HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Ձու» օպերացիայի նոր մանրամասները Ձվի շուկայում նոր մոնոպոլիստ ծնվեց. «X գրուպի» նախագահ, հայտնի գործարար Խաչատուր Խաչատրյանը, որին պատկանող Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան հուլիսի 19-ին 21 մլն դոլարով երեք թռչնաբուծարան գնեց` «Լուսակերտ» ՍՊԸ-ն, «Շիրակ» ՍՊԸ-ն ու «Գնդեվազի թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն: Հենց նույն օրն այս ձեռնարկությունների նոր տերը հրահանգեց բարձրացնել ձվի գինը, եւ արդեն երեկ ԵԹՖ-ի, «Լուսակերտի» եւ մյուս խոշորների ձվերը Երեւանի խանութներում վաճառվում էին 30-40 դրամով: Սա ապացուցում է, որ նախկին գինը` 10-22 դրամ, արհեստական էր, եւ ԵԹՖ-ն այն սահմանել էր շուկան գրավելու համար: Բայանդուր գյուղի մոտ գտնվող «Շիրակ» թռչնաբուծարանը, որը խորհրդային լավագույն տնտեսություններից էր, վաճառվել է 7,5 մլն դոլարով: Դրա նախկին տերը` ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանը, մեկ տարի առաջ կառավարությունից աջակցություն ստացող տեղական արտադրողներից էր, որոնց ցուցակը մեր բլոգեր եւ հրապարակայնության կողմնակից վարչապետը գաղտնի է պահում եւ կառավարության կայքէջում խուսափում է հրապարակել: Գուլոյանը մոտ 2 մլն դոլարի հակաճգնաժամային աջակցություն է ստացել պետությունից, որը, սակայն, ըստ լավատեղյակ մարդկանց, ծառայեցրել է ոչ թե Բայանդուրի տնտեսության նախկին փառքի վերականգնմանը, այլ բենզալցակայանների բիզնեսի բարգավաճմանը Շիրակի մարզում: Շահութաբեր փնթիություն «Աշխատավարձերի եւ սոցիալական վճարների գծով պարտքերի կուտակումը համայնքների թափթփված աշխատանքի արդյունք է»,- հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: «ՉԻ» - Տեղեկացնենք, որ այսօրվա գծով միայն աշխատավարձի մասով կուտակված պարտքերը կազմում են մոտ 500 մլն դրամ: Փաստորեն, ինչ-որ մարդիկ «թափթփված են աշխատել» եւ այդքան գումար չեն վճարել: Երեւի մոռացել են կամ սափրված չեն եղել: Հետո ի՞նչ, որ չար լեզուները պնդում են, թե իբր «ոլորտի պատասխանատուները» պարզապես մի քանի ամսով շրջանառության մեջ են դնում այդ գումարները եւ կարգին շահույթ ստանում: Մենք, իհարկե, նման խոսակցություններին չենք հավատում: Փնթիությունն ամենահարմար տարբերակն է: Կարեւորն այն է, որ, ըստ պարոն Տերտերյանի` «պարտքերի մարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»: Հետաքրքիր է` ի՞նչ կա «աշխատելու». պետք է պարզապես փոխանցել գումարները, ու վերջ: Թե՞ կառավարությունում էլ են գերադասում թափթփվել: Դեռ հստակ չէ, թե «Ա1+»-ը որ մրցույթներին կմասնակցի ՀՌԱՀ-ը երեկ հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթների վերաբերյալ իր հայտարարությունը: «Առավոտի» հարցին, թե հատկապես ո՞ր մրցույթին է մասնակցելու «Ա1+»-ը, ընկերության գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը պատասխանեց, որ վերջնական որոշում կկայացնեն, երբ կհրապարակվեն նաեւ մյուս 7 մրցույթների վերաբերյալ հայտարարությունները, որոնց վերաբերյալ որոշում ՀՌԱՀ-ն ընդունելու է հանձնաժողովի հուլիսի 22-ի նիստում: Հարկադիր վայրէջք Կիրակի օրը Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց 10 րոպե անց հետ է շրջվել եւ հարկադրաբար վայրէջք իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ուղեւորները պատմում են, որ երբ ինքնաթիռը բարձրանալիս է եղել, ուժեղ վիբրացիա է զգացվել, եւ ամբողջ ինքնաթիռը մի պահ թափահարվել է, ինչի հետեւանքով ինքնաթիռի մեջ մեծ խուճապ է առաջացել: Բարեբախտաբար, օդաչուները կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել: Դեպքը տեղի է ունեցել «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող «Ա 320» ինքնաթիռի հետ: Պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչի աշխատանքը խափանվել է, քանի որ դրա մեջ թռչուն է ընկել: Ըստ «Աէրոֆլոտի» տնօրեն Վադիմ Կովալենկոյի` «Զվարթնոցում» թռչունների առկայությունն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է առաջացնում օդաչուների համար, եւ այժմ ընկերությունը պատրաստվում է դիմել «Զվարթնոցի» ղեկավարությանը եւ կոչ անել շտկել օդանավակայանում առկա խնդիրները: Այս տարվա ընթացքում «Աէրոֆլոտին» պատկանող Երեւան-Մոսկվա արդեն երկրորդ չվերթն է, որ խափանվում է «Զվարթնոցի» տարածքում ազատ ճախրող թռչունների պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter