Ագարակի կոմբինատը արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%-ով
2010 թ 6 ամիսների ընթացքում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ACMC) 2009 թ երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունը ավելացրել է 12,29% եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը 2.4% տոկոսով: Արտադրական ծավալները կազմել են 15.159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում GeoProMining ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի տվյալների` այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1487 596 տոննա և վերամշակվել է 1445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956.712 խմ, ինչը 63% գերազանցում է պլանով նախատեսված ծավալը:
Ընկերությունը հիշեցրել է, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել: Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար: Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ:
Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը և գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները և կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննայից մինչև 3.5 մլն, և արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%:
Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խումբը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերը ձեռք է բերել 2007 թվականի դեկտեմբերին: GeoProMining մասնագիտացել է բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, սուրմա) և թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման և հարստացման աշխատանքներում: Ընկերության հանքավայրերը և վերամշակման գործարանները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Վիետնամում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել