HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արազափ գյուղը մեծ վնասներ է կրել քամուց ու կարկուտից

Հուլիսի 16-ին երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Արմավիրի մարզի Արազափ գյուղին: Քամին պոկել-տարել է 15-20 տան տանիք, իսկ տեղացած ուժեղ կարկուտը ոչնչացրել է գյուղացիների բերքի 70-80 տոկոսը: Կարկուտից մեկ օր անց «Հետքի» թղթակցին էին զանգահարել արազափցիները և տեղեկացրել բնական աղետի հասցրած վնասների մասին: Զանգահարողը չցանկացավ ներկայանալ` գյուղապետի և մարզային իշխանությունների հետ խնդիրներ չունենալու համար: «Գյուղում ահավոր վիճակ է, կարկուտն ու քամին ամբողջությամբ վնասել են մեր դաշտերը: Տան կտուրներին էլ շիֆեր չի մնացել, ամբողջը քամին տարել է: Այս ու այն կողմ ենք զանգում, որ գան պաշտոնյաները, տեսնեն, բայց ոչ մեկ մեզ բանի տեղ չի դնում: Գոնե դուք շուտ եկեք, տեսեք` ինչ է կատարվում»,- ասում է Արազափի բնակիչը: Արազափի գյուղապետ Մանվել Հարություննյանն էլ քիչ առաջ «Հետքին» տեղեկացրեց, որ մարզային իշխանությունները խնդրով զբաղվում են, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «բոլորին խառնել է իրար», նույնիսկ Երևանից են պաշտոնյաներ եկել, որպեսզի հողերը ակտավորեն: «Իրոք, կարկուտն ու քամին մեզ շատ վնաս են պատճառել, հիմա ակտավորում ենք և հաշվարկներ ենք անում, թե ինչ վնաս է գյուղը կրել»,- ավելացրեց Մանվել Հարությունյանը: Նշենք, որ Արազափը, ինչպես նաև հարակից մի քանի գյուղեր բնական աղետներից տուժել էին նաև վաղ գարնանը: Այդ ժամանակ էլ տեղումներից ստորգետնյա ջրերի մակարդակն էր բարձրացել և ողողել հողակտորները: Այդ պատճառով գյուղացիները չկարողացան ժամանակին սածիլել իրենց պոմիդորը, սմբուկն ու պղպեղը: Ոմանք, այնուամենայնիվ, ջրով ծածկված հողերի մեջ բույս սածիլելու «խիզախություն» դրսևորեին, սակայն սածիլներն ամբողջությամբ չորացան: Վաղ գարնան աղետից, ինչպես նաև դրանից առաջ պատուհասած աղետներից տուժած գյուղացիներին կառավարությունը ոչնչով չօգնեց: Հավանաբար այս անգամ ևս գյուղացիները ձմեռն անցկացնելու համար ստիպված կսկսեն վարկեր վերցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter