
Այսօր «Արմատ» մամուլի ակումբում «Հանուն կյանքի» երիտասարդ նախաձեռնողների խումբը հաշվետվություն տվեցին լրագրողներին` քաղաքացիներից հավաքված գումարների վերաբերյալ: Երիտասարդները ներկայացրին բանկից տրված տեղեկանքները եւ քաղցկեղով հիվանդ 4-ամյա Էրիկ Սարգսյանի տատիկի ուղարկած ստացականները: Մինչ օրս երիտասարդները երեխայի ծնողներին են փոխանցել մոտ 3 միլիոն դրամ:
Էրիկի հետ երիտասարդները ծանոթացել են հունիսի 1-ին, երբ քաղցկեղով հիվանդ երեխաների համար միջոցառում էին կազմակերպել: Դրանից օրեր անց նրանք տեղեկանում են, որ Էրիկի եւ Անահիտի վիճակը ծանրացել է: Անահիտին, ցավոք, բժիշկները չկարողացան փրկել, իսկ Էրիկին ծնողները տարան Ռուսաստան` փրկելու համար:

Բժիշկներն ասում են, որ Էրիկին հնարավոր է փրկել, պարզապես բարձր քիմիաթերապիայի կուրսեր անցնելը բավականին մեծ գումար արժե: «Մոսկվայի բժիշկը սովորաբար չի վերցնում բուժման այն երեխաներին, որոնք փրկվելու շանս չունեն: Այդ մարդը հիմա բուժում է Էրիկին, որովհետեւ տղան կարող է փրկվել, պարզապես գումար է անհրաժեշտ»,- ասաց «Հանուն կյանքի» նախաձեռնության անդամ Անի Հովհաննիսյանը:
Թե կոնկրետ որքան գումար է անհրաժեշտ տղային բուժելու համար, երիտասարդները դժվարանում են նշել, քանի որ բժիշկները նրանց հստակ թիվ չեն ասել: «Էրիկը հիմա ստացիոնար բուժում է անցնում, դա շարունակական է, եւ բուժման ամեն փուլի համար գումար է անհրաժեշտ»,- ասաց Մարիամ Մուղդուսյանը:
Մինչ Մոսկվա տեղափոխվելը Էրիկը Ստավրոպոլում է ստուգվել: Այստեղի ծախսերը եւս քաղաքացիների նվիրատվությունների շնորհիվ են վճարվել: «Չգիտեմ` ուրախալի է սա, թե ոչ, բայց մեր հավաքած գումարների շնորհիվ է հիմա Էրիկը տեղափոխվում, անալիզներ հանձնում…»,- ասաց Անի Հովհաննիսյանը:
Երիտասարդները նշեցին, որ քաղաքացիները հիմնականում իրենց վստահում են, սակայն լինում են դեպքեր, երբ կարծում են, թե երեխայի հիվանդությունը շահարկելով` ցանկանում են փող աշխատել: Նման խնդիրներից խուսափելու համար «Հանուն կյանքի» նախաձեռնությունը փոխանցված գումարի բանկային կտրոնները հրապարակում է facebook սոցիալական ցանցում:
Ժամանակակից գրողները եւ հեղինակ-կատարողները համագործակցում են «Հանուն կյանքի» նախաձեռնող խմբի հետ` վաճառքի հանելով իրենց գրքերն ու ձայնասկավառակները, որոնց հասույթը փոխանցվելու է Էրիկին:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք երիտասարդները դիմե՞լ են հարուստ գործարարների, Մարիամ Մուղդուսյանը պատասխանեց, որ եթե գործարարներն իրենց քաղաքացի են համարում, առանց հատուկ դիմելու են կօգնեն երեխային:
Նախաձեռնող խմբի անդամները նամակներ են գրել Ազգային ժողովի պատգամավորներին, որոնցից ընդամենը 2-ն են արձագանքել եւ ֆինանսապես օգնել Էրիկին:
«Հանուն կյանքի» նախաձեռնությունը շարունակելու է դրամահավաքի համար տարբեր ակցիաներ կազմակերպել: Էրիկին օգնելուց հետո նախաձեռնող խումբը ձեռնամուխ կլինի մյուս երեխաներին օգնելու համար ակցիաներ կազմակերպելուն, քանի որ փոքրահասակներին կարելի է 100 տոկոսով բուժել քաղցկեղից:
«Եթե 3 միլիոն հայ ամեն ամիս 1 դրամ փոխանցի հիվանդ երեխաների ֆոնդին, հնարավոր կլինի փրկել մեկ երեխայի կյանք»,- համոզված են երիտասարդները:

Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին.
ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994
ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993
Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով
Տեղեկությունների համար զանգահարել 093 50 57 80
կամ 098 98 80 14 հեռախոսահամարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել