Բացվեց Աբովյանի տուն-թանգարանի նոր ցուցադրությունը
Այսօր Քանաքեռում (2-րդ փողոց, տուն 4) բացվեց մեծ գրող Խաչատուր Աբովյանի վերանորոգված տուն-թանգարանի նոր ցուցադրությունը: Բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Արև Սամուելյանը, մտավորականներ, արվեստագետներ, դպրոցականներ:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերանորոգումից հետո ներկայանում է 12 բաժնից բաղկացած նոր ցուցադրությամբ. Քանաքեռ, Էջմիածին, Ներսիսյան դպրոցի և Դորպատի համալսարանի ուսումնառության տարիներ, 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմ, Աբովյանը մանկավարժ, Աբովյանը և եվրոպական գրականությունը... մինչ «Անհայտ բացակայությունը»:
Առանձնակի հետաքրքիր են Աբովյանի գրած դասագրքերի և ժողովրդական ընթերցանության համար նախատեսված ձեռնարկների բնագրերը, աշխատությունները, որոնք ծառայել են որպես ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու ուղեցույցներ: Մեծ հայի կյանքի ու գործունեության այս և այլ դրվագներն են ներկայացնում գրողի 200-ամյակին նվիրված ցուցադրության բազմաթիվ վավերագրերն ու լուսանկարները, շուրջ 1500 ցուցանմուշ:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1938 թ.: Գրողի Քանաքեռի հայրական տունը վերակառուցվել և վերածվել է տուն-թանգարանի։ 1939 թ. թանգարանն իր դռներն է բացել առաջին այցելուների առջև։ 1978 թ. կառուցվել է թանգարանի նոր շենքը։ 2005թ. թանգարանը հիմնանորոգվել է։
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել