Անցկացվեց «Ջավախքի գարուն» երգի ու պարի 2-րդ փառատոնը
Հուլիսի 16-21-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի մշակույթի տանն անցկացվեց ժողովրդական և աշուղական երգի ու պարի երկրորդ փառատոնի առաջին ու եզրափակիչ փուլերը: Փառատոնի առաջին փուլը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, ուր իրենց մասնակցությունն ունեցան շուրջ 84 երգի ու պարի խմբեր Ջավախքի ամենատարբեր գյուղերից ու Ախալքալաք քաղաքից: Անցած տարվա համեմատ մասնակիցների թիվն աճել է ավելի քան 10-ով:
Փառատոնի առաջին փուլը տևեց շուրջ 6-7 ժամ, և 84 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան միայն 32 երգի ու պարի խմբեր:
«Ջավախքի գարուն» ժողովրդական երգի ու պարի փառատոնին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են կատարել ժողովրդական ու աշուղական երգեր ու պարեր:
Տարիքային սահամանափակում ևս չկա: Փառատոնի ամենափոքր մասնակիցը 5, իսկ ամենատարեցը` 64 տարեկան էր:
Փառատոնի կազմակերպիչ Ալիք Քսպոյանը կայացած է համարում ժողովրդական երգի ու պարի «Ջավախքի գարուն» փառատոնը Ջավախքում: «Փառատոնի գլխավոր նպատակն է, որպեսի ամբողջ Ջավախքը մասնակցի ու ազգովի երգենք ու պարենք ժողովրդական ու աշուղական երգ ու պար: Այս տարի որակը փառատոնի մասնակիցերի ավելի բարձր է, կամաց-կամաց քանակը վերածվում է որակի»- ասաց Ալիք Քսպոյանը:
Ժյուրին բաղկացած էր 7 անդամից: Հուլիսի 21-ին տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ փուլը, ուր 32 խումբ էին պայքարում 1, 2 և 3 տեղերի համար:
Պարի մրցույթում «Գրան պրի»-ի արժանացավ Խուլգումո գյուղի խումբը: Առաջին տեղը գրավեց Խանդո գյուղը: Երկրորդը` Դիլիսկան, իսկ երրորդ տեղը կիսեցին Ալաստան և Բավրա գյուղի պարի խմբերը:
Իսկ երգի մրցույթում առաջին տեղը գրավեց` Վարոս Վարոսյանը, երկրորդ տեղը` Ախալքալաքի վրացական դպրոցի խումբը:
Փառատոնի ավարտին Ախալքալաքի վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ բոլոր մասնակիցները մշակույթի տան բեմում շուրջպար բռնեցին «Փառք քեզ Ջավախք» երգի ներքո:
Փառատոնի կազմակերպիչ Ալիք Քսպոյանի խոսքերով` «Ջավախքի գարուն» ժողովրդական ու աշուղական երգի ու պարի փառատոնն ավանդական բնույթ կկրի ու կանցկացվի յուրաքանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին, «երբ Ջավախքում իսկական գարուն է»:
Աղունիկ Այվազյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել