Ձվի շուկայում մենաշնորհ ձևավորվեց
Երեկ երեկոյան «X գրուպի» նախագահ, Ջրաշխարհի և Երևանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչատուր Խաչատրյանը ևս երեք ձեռնարկություն գնեց` Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան, որը պատկանում էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Մանուկյանին, «Շիրակ» և «Գնդեվազ» թռչնաֆաբրիկաները: Երեք ձեռնարկությունների համար նա վճարել է մոտ 21 մլն ԱՄՆ դոլար:

Այս գործարքը ձվի շուկայի հետևողական դեմպինգի արդյունքն էր, որը ԵԹՖ-ն իրականացրեց 3 ամիս շարունակ: Ձվի ինքնարժեքից ցածր վաճառքի արդյունքում ձեռնարկատերերը սնանկանում էին և ի վերջո չդիմացան ու ընկերությունները վաճառեցին խոշորագույնին` Երևանի թռչնաֆաբրիկային:
Այժմ մենաշնորհ ձևավորվեց ձվի շուկայում:
Ճիշտը դպրոցներից սկսելն է
ՀՀ Հանրային խորհուրդն առաջարկում է, որ 18 տարին լրացած և զինապարտության ենթակա բոլոր երիտասարդներն, առանց բացառության, ծառայեն բանակում, իսկ պարտադիր զինծառայության ժամկետը դառնա 1,5 տարի:
«ՉԻ» - Առաջարկն, իհակկե, լավն է, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ առաջարկվում է նաև բանակում զինվորներին պարտադիր ուսուցանել հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայոց պատմություն և մաթեմատիկա: Հետաքրքիր է` ո՞վ պիտի ուսուցանի: Եվ ընդհանրապես, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի, ասենք, սպաների սովորեցրած անգլերենը կամ մաթեմատիկան:
Խորհրդային բանակում, օրինակ, նման բաներ չէին ուսուցանում, բայց ոչ թե այն պատճառով, որ պատշաճ ուշադրություն չէին դարձնում զինվորների մտավոր ունակություններին, այլ որովհետև ենթադրվում էր, որ միջնակարգ դպրոցն ավարտածը պիտի բավարար գիտելիքներ ունենա բանակում նորմալ ծառայելու համար: Գուցե իմաստ ունի Հայաստանում և՞ս առաջին հերթին բարձրացնել միջնակարգ կրթության մակարդակը:
Նոր սկանդալ
Նախօրեին լրատվամիջոցներին ուղարկվել է մի մի անանուն նամակ, ըստ որի` ՀՀ ղեկավարությունը ներքաշված է լրտեսական մի պատմության մեջ, որտեղ շրջանառվում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի անունը:
Իբրև նամակի հեղինակներ` հանդես են գալիս ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ: Նամակում բերված են տվյալներ, ըստ որոնց` ՌԴ հատուկ ծառայությունները ՀՀ ղեկավարությանը և անձնապես Սերժ Սարգսյանին տեղեկացրել են իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի` ԱՄՆ գործակալ լինելու մասին:
Մեր տեղեկություններով` ՀՀ վերնախավում կասկածում են, որ նամակի թիկունքում իշխանական որոշակի շրջանակներ են կանգնած, որոնք, Վ.Սարգսյանի վերաբերյալ տվյալներ հրապարակելով, փորձում են անուղղակի վարկաբեկել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և փեսա Միքայել Մինասյանին, քանի որ Վիգեն Սարգսյանը համարվում է վերջինիս մերձավոր անձանցից:
Նամակում բերված տվյալների օգտին է խոսում նաև այն, որ ՀՀ ԱԱԾ-ն երեկ պաշտոնապես արձագանքել էր դրան` փորձելով հերքել հրապարակված նյութը:
Ափսոս էր երեխան
Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ 16-րդ համագումարը մի քանի նոր իրողություններ արձանագրեց Հայաստանի քաղաքական դաշտում: Իրողություններ, որոնք հետհամագումարային վերլուծությունների ու կարծիքների լույսի ներքո առայժմ թերևս ամբողջությամբ չեն գնահատվել:
Նախ` ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող, նորանկախ Հայաստանի հիմնադիրներից մեկը համարվող ՀՀՇ-ում տեղի ունեցավ իշխանափոխություն` բառի ամենալայն իմաստով: ՀՀՇ նորընտիր վարչության «ջախջախիչ մեծամասնությունը» գրեթե առնչություն չունի այն սկզբնաղբյուրների հետ, որոնց հիման վրա ձևավորվել էր այդ կուսակցությունը: Այսինքն` իշխանություն ունենալուց, իշխանափոխությունից հետո, մինչև վերջերս ամենատարբեր փորձություններ հաղթահարած ու նաև դրանով մյուս ուժերից տարբերվող այդ կուսակցությունը տարրալուծվեց Հայաստանի քաղաքական դաշտում:
Մյուս իրողությունը մինչև այժմ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժ համարվող ՀԱԿ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունն է: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի քաղաքական նշանակությունը, անկախ դրա ամենատարբեր վերծանումներից, հանգում է նրան, որ ՀՀ իշխանությունները առնվազն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ընդդիմության կողմից որևէ խոչընդոտի չեն հանդիպելու: Ընդ որում, եթե նախկինում Լ. Տեր-Պետրոսյանն ասում էր, որ պատերազմի վտանգի դեպքում ՀԱԿ-ը կդադարեցնի հրապարակային գործողությունները և իր համակիրներին կոչ կանի լծվել սահմանների պաշտպանության գործին, ապա նա այսօր գրեթե ուղղակիորեն հայտարարում է, որ պատերազմը սպառնալիք է, այնպիսի սպառնալիք, որ դրա այլընտրանքին` փոխզիջումներին գնալու դեպքում ՀԱԿ-ը իշխանություններին չի դիմադրի:
Եվ եթե իսկապես իշխանությունները ներկայումս պատրաստվում են այն զիջումներին, որոնց մասին խոսվում է ԼՂ հարցի ակտիվացման վերջին փուլում, ապա իշխանությունների համար սրանից ավելի մեծ աջակցություն դժվար է գտնել նույնիսկ հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում` սկսած Եղիազար Այնթապցու ժամանակներից:
Այնպես որ, շաբաթ օրվա համագումարը կարելի է բեկումնային կամ, ինչպես հիմա ընդունված է ասել, ջրբաժանային համարել Հայաստանի քաղաքական դաշտի համար: Այն ընդդիմությունը, որը Սերժ Սարգսյանի իշխանությունն ուներ 2008 թ. փետրվարի 19-ից հետո, այլևս դադարել է գոյություն ունենալուց: Հիմա Հայաստանում կա իշխանություն, իշխանական քաղաքական ուժեր, նրան սպասարկող կեղծ ընդդիմադիրներ և Հայ ազգային կոնգրես: Իսկ ՀԱԿ-ին նշված կատեգորիաներից որևէ մեկին դասելն արդեն ճաշակի հարց է:
Անսասան ախպերություն
Շաբաթ օրը «առողջ և ոգևորիչ» մթնոլորտում տեղի ունեցած ՀՀՇ համագումարի գլխավոր արդյունքն այն էր, որ Տեր-Պետրոսյանին հաջողվեց այս կուսակցությունը դարձնել իր խամաճիկը:
Ներկաներից ոչ ոք չհանդգնեց հարցնել` ինչո՞ւ համագումարից մեկ ամիս առաջ հրաժարական տվեցին կուսակցության վարչության նախագահն ու փոխնախագահը, կամ եթե Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը մեղադրվում են «դրածո» լինելու մեջ, դա հաստատող փաստեր կա՞ն:
Բնականաբար համագումարին պատվիրակները չէին կարող նման հարցապնդում անել և պատասխան ակնկալել «դրածոներից»: Ոչ այն պատճառով, որ Զուրաբյանը նախագահությունում տեղ գրավելու փոխարեն դահլիճում էր նստած, իսկ Քոքոբելյանն ընդհանրապես համագումարին չէր ներկայացել: Պատճառը մեկն էր` ՀԱԿ-ի առաջնորդը վետո էր դրել այդ թեմայի վրա:
Մարտի 1-ին հարձակվել են անզե՞ն ոստիկանների վրա
Երեկ «Ռեգնում»-ին տված հարցազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը համոզմունք է հայտնել, թե 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի ողջ պատասխանատվությունն ընդդիմությանն է, որն այն ժամանակ ֆինանսավորվում էր Արևմուտքի կողմից. «Լևոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց ուժային ընդդիմության, և տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ: Եթե «Մոլոտովի կոկտեյլներով» և մահակներով զինված մարդիկ չհարձակվեին ոստիկանների վրա, այդ ամենը չէր լինի: Մենք դատապարտեցինք ոստիկանների գործողությունները, բայց նրանք Ազատության հրապարակ էին մտել անզեն, իսկ նրանց վրա հարձակվեցին: Ժողովրդի ձեռքը փաստորեն զենք դրեցին»:
ՀԱԿ առաջնորդին քննադատել է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ՀՀՇ համագումարում նրա ելույթի մասին «Ազատություն» ռ/կ-ին ասելով. «Բոլոր նրանք, ովքեր հիշում են 90-ական թթ.-ի Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ մի նոր բան չլսեցին: Բացարձակապես պարտվողական դիրքորոշում էր, ընդ որում` պարտվողական ոչ միայն թուրքերի ու ադրբեջանցիների, բայց նաև իշխանությունների նկատմամբ: Հիմնական ելույթը կրկնում է «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցում զիջումների չանենք»»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել