը 184.228 դրամով վաճառվել է այդ տարածքում գտնվող «Սունկ» կոչվող հասարակական օբյեկտի սեփականատեր Արմեն Հակոբյանին: Բ. Թամրազյանը վարչական դատարան ներկայացրած հայցադիմում նշել է, որ իր մշակած հողամասը 2007 թ. ապրիլին աճուրդով վաճառված լինելու մասին մեկ տարի հետո տեղեկացել է գնորդ Ա. Հակոբյանից: Հայցադիմումում (Սեւանի նստավայր) Բ. Թամրազյանը նշել է, որ Աղստեւ գետի հունը փոխելուց հետո առաջացած ամայի, քարքարոտ ու անօգտագործելի տարածքը իր ուժերով մաքրել է աղբակույտերից ու քարերից, բուսահող է լցրել` հողատարածքի մակարդակը 1,5 մ-ով բարձրացրել գետի մակարդակից: «Փաստորեն, հայցվորը 23 տարի անընդմեջ, բացահայտ ու բարեխիղճ, բայց առանց իր իրավունքների իրավաբանական ձեւակերպման օգտվել է պետության հողամասից, սակայն մարզպետի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում հայցվորի ավելի քան 23 տարվա օգտագործվող հողատարածքը օտարվել է ուրիշի»,- իր հիմնավորումների մեջ նշել է Բ. Թամրազյանի փաստաբան Անահիտ Եսայանը:

Փաստաբանը օրենսդրորեն հիմնավորել է, որ նշված հողատարածքը կարող էր օտարվել միայն ուղղակի վաճառքի ձեւով, քանի որ աճուրդի հանված 1394 քմ հողամասից 1300 քմ տարածքը հայցվորը շուրջ 23 տարի բացահայտ, բարեխիղճ եւ անընդմեջ օգտագործում է: Հետեւաբար, նշված հողատարածքը նա սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք ուներ, մինչդեռ այն օտարվել է աճուրդով, եւ հայցվորն էլ տեղեկացված չի եղել այդ մասին: Հողամասը նախկինում գտնվել է Տավուշի մարզի Կույբիշեւ` ներկայիս Հաղարծին գյուղի վարչական տարածքում: 1994 թ. ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Թեղուտ գյուղը անջատվել է Հաղարծին գյուղից եւ դարձել ինքնուրույն վարչական միավոր, իսկ նշված հողատարածքը ոչ մեկի սահմանում չի ընդգրկվել:

Քանի որ հողատարածքը տնօրինող Բ. Թամրազյանը Թեղուտի բնակիչ է եղել, Թեղուտի առանձնացումից հետո այդ հողամասը հայցվորին վարձակալության տալու հարցով զբաղվել է Թեղուտի համայնքապետարանը: Իբրեւ փաստարկ դատարանին են ներկայացրել Բ. Թամրազյանի եւ Թեղուտի համայնքապետարանի միջեւ պարբերաբար կնքված վարձակալության պայմանագրերը, դրանց հիման վրա հողի օգտագործման վարձավճարները, որոնք փոխանցվել են պետբյուջե: Գործում առկա է նաեւ Հայաստանի ազգային արխիվի Դիլիջանի ներկայացուցչության քաղվածքն այն մասին, որ Կույբիշեւի սովխոզի տնտեսությունների գրանցման մատյանի տվյալներով Թեղուտ գյուղի բնակիչ Բաբկեն Թամրազյանի անունով գրանցված է 1300 քմ հողամաս: Հայցվորը դատարանին հայտնել է, որ ինքը մինչ օրս շարունակում է մշակել հողամասը, թեեւ այն վաճառված է Ա. Հակոբյանին, եւ խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Տավուշի մարզպետի` վիճելի հողատարածքը աճուրդով օտարելու գործողությունը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը եւ Ա. Հակոբյանին տրված սեփականության իրավունքի վկայականը:

Փաստաբան Ա. Եսայանը հայցը հիմնավորել է նաեւ Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-537 ՎԴ որոշմամբ, որը վերաբերում է տիրապետման վաղեմության ուժով սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի ծագման համար անհրաժեշտ հիմքերին եւ նշել է, որ նրանում առկա վավերապայմանները առկա են նաեւ այս գործով. - անձը ավելի քան 10 տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ պետք է օգտվի պետության կամ համայնքի հողերից, - սեփականության իրավունքով տվյալ հողմասը ձեռք բերելը պետք է արգելված չլինի, - դրանք պետք է վաճառվեն կամ անհատույց փոխանցվեն միեւնույն նպատակային նշանակության համար, կամ եթե հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդված 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Վարչական դատարանը վեճը լուծել է հօգուտ հայցվոր Բաբկեն Թամրազյանի` հաստատված համարելով, որ հայցվորը 10 տարուց ավելի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձեւակերպման տիրապետում է վիճելի հողամասը: Դատարանն այդ փաստը հաստատել է Թեղուտի համայնքապետարանի դրամական գանձումների վերաբերյալ գրքի գրանցումներից արված եւ համայնքապետարանի սահմանած կարգով հաստատված պատճեններով, որոնցից հետեւում է, որ 1995 թ.-ից մինչեւ 2007 թ. ներառյալ վիճելի հողամասը փաստացի տիրապետել է հայցվորը:

«Սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ մարզպետը, անտեսելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածը, առանց պարզելու այդ հողմասը որպես սեփականություն օրենքով կամ պայմանագրով որեւէ անձի կողմից գնման նախապատվության իրավունքի առկայության փաստը` կազմակերպել ու իրականացրել է այդ հողամասի աճուրդով վաճառք ...»,- ասվում է վարչական դատարանի որոշման մեջ: Դատարանն անվավեր է ճանաչել Տավուշի մարզպետի եւ գնորդի միջեւ կայացած 2007 թ. ապրիլի 3-ի առուվաճառքի պայմանագիրը, քանի որ այն «կնքվել է Բաբկեն Թամրազյանի` վիճելի հողամասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունքի խախտմամբ»:

Գնորդ Արմեն Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է վարչական դատարանի վճիռը այն հիմնավորմամբ, որ վեճը պետք է լուծել Քաղաքացիական օրենսգրքի, այլ ոչ թե Հողային օրենսգրքի նորմերով: ՎԴ-ն մեկնաբանել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը սահմանում է ձեռքբերման վաղեմության իրավունքը անհատ քաղաքացիներին պատկանող հողամասերի նկատմամբ, կիրառելի չէ պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերի նկատմամբ` համաձայն Վճռաբեկ դատարանի (ՎԴ) թիվ 3-353 ՎԴ որոշման: Քանի որ տվյալ դեպքում հայցվորը տիրապետում էր պետությանը պատկանող հողատարածք, նշված հոդվածը չէր կարող կիրառելի լինել նրա համար:

Իրավաբանները տարակուսած են ՎԴ-ի այս նոր նախադեպից, նրանց անհասկանալի է, թե ինչու պետք է պետական հողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքով գնելու նախապատվություն ունենալու իրավունքի մասին վեճը կարգավորվի Քաղաքացիական օրենսգրքով, երբ Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը հստակորեն կարգավորում է այդ խնդիրը:

Բացի այդ, ՎԴ-ի այդ որոշումը հակասում է Եվրոպական դատարանի վճիռներին: 2009 թ. հունիսի 23-ին «Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռում նշվում է, որ «սեփականություն» հասկացությունը Կոնվենցիայի ներքո չի սահմանափակվում միայն նյութական առարկաների նկատմամբ սեփականության իրավունքով:

Ունեցվածքի նկատմամբ որոշ այլ իրավունքներ եւ շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետեւաբար` «սեփականության իրավունք» Կոնվենցիայի իմաստով: Հետեւաբար, Բաբկեն Թամրազյանն արդեն իսկ ունեցել է գույքային իրավունքներ, սակայն զրկվել է դրանցից, քանի որ մարզպետը հողատարածքը աճուրդով վաճառել է երրորդ անձի: Մարզպետի գործողությունները հակասում էին Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասին, որում նշվում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ուղղակի վաճառքը կատարվում է նաեւ օրենքներով եւ պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց:

Փաստ է, որ Տավուշի մարզպետը չի հետեւել այս դրույթին, որի հետեւանքով Բաբկեն Թամրազյանին զրկել է ձեռքբերման վաղեմության իրավունքով հողամասը գնելու նախապատվության իրավունքից, որը, ըստ Եվրոպական դատարանի վճռի, գույքային իրավունք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter